Լրահոս

21.07.2012 20:24


Արցախի օրինակով

Արցախի օրինակով

Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունները համակողմանի ուղերձներ  են պարփակում: Կարծեք տարբեր մակարդակների վրա բոլոր հետեւողները, ընդհանուր առումով, համաձայն են այս ընտրությունների հետեւյալ բնութագրային բանաձեւին. «Ազատ, արդար, մրցակցային ընտրություններ»: Այստեղ կա անշուշտ ածանցյալ բանաձեւ ոմանց մոտ, որ իբրեւ տրամաբանություն համոզիչ կետ  է ներառում` այս բոլորով հանդերձ «ոչ արդար» ընտրություններ:

«Ոչ արդար» բնութագրումը  ունի ոչ հավասար հնարավորությունների օգտագործման տրամաբանությունը, այն առումով, որ գործող նախագահը իբրեւ թեկնածու կտիրապետի վարչական լծակներին, զինվորական եւ ուժային համակարգերին եւ բնականաբար ազդեցություն ունի այդ ոլորտների աշխատակիցներին եւ բանակայինների քվեներին կողմնորոշման վրա:

Միջազգային կազմակերպությունների դիտորդների բարձր գնահատականները Արցախի ընտրությունների մասին կարեւոր են ոչ միայն Արցախի ընտրական համակարգի թափանցիկությունը ընդգծելու համար: Անոնք, ըստ էության, կնպաստեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումի գործընթացին: Թափանցիկությունը, ժողովրդավարությունը, ազատությունը միջազգային ընտանիքի կողմից շատ հոլովված օրինաչափություններ են, որոնց ուղղությամբ գրեթե կատարյալ  ցուցադրություն կատարեց Արցախը` իր գործող իշխանություններով եւ հասարակությամբ:

Մրցակցային այն դիմագիծը, որ փորձվեց ցույց տալ այս ընտրություններին, եղավ նկատառելի: Այլընտրանքային ծրագիրների հրապարակումը, բայց մանավանդ անցնող նախագահական ընտրությունների հետ համեմատ հավաքված տոկոսային համեմատությունը նպաստեցին մրցակցային համապատկերի ձեւավորմանը: Լուռ ուղերձը այս բոլորին այն էր, որ Արցախը, ի տարբերություն Ադրբեջանին, ներքին ինքնորոշման, ժողովուրդի ազատ կամարտահայտության լիակատար համապատասխանելիությամբ կիրականացներ  իր պետականաշինարարության աշխատանքները:

Համապետական եւ համաժողովրդային գիտակցականության բարձր մի մակարդակ  ինքզինք կդրսեւորեր Արցախի բոլոր ընտրատեղամասերում՝ քաղաքակիրթ ու ժողովրդավար պետության մը համարժեք բոլոր ստորոգելիներով: Ի հակադրություն անշուշտ քարյուղի երկրում տիրող անազատության, միանձնյա կառավարման համակարգին, ընտանեկան բացարձակ իշխանության, այլընտրանքային ուժերի նկատմամբ կիրառված ճնշամիջոցների երեւույթներին եւ հակաժողովրդավար պետությունից ակնկալուած բոլոր գործառույթներին:

Համաարցախյան այս գիտակցությունը սակայն միայն արտաքին ճակատին կամ միջազգային հանրությանը չի վերաբերում: Թեեւ, համընդհանուր համոզում է, որ այս ընտրություններին նման կարգով, եղանակով ու էությամբ  կատարումը կարեւոր քայլ է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումի ուղեգիծին ուղղությամբ:

Ընտրություններին ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային էություն ապահովելը միայն Արցախի համար չէ, որ ռազմավարական եւ հեռանկարային նշանակություն ունի: Ընտրությունները Հայաստանի Հանրապետության համար եւս միեւնույն խորքայնությունը ունեն: Մեր երկրի համար խնդիրը երեւութական քաղաքակրթվածությունը պահելով ինքնավերարտադրողական համակարգի պահպանումով  չի ամփոփվում:

Ազատ ու արդար ընտրությունների կայացումը` Եւրոպայի հետ համարկումը իր առաջատար օրակարգի վերածած երկրի համար ավելի քան անհրաժեշտ է: Շրջափակված, ժողովրդագրական պատկերի սուր տագնապ դիմագրավող, ընկերային-տնտեսական ճգնաժամի հաղթահարման անմիջական հրամայականին առջեւ գտնվող մեր երկիրը արտաքին ճակատի վրա բազում մարտահրավերներ դիմագրավելու անհրաժեշտությունն է դիմակայում։ Կրկնակի իմաստ ունեն ուրեմն հասարակության կամքը հարազատորեն արտահայտող իշխանությունների ձեւավոմանը միտող աշխատանքները:

Եթե Արցախը իր առաջնային հիմնահարցին կարող է ծառայեցնել իր ներքին ընտրությունները, ապա Հայաստանի Հանրապետությունը եւս իր ներքին-արտաքին անմիջական մարտահրավերների հաղթահարման համար կարեւոր քայլ ունի առնելիք: Մեկնակետը` ժողովրդի կամքը դրսեւորելու ազատ, արդար, թափանցիկ ու հավասար մրցակցային հնարավորություններու հիման վրա համապատասխան միջավայր ստեղծելն է: Ոչ միայն գեղագիտական մակարդակով, այլ նաեւ ըստ էության: Արցախի օրինակով:

Շահան Գանտահարյան

«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը