Լրահոս

20.07.2012 11:40


Ռուբեն Բաբայան. «Ուզած նախագահ, եթե մնա առանց հակակշիռների, շատ շուտ կայլանդակվի»

Ռուբեն Բաբայան. «Ուզած նախագահ, եթե մնա առանց հակակշիռների, շատ շուտ կայլանդակվի»

Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը չի կարծում, որ այս օրերին տարբեր հարցերի շուրջը հասարակության որոշակի շրջանակի ընդվզման տակ ուրիշի խաղ կա։

–Ուրիշ բան է, որ տարբեր խմբեր կամ կուսակցություններ կարող են փորձել օգտագործել դա ի շահ իրենց։ Բայց անկեղծ ընդզվմանը չեմ կասկածում։ Եվ հետո, ես հավատացյալ մարդ եմ և կարծում եմ, որ Աստված ստեղծել է մարդուն ազատ, և ազատությունից պետք է կարողանալ օգտվել։ Երբ մենք փորձում ենք յուրաքանչյուր գործողություն բացատրել ինչ–ինչ խաղերով, մենք դրանով ի սկզբանե ստորագրում ենք, որ ազատ չենք՝ և՛ որպես անհատներ, և՛ որպես քաղաքացիներ, և՛ որպես ժողովուրդ, և՛ որպես պետություն։ 

Նա համոզված է, որ ընդվզումը շատ բնորոշ է մարդուն, քանի որ մարդն իր էությամբ արդար է։

–Այլ հարց է՝ կարողանո՞ւմ է արտահայտել իր ընդվզումը, չի՞ կարողանում, ինչո՞ւ չի արտահայտում, վա՞խն է, շա՞հն է պատճառը։ Բայց յուրաքանչյուր մարդ զգում է անարդարության աստիճանը։ Ուրիշ բան է, թե հետո ով ինչպես կուզենա դա օգտագործել։ Ես մեր քաղաքական գործիչների մասին այդքան բարձր կարծիքի չեմ՝ ինտելեկտուալ տեսակետից, որպեսզի կարծեմ, որ նրանք կարող են երկու–երեք քայլ առաջ մտածել։

Ռուբեն Բաբայանը հուսով է, որ մարդկանց ընդվզման այս ալիքը լավ տեղ կտանի, քանի որ մեծանում է մի սերունդ, որն այլևս չի ուզում նման պայմաններում ապրել։ Բայց նախագահական ընտրությունները դրա ավարտական փուլ համարել պետք չէ, որովհետև մեկին հանելով, մյուսին դնելով՝ հարց չի լուծվի.

–Համակա՛րգը պետք է փոխվի։ Ես գլոբալ փոփոխություն անհատների միջոցով չեմ տեսնում։ Վերջիվերջո կյանքը դասավորվում է այնպես, ինչպես մենք մեր ներսում ենք մտածում։ Երբ մենք փոխում ենք մեր ներսի մտածողությունն ու ըմբոստանում ենք ինչ–որ բանի հանդեպ, դա կոնկրետ այս կամ այն նախագահը չէ։ Ուզած նախագահ, եթե վաղը մնա առանց հակակշիռների, առանց վերահսկողության՝ և՛ հասարակության, և՛ որոշակի լծակներ ունեցող ընդդիմության կողմից, շատ շուտ կայլանդակվի։ Ամբողջ պատմությունը դա է ցույց տալիս։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը