Լրահոս

20.07.2012 11:31


Հայ արիականների համար առաջնային է Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ

Հայ արիականների համար առաջնային է Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ողջունում են Արցախի Հանրապետության նախագահի հերթական ընտրությունների անցկացումը եւ բոլոր 3 թեկնածուների մասնակցությունը, ովքեր իրենց առաջադրած ծրագրերում նախանշել էին Արցախի ու հայության շահերով գործելու դրույթներ:

Վստահ ենք, որ Արցախի նախագահի այսօրինակ կազմակերպված ընտրությունը կնպաստի ԼՂՀ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը: Ազատ եւ թափանցիկ ընտրությունները ապահովում են նաեւ պետության առաջընթաց զարգացումը եւ ներքաղաքական կայունությունը: Մինչ այս էլ Արցախի իշխանությունները կարողացել են հասնել բազմակողմանի հաջողությունների՝ ուրույն տեղ գրավելով տարածաշրջանում, ինչը զգալիորեն բարձրացրել է ԼՂՀ միջազգային վարկանիշը՝ չնայած դեռեւս միջազգայնորեն չճանաչված պետությանը կարգավիճակին:

Եվ բնական է, որ ԼՂՀ նախագահի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը, ինչը ամենեւին չի ստվերում մյուս թեկնածուների մասնակցությունը: Հուլիսի 19-ից Արցախի նոր նախագահը Բակո Սահակյանն է, ով ԼՂՀ ԿԸՀ տվյալներով ստացել է 47.085 (66,70%) ձայն, ընտրություններին մասնակցած բնակչության 73,42%-ից: ԼՂՀ-ում անցկացված ընտրություններն անցել են խաղաղ պայմաններում, մասնակցել է 72.833 ընտրող: Միջազգային դիտորդները զարմացած են, նրանց խոսքերով.   «Այստեղ ժողովուրդն ըստ պահանջի է ապրում` գոհ է եւ երջանիկ ու դա շատ հաճելի է»։ Արցախի փողոցներում նույնիսկ ոստիկանների չեն հանդիպել դիտորդները, իսկ ոստիկաններն էլ ընտրությունների անցկացման հետ կապված որեւէ լուրջ ահազանգ չեն ստացել:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը  շնորհավորում են արցախցիներին՝ ազատ եւ արդար կազմակերպված ընտրություններ անցկացնելու համար, իսկ նորընտիր նախագահ Բակո Սահակյանին հայտնում է իր աջակցությունը՝ ներարցախյան եւ համահայկական բոլոր հարցերում:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը  վստահ են, որ Արցախի նախագահն իր ժողովրդի հետ կշարունակի երկրորդ հայկական պետության անկախության միջազգային ճանաչմանն ուղղված պայքարը՝ չբացառելով նաեւ Հայաստանի հետ վերամիավորվելու ավելի քան 20-ամյա որոշման վերահաստատումը, ինչը հայ արիականների ու ազգայնականների համար ավելի առաջնային է:

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

Այս խորագրի վերջին նյութերը