Կարծիք

20.07.2012 11:24


Հասարակության հիմնական մտահոգությունները պտտվում են ոչ թե քաղաքական գործընթացների, այլ որևէ շոուի շուրջը...

Հասարակության հիմնական մտահոգությունները պտտվում են ոչ թե քաղաքական գործընթացների, այլ որևէ շոուի շուրջը...

Զարգացած երկրներում մարդիկ մեկի ոտնահարված իրավունքի, մեկի սպանության համար դուրս են գալիս փողոց, որովհետև կա հանրային կյանքի, հանրային օրգանիզմի զգացում, կա գիտակցում, որ ամեն մեկի անհատական պաշտպանվածությունը ընդհանուրի հավաքականության մեջ է, և այսօր պաշտպանելով մեկին` դու քեզ ես պաշտպանում այսօրվա և վաղվա համար: Այդպես են առաջ գնում հասարակությունները, այդպես են տեղի տալիս իշխանությունները և դառնում հասարակության կամքի ծառայողներ: Մեր հարգելի քաղաքացրների 95 տոկոսը, ինչ տեղի է ունենում երկրում, մի տեսակ կողքից է հետևում: Շատերին թվում է, թե տեղի ունեցածը իրենց չի վերաբերում, որ իրենք չունեն անելիք և չունեն պատասխանատվություն: Հասարակության հիմնական մտահոգությունները պտտվում են ոչ թե քաղաքական գործընթացների, այլ որևէ շոուի շուրջը, մի բնագավառի, որտեղ առանձնապես դերակատարություն չունեն ոչ նախագահի եւ ոչ էլ վարչապետի ինստիտուտները, որտեղ օլիգարխներ ու մենաշնորհներ չկան, որտեղ պատգամավորներ ու այլ տիպի քաղաքական գործիչներ նույնպես դերակատարություն չունեն` իրենց օրենսդրական գործունեության տեսանկյունից: Եթե ցանկանում ենք հայրենիքն ու պետությունը իմունային բարձր պաշտպանվածությամբ օրգանիզմ ունենանք, պետք է խոսել, քննարկել, չկոծկել, որ հայրենիքը եվս մի արատից ձերբազատվի, որ մյուս արատները հայրենիքում, պետության մեջ իրենց ազատ, տեր ու տիրակալ չզգան, որ վիրուսները հայրենիքի, պետության օրգանիզմում չերթևեկեն իրենց ուզած ձևով: Կան մարդիկ,որոնց համար կամ դժվար է պատկերացնել, կամ էլ պարզապես նրանք չեն ուզում պատկերացնել, որ հայրենիքի, պետության, դրա առանձին ոլորտների մասին կոնկրետ հասցեական, անվանական մտահոգություններ հայտնող հանրային խմբերն ու քաղաքացիները իրենցից, մեղմ ասած, քիչ չեն սիրում եւ մտածում հայրենիքի մասին: Ուժեղ են այն հայրենիքները, որոնք այդ ամենին զուգահեռ համալրվում եւ առաջնորդվում են փաստերի ու փաստարկների վրա հիմնված մտքով ու բանականությամբ: Դրա համար պետք է, որ կարծիքները հայրենիքում հիմնվեն փաստերի ու բանականության մտքի վրա, ոչ թե զգացումների: Շատ չերկարացնեմ` սա այն մեծագույն մոլորությունն է, որ մեզ հանգեցրել է այսօրվա վիճակին:Պարզապես մարդիկ պետք է ունենամ մի ընդհանուր արժեհամակարգ, որի պարագայում նրանք հնարավորություն կստանան զանազանել, թե ի՞նչն է զուտ անձնական, նեղ անձնական խնդիր, և ի՞նչն է անձնական դրսևորումով, բայց հանրային նշանակության հարց: Այդ դեպքում հասարակությունը կսկսի ավելի ադեկվատ լինել իրեն շրջապատող միջավայրին: Հետևաբար, Հայաստանում փոփոխության անկեղծ ցանկություն ունեցող քաղաքական ուժերի համար շատ կարևոր է ուշադրություն դարձնել այդ հանգամանքին, որ ձևավորվի հանրային արժեհամակարգը և քաղաքացիների ավելի ու ավելի մեծ շերտեր սկսեն զանազանել նեղ անձնականը հանրայինից, գիտակցել այն սահմանը, որտեղ իմ խնդիրը դառնում է բոլորինը: Դա պետք է լինի Հայաստանում քաղաքական պայքարի կարևորագույն ուղղություններից մեկը: Ոչ պակաս կարևորագույն, քան ասենք` իշխանափոխությանն ուղղված քայլերը:

Համոզված եմ հզոր շարժումը կլուծի մեր երկիրի զարգացման ուղին, դրա համար հարկավոր է` յուրաքանչյուրիս քաղաքացիական ակտիվությունը, սերն ու նվիրումը առ մեր հայրենիք, հավատը մեր ժողովրդի ստեղծագործ ներուժի նկատմամբ: Օր առաջ պետք է այս իշխանությունը հեռանա, որպեսզի նոր ուժը կարողանա տեղ տալ նոր համազգային ներուժի ապահովման, ծրագրերի մշակման և այն կյանքի կոչելուն:


Արտակ Հարությունյան, Ժողովրդական կուսակցության քաղ. Խորհրդի նախագահ

 

Այս խորագրի վերջին նյութերը