Լրահոս

19.07.2012 16:29


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ելույթով հանդես եկավ ԱՀՖ լիագումար նիստում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ելույթով  հանդես եկավ ԱՀՖ լիագումար նիստում

Հուլիսի 18-ին ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի լատվիական նախագահության հրավերով ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ  Աշոտ Հովակիմյանը ելույթով հանդես եկավ ԱՀՖ լիագումար նիստում:

ԱԳ փոխնախարարը ներկայացրեց ՀՀ մոտեցումները  ԵԱՀԿ տարածաշրջանի  անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ, անդրադարձավ նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ընթացող համագործակցությանը և այդ շրջանակներում ՀՀ զինված ուժերում ժողովրդավարական կառավարման ամրապնդմանն ուղղված ծրագրերին:

Փոխնախարար Հովակիմյանը հանգամանալից ներկայացվեց ՀՀ մոտեցումները ԼՂ հիմնահարցի կարգավորման մասին: Մասնավորապես, ընդգծվեց այն հանգամանքը, որ այդ մոտեցումները համահունչ են Մինսկի խմբի համանախագահ  երկրների ղեկավարների Լ’Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի և Լոս-Կաբոսի հայտարարություններին: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանի, ինչպես նաև Արցախի ու Ադրբեջանի միջև շփման գծի ողջ երկայնքով կազմակերպած սադրանքների ինտենսիվության աճին` կարևորվեց  դիպուկահարների հետքաշումը, ինչպես նաև հրադադարի խախտումները  հետաքննող մեխանիզմի ստեղծումը:

Ելույթներով հանդես եկան նաև ԵՄ, ՌԴ, ԱՄՆ եւ ԵԱՀԿ-ում նախագահող Իռլանդիայի պատվիրակությունները:

ԵՄ ներկայացուցիչը աջակցություն հայտնեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների  ջանքերին,  վերահաստատեց շփման գծում հնարավոր միջադեպերի ուսումնասիրման նպատակով մեխանիզմների իրագործման կարևորությունը, որը համաձայնեցվել է 2012թ. հունվարին Սոչիի գագաթաժողովի շրջանակներում ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև, ինչպես նաև ողջունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը: 

ԱՄՆ, ՌԴ և Իռլանդիայի պատվիրակությունները վերահաստատեցին ԼՂ հիմնախնդրի` բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման վերաբերյալ իրենց ավանդական դիրքորոշումը:  

Այս խորագրի վերջին նյութերը