Լրահոս

17.07.2012 16:52


Քաղաքակրթությունների հատում. ցուցահանդես՝ ՆԱՄ-ում

Քաղաքակրթությունների հատում. ցուցահանդես՝  ՆԱՄ-ում

«Ներկայացրել եմ հին Եգիպտոսի ու հին Հայաստանի քաղաքակրթությունների մասին պատմող դրվագներ, դրանց նմանությունները»,-ՆԱՄ-ում հուլիսի 26-ին կայացած իր աշխատանքների ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց Մարիամ Էրյանը:

Ցուցահանդեսի խորագիրն է «Քաղաքակրթությունների հատում»:

Այն ներկայացնում է հին Եգիպտոսի աստվածությունները, եգիպտական քաղաքակրթության պատմությունը, զուգահեռաբար ներկայացված է հին հայկական դիցաբանությունը, աստվածությունները. Ամոն Ռա, Իսիդա, Օսիրիս, Հաթհոր, Արամազդ, Անահիտ, Տիր, Վահագն….

Հեղինակը հին հայկական դիցերից սահուն անցում կատարելով ներկայացրել է նաեւ քրիստոնեության ժամանակահատվածը, պատկերապաշտությունը, դրանից բխող՝ մանրանկարչությունը:

Ընդհանուր առմամբ  ցուցասրահ մտնելիս միանգամից զգում ես եգիպտական նկարչության գույները,  փիրուզագույնի ու դարչնագույնի համադրությամբ ստեղծված եգիպտական աստվածների պատկերները կարծես պատմում են իրենց  երբեմնի փառքի ու մարդկանց՝ անդրշիրիմյան կյանքի պաշտամունքի մասին:

Հայկական  բաժինն ավելի պասիվ է:

Հեղինակն օգտագործել է տարատեսակ տեխնիկաներ՝ ստանալու համար իր մտքերի ընդհանուր պատկերը:

 Կատարողական իմաստով Մարիամն անշուշտ, ճանապարհ ունի անցնելու, սակայն տեղեկատվական եւ նյութի հարստության իմաստով ցուցահանդեսը լիովին արդարացված է:

ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարթունյանը Մարիամին ՆԱՄ խորհրդանշական նուռը նվիրեց՝ նշելով, որ ուրախ է ՆԱՄ ցուցասրահում քաղաքակրթությունների մասին պատմող այս հետաքրքիր ցուցահանդեսը տեսնել:

Ներկաները եւս տպավորված էին աշխատանքներով.  հետաքրքրական մտահղացումներով ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները այցելուին կարողանում են պատմել, աստվածները՝  պատկերների միջոցով ինչ-որ իմաստով հաղորդակցվել  ժամանակակից մարդու հետ՝ ստեղծելով քաղաքակրթությունների հատում ու բախում, քանի որ ստեղծված բոլոր աշխատանքներն ամեն դեպքում ժամանակակից մարդու պրիզմայով են ներկայացվում եւ ընկալվում:

Ցուցահանդեսն այցելուների համար բաց է մինչեւ հուլիսի 24-ը:

Մարիամ Մուղդուսյան

Նարեկացի արվեստի միություն

Այս խորագրի վերջին նյութերը