Կարծիք

18.01.2011 17:22


Որքան թույլ ենք, այնքան նրանք ուրախ են

Որքան թույլ ենք, այնքան նրանք ուրախ են

Ոչ այնքան տաղանդավոր մարդն էլ, որն առնվազն վերջին տասը տարին բնակվում է Հայաստանում, հասկանում է, որ վարչախումբը, այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը և նրա մերձավոր շրջապատը, ամենայն լրջությամբ պատրաստվում են 2012թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրություններին: Բնականաբար, նրանք պատրաստվում են իրենց հատուկ ոճով և եղանակներով: Միայն ամենավերջին միամիտն է հավատում, թե Սերժ Սարգսյանը և նրա թիմը կարող են հույսը դնել ժողովրդի աջակցության վրա: Բնականաբար, նրանք գործելու են իրենց հայտնի և սիրելի մեթոդներով: Նրանք ֆինանսական և վարչական բավական մեծ ռեսուրսների են տիրապետում, և ՀՀԿ-ի լեզուների' մասնավորապես Ռազմիկ Զոհրաբյանի և Գալուստ Սահակյանի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ ինչ-որ մութ անկյունում արդեն իսկ որոշում է կայացվել հերթական անգամ գցել հայ ժողովրդի տրամադրությունը և կեղծել ընտրությունների արդյունքները: Իհարկե, եթե ինչ-որ մեկն էլ որոշած լինի ընտրությունների արդյունքները կեղծել, ապա դա դեռ չի նշանակում, թե նրան դա կհաջողվի:

Ամեն ինչ կախված է հայ ժողովրդի հավաքական կամքից: Եթե հույսներս մեկը մյուսի վրա դնենք կամ ծուլանանք քարը քարի վրա դնելուց, ընտրակաշառքն ավելի վեր դասենք, քան մեր և մեր սերունդների ապագան, ապա ստիպված կլինենք առնվազն ևս հինգ տարի լսել կեղծ խոստումներ, ցինիկ հայտարարություններ: Մի խոսքով, եթե նստենք թախտին ու սպասենք բախտին և կուլ գնանք վարչախմբի խաղերին, ապա հերթական անգամ կմնանք կոտրած տաշտակի առջև նստած:

Իր գործը հեշտացնելու համար վարչախումբը հնարավոր բոլոր ձևերով աշխատում է պառակտել ընդդիմությանը՝ պարբերաբար խոսակցության նյութ դարձնելով իսկական ընդդիմության մասին խոսակցությունները: Ոմանք էլ ընկնում են թակարդը և սկսում ապացուցել, որ հենց իրենք են իսկական ընդդիմությունը, իսկ մյուսները կեղծ են, որ իրենք են այն ուժը, որը կարող է տապալել վարչախմբին: Այս վեճերի հետևանքով ընդդիմադիր ուժերի միջև անիմաստ բանավեճ է սկսվում, որից շահում է բացառապես իշխանությունը: Ավելին, այս բանավեճը ծառայում է նաև մեկ այլ  նպատակի' կանխել առողջ ուժերի միավորումը:

Սերժ Սարգսյանը և նրա մերձավոր շրջապատը քաջ գիտակցում են՝ իրենց համար ամենավտանգավորն այն կլինի, որ միավորվել և կազմակերվել կարողանան առողջ ուժերը, որոնք ի զորու կլինեն թարմություն մտցնել քաղաքական դաշտում և ազդել քաղաքական գործընթացների վրա: Այսպիսով՝ նրանք, ովքեր կսկսեն վարչախմբին քննադատելու փոխարեն կենտրոնանալ այս կամ այն ընդդիմադիր ուժի վրա, պարզապես կկատարեն վարչախմբի կամքը: Ավելին՝ նրանք, ովքեր վարչախմբի բացթողումները և կոպիտ սխալները մատնացույց անելու փոխարեն կսկսեն կենտրոնանալ ընդդիմադիր նոր ուժի ձևավորման վրա՝ հին սովետական հայտնի մուլտֆիլմի հերոսների նման հայտարարելով, թե իրականը միայն իրենք են, ապա կամա թե ակամա մեծագույն ուրախություն կպատճառեն Սերժ Սարգսյանին:

Իսկ Սերժ Սարգսյանը և նրա մերձավորները հեռահար ծրագրեր են կազմում: Այնպես որ, եթե ընդդիմությունն այնքան թույլ գտնվի, որ սկսի ինքն իր դեմ պայքարել, ապա իշխանություններին կմնա հաջողությամբ իրականացնել իր մշակած ծրագիրը: Ինչ վերաբերում է այդ ծրագրին, ապա արդեն իսկ նկատելի է, որ վարչախումբը ցանկանում է իրականացնել «մեկ ազգ, մեկ օլիգարխ» ծրագիրը: Բացի այդ, մի փոքր ուշադիր հետևելով տեղի ունեցող գործընթացներին՝ նկատելի է, որ արդեն իսկ նախապատրաստվում է «նախագահ-2018» ծրագիրը: Մամուլի որոշ միջոցներով փորձ է արվում շոշափել ժողովրդի և քաղաքական շրջանակների տրամադրությունները: Մասնավորապես, իշխանության մեջ հայտնվել է մի երիտասարդ,  ով ժամանակավոր հաջողություններով ոգևորված՝ արդեն իսկ փորձում է աշխատել ժողովրդի հոգեբանության վրա և բազմաչարչար հայ ժողովրդին ներշնչել, թե հենց ինքն է այն մարդը, որը պետք է գահը ժառանգի Սերժ Սարգսյանից: Նման երևույթը բնորոշ է ցածրակարգ, հետամնաց երկրներին: Նույն պատկերն է Ադրբեջանում, Թուրքմենստանում, Ղազախստանում: Այսպիսով, մենք պետք է հենց այս պահին որոշենք' ուզո՞ւմ ենք ապրել մի երկրում, որտեղ լինելու է մի օլիգարխ, իսկ իշխանությունն էլ ժողովրդին չի պատկանելու:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը