Կարծիք

16.07.2012 20:36


Ֆեյսբուքյան ֆենոմենի հայկական տարբերակը

Ֆեյսբուքյան ֆենոմենի հայկական տարբերակը

Դիմագիրքը՝ Ֆեյսբուք կոչված այս նոր երևույթը, շփման մի լայն դաշտի է վերածվել արդեն, և թե ի՞նչ նպատակների համար կծառայի այսուհետ, լոկ մեզանից է կախված:

Կա՛մ փորձելու ենք հասկանալ մեկս մյուսին, կա՛մ շարունակելու ենք չարախոսել սրա-նրա հասցեին, և ստատուսներն իբրև անիմաստ ժամանցի ձև` նույն ոգով ստույգ մարդկանց խայթելու գործով ենք զբաղվելու:
Բավականին հետաքրքիր մտքեր և առաջարկություններ է (ընթացիկ օրվա ժապավենի մեջ) իր հետ բերում Դիմագիրքը, որոնք այդպես էլ չեն արժանանում ուշադրությանը:
Վահե Ավետյանի հիշատակին կազմակերպված մոմավառության երթի նշանակությունը նսեմացնելու նպատակով, օրինակ, հանկարծակիորեն Գարեգին Չուգասզյանին ևՏիգրան Խզմալյանին են սկսում գրոհել, որպեսզի հերթական ծեծի պատասխանատվությունը, ոչ ավել, ոչ պակաս, բարձեն... հենց այդ մարդկանց ուսերին, որոնք նույն երևույթի դեմն էին դուրս եկել:
Հնարավոր հարց-հարցականները նախօրոք կռահելով՝ ասեմ միանգամից, պարզաբանումներ մտցնելու ցանկությամբ, որ անձնապես բարեկամ չեմ ո՛չ առաջինի և ո՛չ էլ երկրորդի հետ:
Ուզում եմ, պարզապես, փոխանցել այն, ինչն իմ կարծիքով ակնհայտ մի ճշմարտություն է:

Ճշմարտություն է այս պարագայում նաև Շուշան Պետրոսյանին ու նրա ամուսնուն վերաբերվող քննարկումների անիմաստությունը: Նպատակադրված չէ՞ արդյոք Վահեի դեպքից հանրության ուշադրությունը երկրորդական ու հարյուրերորդական թեմաների վրա շեղելը: Քանզի իմ ու ձեզ համար, անձամբ, չեն կարող որպես կարևոր հարց դիտվել ցանկացած կարգի հայտարարությունները, որոնք տվյալ դեպքում առանձին անձանց փիառի վրա են աշխատում և ոչ երբեք մեծամասնությանը հետաքրքրող խնդիրների: Զարմանալին այն է, ի դեպ, որ Դիմագրքում են հենց մեկնաբանվում ակտիվորեն անհեթեթությունների հասնող տարատեսակ նոթագրությունները: Մինչդեռ ճիշտ վերաբերմունք ցուցաբերելու ժամանակ, Ֆեյսբուք կոչված բավականին ընդարձակ այս տարածքը, կարելի և պե՛տք է, ըստ հարկի որպես ընձեռնված հրաշալի մի հնարավորություն ընդունել, պայմանով, որ յուրաքանչյուրս ընկալի վերջապես, թե այդտեղ բավականին մեծ մի լսարան ունի` տարբեր տարիքի, սեռի, զբաղմունքի և համոզմունքների տեր մարդկանց, որոնք կարող են քննարկել լոկ այն, ինչ ամենքս ենք մատուցում նրան: Եվ երբ ստատուսները գրելու պահին նկատի առնվեն այս հանգամանքներն ու նրբանկատությունները, և միտքը տեղ հասցնելու հարմար եղանակը գտնվի, արդյունքը, ապա, շատ ավելին կլինի, քան կարող ենք պատկերացնել:     

 Արթուր Ղուկասյան, Իսպանիայի Լրագրողների միությունների ֆեդերացիայի անդամ 

Այս խորագրի վերջին նյութերը