Լրահոս

14.07.2012 11:42


Արձագանքելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության անբավարար պարզաբանմանը

Արձագանքելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության անբավարար պարզաբանմանը

Սևանի մասին օրենսդրական փոփոխության ընդունման ընթացքում թույլ տրված ընթացակարգային խախտման մասին Պաշտպանի հայտարարությանն ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը տարածել էր պարզաբանում, որն ըստ էության չէր հերքում օրենքի պահանջների խախտման փաստը և չէր արտացոլում իրերի իրական վիճակը:

Այսպես, իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 27 հոդվածի 4-րդ մասի համաձայն նախագիծ մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ազդեցության գնահատողներին ներկայացնելու հետ մեկտեղ կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց նպատակը նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա նորմատիվ իրավական ակտի նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը: ՀՀ կառավարության 2010թ. մարտի 25-ի թիվ 296-Ն որոշման համաձայն նախագիծը մշակող մարմինն իր ինտերնետային կայքում պետք է հրապարակի հանրային քննարկումների հրավեր, որը պետք է պարունակի քննարկումների իրականացման տեսակի, վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի, ինչպես նաև հանրային քննարկմանը մասնակցելու համար շահագրգիռ անձանց կողմից ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետի  մասին տեղեկություններ: Այսպիսով, մինչև համանման նախագիծը ԱԺ ներկայացնելը դրա շուրջ հանրային քննարկումների կազմակերպումը օրենսդրական պահանջ է և նման քննարկման ողջ ընթացակարգը մանրամասն ամրագրված է օրենսդրությամբ:

Նույնիսկ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից տարածված հայտարարությունից պարզ է դառնում, որ հիշյալ օրինագիծը մինչ ԱԺ ներկայացնելը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք, այսինքն՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հնարավորություն չեն ունեցել մասնակցել այդ գործընթացին, և նախագիծը մշակող պետական մարմինը սահմանափակվել է նախագիծը միայն ԳԱԱ Սեւանա լճի պահպանության  փորձագիտական հանձնաժողովում և ՀՀ նախագահին կից Սեւանի հարցերով հանձնաժողովում քննարկելով, ինչը չի արտացոլում հանրային քննարկումների օրենքով սահմանված նպատակները և չի համապատասխանում դրանք անցկացնելու օրենքով սահմանված կարգին (ՀՀ կառավարության 2010թ. մարտի 25-ի թիվ 296-Ն որոշում):

Ավելին, Պաշտպանի գրասենյակում տեղի ունեցած քննարկմանը մասնակցող բնապահպանական ամենաակտիվ շուրջ տասը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պնդմամբ նույնիսկ արդեն Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղի ունեցած քննարկմանը իրենք ներկա չեն եղել և որևէ կերպ հնարավորություն չեն ունեցել արտահայտել իրենց դիրքորոշումը:

Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը