Լրահոս

14.07.2012 18:14


Հեղինակային իրավունքների պաշտպանության նոր գործիք

Հեղինակային իրավունքների պաշտպանության նոր գործիք

Հեղինակային իրավունքների խախտման երևույթն այսօր իսկական պատուհաս է դարձել աշխարհի գրեթե բոլոր ստեղծագործող մարդկանց համար: Կիրառվում են տարբեր միջոցներ դրանք կանխելու համար, սակայն, աշխարհում ներկայիս տեխնոհամացանցային զարգացման փուլում դրանք հիմնականում ապարդյուն են: Թերևս գաղտնիք չէ, որ մեր արվեստագետները և առհասարակ ստեղծագործող անձինք` հեղինակները ևս կանգնած են նման լուրջ խնդրի առջև, բայց ինչպես երևում է, անկախ երևույթի վերաբերյալ տարբեր քննարկումների, խնդրին համապատասխան լուծում այդպես էլ չի տրվում: Բայց վերջերս, համացանցում լայնորեն սկսվեց քննարկվել մի նախաձեռնություն, որը պետք է առնվազն երգարվեստի ոլորտում սայլը տեղից շարժեր: Ամեն ինչ կարծես մի փոքր վերացական էր թվում մինչև, որ գաղափարը չառարկայնացավ և չտեղափոխվեց հեռուստատեսություն:

Խոսքն «Իդե Ժենի» ՍՊԸ-ի կողմից ստեղծված Muzon.am կայքի մասին է, որտեղ ներառված են հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների գրեթե բոլոր ստեղծագործությունների լիցենզիոն տարբերակները, որոնք հնարավոր է ներբեռնել միանգամայն անվճար: Գաղափարը որպես այդպիսին շատ հետաքրքիր է և ներբեռնողի համար ձեռնտու, բայց թե ինչպես է այստեղ վարձատրվում կոնկրետ կատարողը, հեղինակը կամ իրավատերը, մեզ համար մի քիչ անհասկանալի էր, և մենք փորձեցինք կապվել նախաձեռնող-կազմակերպիչների հետ: «Իդե Ժենի» ՍՊԸ-ի տնօրեն Պարույր Հարությունյանի հետ զրույցի ընթացքում ստացանք մեզ  հուզող հարցերի բոլոր պատասխանները:

Ընկերության տնօրենի հավաստմամբ, տվյալ կայքը հանդիսանում է նոր համակարգի ստեղծման համար մի հարթակ, որը միտված կլինի առաջին հերթին,  պաշտպանել մեր երգարվեստի ստեղծագործողների հեղինակային իրավունքները: Իրականում, նա շատ պարզ և հստակ ներկայացրեց, թե ինչպես է ձևավորվում տվյալ փոխշահավետ համագործակցությունը.  ներբեռնումները լինում են անվճար ներբեռնողների համար, բայց յուրաքանչյուր ներբեռնման համար երգարվեստի ստեղծագործողները ստանում են վարձավճար. ցանկացած ներբեռնումից առաջ այցելուն պետք է դիտի մի քանի վայրկյանանոց  գովազդ, որպեսզի հնարավոր լինի գովազդատուից գանձված գումարից փոխհատուցել  ստեղծագործության իրավատերերին: Ինչ վերաբերում է կատարողներին և իրավատերերին՝ ծրագրի վերաբերյալ իրենց տրամադրվածությանը, մեզ տեղեկացրին, որ նրանց գերակշռող մեծամասնությունն արդեն իսկ համագործակցում է ընկերության հետ:

Գևորգ Թոսունյան

Այս խորագրի վերջին նյութերը