Լրահոս

13.07.2012 18:20


Վրացական բոլոր հեռուստաալիքները եթեր դուրս կգան նախընտրական արշավի ժամանակ

Վրացական բոլոր հեռուստաալիքները եթեր դուրս կգան նախընտրական արշավի ժամանակ

Ընդդիմության եւ հասարակական կազմակերպությունների ճնշմանը տեղի տալով`Վրաստանի իշխանությունները համաձայնվեցին հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական նախընտրական քարոզարշավի ընթացքում ստիպել մալուխային օպերատորներին հեռարձակել բոլոր պետական լրատվական ալիքները, այդ թվում`գործող վարչակարգի քննադատությամբ հանդես եկողներին:

Անցյալ շաբաթ Վրաստանի խորհրդարանը հաստատեց ընտրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը պարտավորեցնում է լրատվական ընկերություններին խորհրդարանական ընտրություններին նախորդող 60 օրվա ընթացքում եթեր տրամադրել երկրի տարածքում գործող յուրաքանչյուր հեռուստաալիքի:    

Օրենքը փոփոխվեց ի պատասխան այն բողոքների, որ մալուխային հեռուստատեսության օպերատորները եթեր են տրամադրում միայն իշխանությունների բարեհաճությունը վայելող հեռուստաալիքներին: Ընդդիմադիր կուսակցությունները վաղուց են մեղադրում կառավարական պաշտոնյաներին միայն իշխանամետ հեռուստաընկերություններին հեռարձակման հնարավորության տալու համար:

Կառավարությունը եւ իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն ի սկզբանե դեմ էին այս օրինագծի մշակմանը`պնդելով, որ ԶԼՄ-ների դաշտն արդեն իսկ բազմազանության կարիք չուներ, եւ սխալ կլիներ, որպեսզի պետությունը միջամտեր մասնավոր ընկերությունների գործունեությանը:

Հաստատված օրինագծի համաձայն`մալուխային օպերատորները պետք է հեռարձակեն բոլոր այն պետական եւ արտոնագրված արբանյակային հեռուստաալիքները, ինչպես նաեւ բոլոր այն ալիքները, որոնք դիտում է բնակչության 1/5-րդից ավելին: Իսկ շրջանային հեռուստաալիքները պետք է հեռարձակվեն մալուխային օպերատորների կողմից միայն տեղական մակարդակով:  

Օրենսդրությունը պետք է խորհրդարանական ընտրությունների նախօրեին բոլորին հնարավորություն տա հավասարապես օգտվել գոյություն ունեցող տեղեկատվական աղբյուրներից:

Օրենսդրական փոփոխության շնորհիվ`բնակչությունն այսուհետ կկարողանա դիտել «Իններորդ ալիք»-ը, որը պատկանում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլուն. նրա ղեկավարած «Վրացական երազանք» ընդդիմադիր կուսակցությունն այս խորհրդարանական ընտրություններին կարող է լուրջ մրցակից լինել այլ քաղաքական ուժերի համար:

«Իններորդ ալիքը» իր հեռարձակումը սկսել է 2 ամիս առաջ եւ ներկայում այն հնարավորություն ունեն դիտել միայն Իվանիշվիլու եղբորը մասամբ պատկանող «Global TV» մալուխային օպերատորի բաժանորդները: 

Հունիսին «Global TV»-ն խնդիրներ ունեցավ իշխանությունների հետ, ինչի արդյունքում ընկերությանը պատկանող 300 հազար արբանյակային ալեհավաքները բռնագրավվեցին: Գլխավոր դատախազության աշխատակիցների հավաստմամբ`ալեհավաքներն առգրավվել են ընտրակաշառք բաժանելու կասկածանքով սկսված նախաքննության շրջանակներում, քանի որ անվճար արբանյակային ալեհավաքներ բաժանելը կարող է որպես քվեարկողներին ապօրինի կերպով խրախուսելու մեթոդ դիտվել:

«Վրացական երազանք» կուսակցությունը վիճարկել է դեպքը`մեղադրելով իշխող օղակներից «Global TV»-ն ռեսուրսներից զրկելու միջոցով «տեղեկատվական վակուում» ստեղծելու մեջ:  

«Իններորդ ալիքը» բոլոր այլ հեռուստաընկերություններից առավել շատ է լուսաբանում «Վրացական երազանք»-ի գործունեությունը եւ հանդես է գալիս գործող վարչակարգի քննադատությամբ: Այլ ընդդիմադիր հեռուստաալիքներից են «Kavkasia» եւ «Maestro» հեռուստաընկերությունները, որոնք հեռարձակվում են միայն մայրաքաղաք Թբիլիսիի սահմաններում:

2011 թվականի ավարտի դրությամբ, Վրաստանում ավելի քան 170 հազար ընտանիքներ մալուխային հեռուստատեսության բաժանորդներ էին, ինչը նշանակում է, որ փոփոխված օրենսդրությունը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ 5 միլիոնի հասնող բնակչության վրա:  

Փորձագետների կարծիքով, փոփոխված օրենքի ամենամեծ ազդեցությունը կարելի է ակնկալել երկրի շրջաններում, որտեղ նախկինում միայն իշխանամետ հեռուստաալիքներն են հեռարձակվել: 

«Սա բնակչության մեծ մասին հնարավորություն կտա դիտել պակաս հայտնի հեռուստաալիքներ, որոնք խիստ քննադատական դիրքորոշում ունեն իշխանությունների նկատմամբ, ինչպես նաեւ հավասարակշռության բերել պետական հեռուստաալիքների տրամադրած տեղեկատվությունը», - ասում է «Transparency International» կազմակերպության վրաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մաթիաս Հութերը:

Ընդդիմության ներկայացուցիչները նշում են, որ հեռարձակման նոր կանոններն այնքան էլ հեռահար նպատակներ չուներ, քանի որ բոլոր հեռուստաալիքներին եթեր տրամադրելու պահանջը գործում է մինչեւ քվեարկության օրը, հետեւաբար, ընտրողները կկարողանան հետեւել քարոզարշավի ընթացքին, սակայն կզրկվեն քվեարկության արդյունքների եւ հետագա իրադարձությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն ստանալու հնարավորությունից:   

«Երբ քվեարկության օրը հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցվի, բնակչության շրջանում դժգոհություն կառաջանա եւ իրադրությունն ավելի կսրվի», - ասում է ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեւան Վեփխվաձեն:

«Սա վերաբերում է քեզ» նախաձեռնության ներկայացուցիչները, որոնք աջակցում էին օրինագծի ընդունմանը, այն կարծիքին են, որ նոր կանոնները պետք է ուժի մեջ մնային մինչեւ քվեարկության վերջնական արդյունքների հրապարակումը:

Իշխանությունները համաձայնություն չտվեցին`հայտարարելով, որ հեռարձակման վերաբերյալ կանոնները մշակվել են մասնավորապես կուսակցությունների նախընտրական քարոզարշավի ընթացքին աջակցելու համար, ոչ թե այլ նպատակներով:  

«Օրենքը… մեծ քայլ է, որը թույլ կտա մեր բնակչությանը ավելի շատ տեղեկատվություն ստանալ եւ հնարավորություն կտա այլընտրանքային տեսակետներ լսել», - ասում է Վրաստանի խորհրդարանի խոսնակ եւ նախագահ Սահակաշվիլու ղեկավարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Դավիթ Բաքրաձեն:  

Նանա Կուրաշվիլի

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի “Կովկասյան լրատու” պարբերականից 

Այս խորագրի վերջին նյութերը