Լրահոս

13.07.2012 17:18


Քաղաքապետն ու «Օրանժ Արմենիա» ՓԲԸ -ի ղեկավարությունը քննարկել են համագործակցության ծրագրեր

Քաղաքապետն ու «Օրանժ Արմենիա» ՓԲԸ -ի ղեկավարությունը քննարկել են համագործակցության ծրագրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հետ:

Կարևորելով քաղաքային տնտեսության մեջ կառավարման տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող բարեփոխումները` քաղաքապետը հատկանշել է  քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունը:

«Մասնավորի հետ համագործակցության շրջանակներում արդեն իսկ  ունենք հաջողված ծրագրեր։ Ողջունելի է փաստը, երբ առաջին անգամ քաղաքային տրանսպորտում Երևանի քաղաքապետարանի և «Օրանժ Արմենիա» ընկերության համատեղ պիլոտային ծրագրով տեղադրվեցին անվճար Wi-Fi համակարգեր»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ծրագիրը շարունակելու և ընդլայնելու նպատակով` քաղաքապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքային տրանսպորտում ներկայում տեղադրված  91 համակարգերի թիվը մինչև տարեվերջ հասցնել 255-ի:

Բրունո Դյութուան շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին համագործակցության համար և նշել, որ ընկերությունը հետագայում ևս ակնկալում է  քաղաքապետարանի աջակցությամբ նոր համատեղ ծրագրեր կյանքի կոչել:

«Մենք բարձր ենք գնահատում Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը, որի շրջանակում բազմաթիվ ծրագրեր ու հանրային միջոցառումներ ենք իրականացրել: Հետաքրքրված ենք նաև Ձեր նախաձեռնությամբ` այգիներում, պուրակներում և հանրային այլ վայրերում Wi-Fi համակարգերի տեղադրմամբ, ինչպես նաև պատրաստ ենք մասնակցելու քաղաքային այլ ծրագրերում»,-նշել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենը:

Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել պատրաստակամության համար և վստահեցրել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։ Քաղաքապետը նաև ընդգծել է Երևանում ներդրումային հետաքրքրություններ ունեցող տարբեր ոլորտներում ընկերության հետ փոխշահավետ համագործակցության հնարավորությունները և նշել, որ  քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ու բաց քննարկելու համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ առաջարկներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը