Լրահոս

13.07.2012 15:42


Քննարկվել են Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության հարցեր

Քննարկվել են Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարական հաստատությունների եւ կառավարման տնօրինության ղեկավար Ալֆոնսո Զարդիին:

Քննարկվեցին Հայաստան-ԵԽ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ եղավ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման ոլորտում գործակցությանը:

Փոխվարչապետը նշեց, որ առկա է փոխգործակցության լուրջ օրակարգ եւ վստահություն հայտնեց, որ "Եվրոպայի խորհուրդ-Հայաստան. 2012-2014թթ. գործողությունների ծրագրի" իրականացումը կնպաստի երկրում ժողովրդավարության ամրապնդմանը:

"Կառավարության համար տեղական ժողովրդավարության զարգացման խնդիրները գերակայություն են: Մի քանի ուղղությամբ փոփոխություններ են նախաձեռնվել, որոնք կարող են արդեն կիրառվել առաջիկա տարիների ընթացքում",-ասաց Ա. Գեւորգյանը: Անդրադառնալով այդ ուղղություններին` նա նշեց համայնքների խոշորացման խնդիրը, համայնքների կարողությունների հզորացումը, որի նպատակով արդեն բավականաչափ աշխատանք է իրականացվել եւ ԱԺ են ներկայացվել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Որպես հաջորդ խոշոր ուղղություն նա առանձնացրերց տեղական ժողովրդավարության հիմքերի ամրապնդումը` հատկապես ավագանու ինստիտուտի կայացման եւ մասնակցության լայն հնարավորությունների ապահովման միջոցով: Այս համատեքստում մշակվել է օրինագիծ, որը կոչված է ապահովելու Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ` Ուտրեխտի արձանագրության կիրառությունը:

Ա. Գեւորգյանը նշեց, որ ուշադրության կենտրոնում են նաեւ տարածքային մակարդակով ժողովրդավարության նոր հնարավորությունների եւ մեխանիզմների ներդրման հարցերը: Կառավարության վերջին տարիների գերակայություններից է տարածքների համաչափ զարգացման հիմախնդիրը, որի լուծման ուղղությամբ եւս մեծ անելիքներ կան:

Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման համար փոխվարչապետն անխուսափելի համարեց բարեփոխումների իրականացումը եւ շնորհակալություն հայտնեց եվրոպացի գործընկերներին աջակցության համար:

Ալֆոնսո Զարդին գոհունակություն հայտնեց, որ տեղական բարեխումները գտնվում է թե կառավարության, թե Ազգային ժողովի առաջնահերթությունների շարքում:
Նա նշեց, որ ԵԽ-ն համակարծիք է բարեփոխումների ուղղությունների հետ եւ կիսում է այդ հարցում Հայաստանի իշխանությունների մոտեցումները:
"Եվրոպայի խորհուրդ-Հայաստան. 2012-2014թթ. գործողությունների ծրագիրը ներառում է նաեւ ՏԻ վերաբերյալ բաժին, եւ մենք պատրաստակամ ենք օժանդակելու այդ բարեփոխումներին",-վստահեցրեց նա:

Կողմերը քննարկեցին նաեւ Գործողությունների ծրագրի իրագործմանն ուղղված համատեղ աշխատանքներին առնչվող հարցեր: Արձանագրվեց, որ առաջիկա շաբաթների ընթացքում կհստակեցվեն այն կոնկրետ քայլերը, որոնք պետք է ապահովեն ծրագրի կատարումը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը