Լրահոս

12.07.2012 17:43


Անդրադարձել են Հայաստանում կայացած խորհրդարանական և առաջիկա նախագահական ընտրություններին

Անդրադարձել են Հայաստանում կայացած խորհրդարանական և առաջիկա նախագահական ընտրություններին

Հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով  պարոն Զանիերի այցը Հայաստան` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մեր երկիրը կարեւորում է  համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՀՀ ԱԺ-ԵԱՀԿ արդյունավետ համագործակցությունը տարբեր ձեւաչափերով եւ կարեւորեց ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում:

Զրուցակիցները անդրադարձան Հայաստանում կայացած խորհրդարանական եւ առաջիկա նախագահական ընտրություններին: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դրական գնահատեց  խորհրդարանական ընտրությունները` նշելով, որ դրանք արժանացել են միջազգային դիտորդների դրական գնահատականին եւ առաջարկեց ԵԱՀԿ խորհրդատվական օժանդակությունը առաջիկա նախագահական ընտրություններում: Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ իշխանություններին կհաջողվի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ անցկացնել եւ նշեց, որ  մեր երկիրը ակնկալում է միջազգային գործընկերների, այդ թվում նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ գործուն համագործակցություն, ինչպես նաեւ նրանց օժանդակությունը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունները եւ գործընթացները առավել ամրապնդելու գործում:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շեշտեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների արդյունքում եւ իր աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը : Նա խիստ մտահոգություն հայտնեց շփման գծում միջադեպերի կապակցությամբ եւ անհրաժեշտ համարեց դիպուկահարների հետ քաշումը շփման գծից` անթույլատրելի համարելով  ուժի կիրառումը եւ խաղաղ բնակչության նկատմամբ ոտնձգությունները:  ԱԺ նախագահը շեշտեց, որ  Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ: Նրա խոսքով` մեր երկիրը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ կարեւորում է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Կողմերը հակամարտությունների կարգավորման խնդրում կարեւոր դեր վերապահեցին խորհրդարանական դիվանագիտությանը:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

Այս խորագրի վերջին նյութերը