Լրահոս

12.07.2012 17:12


Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալին

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալին

Հուլիսի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԵԽ Գլխավոր քարտուղարի նորընտիր տեղակալ, ԵԽ Ծրագրերի գլխավոր տնօրեն Գաբրիելա Բատաինի-Դրագոնիին:

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց տիկին Բատաինի-Դրագոնին ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալ ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ նա իր գործունեությամբ կնպաստի ԵԽ քարտուղարության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և կազմակերպության բարեփոխումների սահուն ընթացքին:

      Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում ընթացող ժողովրդական բարեփոխումների շուրջ: Այդ առումով ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծեց, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է արձանագրվել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում, և Եվրոպայի Խորհուրդը շարունակելու է իր բազմակողմանի աջակցությունը այդ գործընթացում:

Էդվարդ Նալբանդյանն ու Գաբրիելա Բատաինի-Դրագոնին անդրադարձան հաջորդ տարի Եվրախորհրդում Հայաստանի նախագահությանն առնչվող մի շարք հարցերի: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստան – Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագիրը, դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումների գերակայությունները:

Նույն օրը տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. գործողությունների ծրագրի մեկնարկի համաժողովը, որը ելույթով բացեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

Տեղեկանք.     

2001թ. Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցությունից ի վեր Եվրոպայի Խորհուրդը հանդիսացել է մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության տարածման գործում Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը:

Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագիրն արտացոլում է Հայաստանի գերակայություններն ու միջազգային պարտավորությունները: Այն մշակվել է ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ:

Հաշվի առելով մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանն առնչվող հարցերում Եվրոպայի Խորհրդի փորձագիտական կարողություններն ու բազմամյա փորձը` Գործողությունների ծրագիրը կոչված է աջակցել իրականացնելու դատաիրավական եւ քրեակատարողական համակարգերում, կրթական, տեղական ժողովրդավարության եւ այլ ոլորտներում Հայաստանում նախատեսված բարեփոխումները:

Եռամյա ծրագրի ընդհանուր արժեքն է 15.760.300 եվրո: Խոշոր դոնոր է հանդիսանում Եվրոպական Միությունը: Ապահովված է 5.612.900 եվրոն, որից 160.000 եվրո` ԵԽ սովորական բյուջեից, 5.352.900 եվրո` Եվրոպական Միություն/Եվրոպայի Խորհուրդ համատեղ ծրագրերի բյուջեից եւ 100.000 եվրո` կամավոր հատկացումներից:

Այս խորագրի վերջին նյութերը