Լրահոս

12.07.2012 13:45


Արտաշես Գեղամյանը գովեց իրեն գոված Ռուբեն Հայրապետյանին

Արտաշես Գեղամյանը գովեց իրեն գոված Ռուբեն Հայրապետյանին

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը նույնանուն կուսակցության պատգամավոր և «Հարսնաքար»–ի դեպքից հետո մանդատից հրաժարված Ռուբեն Հայրապետյանի մասին ասել է.

Ռուբեն Հայրապետյանը շատ բարձր տղա է, շատ բարձր մարդկային հատկանիշներ ունեցող մարդ։ Հայրապետյանի վրա չորս կողմից հարձակումներ են գործում, հասել են նրան, որ գնացել են օջախի դիմաց պիկետ են անում: Աստված կտա, ամեն ինչ կպարզվի, կպարզվեն այդ ստորները, որոնք Հայաստանում գրանցում չունեն, և որոնք այս ամենը հրահրել են։ Ավաղ, ստորաբար փորձում են ենթարկել իրենց քաղաքական նպատակներին, և դարձրել են ողբերգությունը շահարկումների առարկա։ Ես համերաշխությունս եմ հայտնում Ռուբեն Հայրապետյանին, ինչպես նաև ցավակցությունս` Վահե Ավետյանի ընտանիքին:

Հիշեցնենք, որ 2012թ. մարտի 15–ին հրավիրված ասուլիսում էլ պատասխանելով Վիկտոր Դալլաքյանի և Արտաշես Գեղամյանի՝ ՀՀԿ–ի շարքերն անդամագրվելու վերաբերյալ «7օր»–ի հարցին՝ հատկապես հաշվի առնելով, որ նրանք Սերժ Սարգսյանի հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են ներկայացրել, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել էր.

–Ուրախ եմ, որ նման տրամաչափի գործիչներ հայտնվում են ՀՀԿ–ի ցուցակում։ Նրանց համարում եմ հայրենասեր մարդիկ։

Ռուբեն Հայրապետյանն ավելացրել է նաև, որ ցանկացած մարդ իր կյանքում սխալվում է, կամ նրան սխալ տեղեկություն են տալիս, և Դալլաքյանին ու Գեղամյանին ժամանակին թերևս սխալ տեղեկություն են տված եղել։

Իսկ նորաթուխ ՀՀԿ–ական, երգչուհի Շուշան Պետրոսյանին Հայրապետյանը համարել էր մեր երկրի լավագույն մտավորականներից մեկը, և նրա ընդգրկվելն իր կուսակցության ցուցակում, Հայրապետյանի խոսքերով, պատիվ է բերում թե՛ իրենց, թե՛ բոլորին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը