Լրահոս

12.07.2012 09:40


Հակակարկտային կայանների թիվն ավելացել է

Հակակարկտային կայանների թիվն ավելացել է

Օրերս Հայաստանի երեք մարզերում տեղադրվել է 26 նոր հակակարկտային կայան: Դրանցից 13-ը տեղադրվել է Արագածոտնի, 10-ը` Արմավիրի և 3-ը` Լոռու մարզում: Կայանները կառուցել է «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ընկերությունը` պետբյուջեից ՀՀ կառավարության հատկացրած ֆինանսավորմամբ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով կազմված հանձնաժողովը` ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ, այցելել է նշված մարզեր և տեղում ուսումնասիրել նոր կայանների աշխատանքը: Օգտվելով վերջին օրերին հանրապետությունում գրանցված անբարենպաստ եղանակային պայմաններից` իրականացվել է նաև հակակարկտային կայանների գործնական ստուգում: Հիմնվելով Արտաշավանի ռադիոլոկացիոն համակարգով ստացված տվյալների վրա` կատարվել են կրակոցներ, որոնք չեզոքացրել են կարկտահարության վտանգը: Նոր կայաններից յուրաքանչյուրը պաշտպանության տակ է առնում առնվազն 1000 մետր շառավղով տարածք: 

Չափազանց կարևոր է, որ հակակարկտային կայաններից կրակոցներն արվեն ճիշտ ժամանակին և ճիշտ վայրից, այլապես արդյունքը կարող է միանգամայն հակառակը լինել: ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ում գործում է 24-ժամյա հերթապահություն, ռադիոլոկացիոն համակարգերը հնարավորություն են տալիս կատարել ճշգրիտ հաշվարկներ, պարզել կարկտային ամպերի ծավալը, աճման արագությունը և գտնվելու վայրը, ինչն էապես մեծացնում է կայանների արդյունավետությունը:

Կայաններն աշխատում են խնայողական ռեժիմով` օգտագործելով նաև օրվա ընթացքում արևային մարտկոցներից ստացված էներգիան:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով կազմված հանձնաժողովի ներկայացրած եզրակացության համաձայն` կայանները կառուցված են շինարարական ու տեխնիկական նախագծերի պահանջներին համապատասխան և պատրաստ շահագործման:

 ԱԻՆ լրատվական

Այս խորագրի վերջին նյութերը