Լրահոս

11.07.2012 09:39


Դիմում Օմբուդսմենին բնապահպանական արտահերթ զեկույց մշակելու վերաբերյալ

Դիմում Օմբուդսմենին բնապահպանական արտահերթ զեկույց մշակելու վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան

Կարեն Անդրեասյանին

  Դիմում

 Հարգելի պարոն Անդրեասյան, ՀՀ Սահմանադրության համաձայն Հայաստանի բնակչությունն ունի իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունք: Հայաստանի բնաշխարհի հարուստ բազմազանությունը լայն հնարավորություններ է ստեղծում կանաչ տնտեսության զարգացման համար, մինչդեռ ներկայումս օրենքի կոպիտ խախտումներով իրականացվող հանքահումքային, սպառողական տնտեսական քաղաքականությունը անդառնալիորեն ոչնչացնում է բնության բաղադրիչները` անհնարին դարձնելով կայուն եւ հեռանկարային տնտեսական զարգացման հնարավորությունները:

 Բնօգտագործման եւ բնապահպանության ոլորտում համակարգային քաղաքականության բացակայությունը, բնական պաշարների անկանոն եւ անվերահսկելի գերշահագործումը, թափոնները հարկման դաշտից թուրս թողնելը, բնական պաշարների շահագործման եւ կառավարման համակարգում տիրող անպատժելիության մթնոլորտն ու կոռուպցիան երկրում ստեղծել են պայթյունավտանգ բնապահպանական իրադրություն:

 ՀՀ դատական ատյանները վարույթ չեն ընդունում եւ քննության չեն առնում հանրային շահերի պաշտպանության համար քաղաքացիների կամ հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայցերը: Ինչպես Թեղուտի (գործ` ՎԴ/3275/05/09), այնպես էլ Ուսանողական այգու (գործ` ՎԴ/3432/05/10) պարագայում ՀՀ վարչական և վճռաբեկ դատարանները իրավական դիրքորոշում են հայտնել, որ «…վարչական դատարան դիմելով՝ արդարադատություն կարող է հայցել միայն այն անձը, որը գտնում է, որ վարչարարությամբ իր իրավունքները կամ շահերը անմիջականորեն շոշափվել են», «ՀՀ օրենսդրությամբ դատարան դիմելու իրավունք նախատեսված է միայն այն անձանց համար, որոնց իրավունքներն անմիջականորեն խախտվել են»: Այսպիսի պայմաններում հասարակությունը զրկված է իր իրավունքների դատական պաշտպանության միջոցներից:

 Շրջակա միջավայրի վիճակի հետ անխզելիորեն փոխկապակցված է բնակչության առողջական վիճակը: Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունների արդյունքում Լեռնաձոր գյուղում եւ Քաջարան Քաղաքում ապրող տասից ավելի երեխաների մազարմատներում հայտնաբերվել են ծանր մետաղների բարձր խտություններ` սնդիկ, կադմիում, կապար, պղինձ եւ այլն (հետազոտությունների ամփոփված են «Քաջարան քաղաքի շրջակա միջավայրի վիճակի էկոլոգաերկրաքիմիական գնահատում» ուսումնասիրության մեջ (2008թ.):

 Ոլորտի մասնագետների վկայությամբ կապարի բարձր պարունակությունն օրգանիզմում ազդում է նյարդային համակարգի վրա, կարող է առաջացնել մտավոր թերզարգացվածություն, տեսողության, լսողության եւ խոսքի խախտումներ, ազդում է նաեւ երիկամների եւ ստամոքսի, նյութափոխանակության համակարգերի վրա: Հայտնի է, որ օրգանիզմում պղնձի բարձր պարունակությունը թույն է: Եթե մետաղի պարունակությունը օրգանիզմում երկար ժամանակ բարձր է մնում, կարող են զարգանալ ուռուցքներ: Մետաղն ախտահարում է նյարդային համակարգը, երիկամները, լյարդը: Կադմիումի բարձր պարունակությունն առաջացնում է կմախքի տձեւացում, թոքերի ախտահարում: Այս մետաղների` օրգանիզմ թափանցելու ուղիները բազմաթիվ են` հողը, ջուրը, օդը եւ ընտանի կենդանիները: 

 Առողջապահական ծանր վիճակի մասին են վկայում նաեւ Պաշտպանի 2011 թվականի Տարեկան զեկույցում ներկայացված Առողջության համաշխարհային կազմակերպության տվյալներն փաստերն այն մասին, որ Հայաստանում գրանցված արատավոր ծնունդների քանակը ԱՊՀ երկրների շարքում երկրորդն է Ղրղզստանից հետո: Չնայած այս տագնապահարույց վիճակին, օրենքը ոչ պետության, եւ ոչ էլ մասնավոր ընկերությունների համար չի նախատեսում հանքարդյունաբերական գոտիներում բնակվող մարդկանց առողջական պարտադիր ապահովագրության կամ պատճառված վնասի փոխհատուցման պարտավորություններ:

 Առողջապահական վիճակի վատթարացման հիմնական պատճառներից են հանքարդյունաբերական թափոնների պոչամբարներում տիրող բարձիթողի վիճակը: ՀՀ Վերահսկիչ պալատի 2012թ. Ընթացիկ հաշվետվության համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացվող թափոնների մասին տարեկան հաշվետվություններում թափոնները ներկայացվել են կամ որպես ոչ վտանգավոր, կամ ընդհանրապես պոչամբարների պարունակությունը որպես թափոն չի դիտարկվել: Արդյունքում որեւէ բնապահպանական վճար չի վճարվել: Վտանգավոր թափոններ առաջացնող կազմակերպությունների 79 տոկոսը վտանգավոր թափոնների անձնագրեր չեն կազմել եւ ՀՀ բնապահպանության նախաչժրարություն համաձայնեցման չեն ներկայացվել: Ժամկետանց թունաքիմիկատների եւ քիմիական թափոնների (այդ թվում` Ալավերդու մկնդեղ պարունակող թունաքիմիկատների) պահպանումն իրականացվում է օրենսդրության պահանջների խախտումներով, վտանգավոր օբյեկտները չեն հաշվառվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ռեեստրում:

 Մարդու էկոլոգիական իրավունքների խախտման ամենացայտուն օրինակն է  Թեղուտում հանքավայրի շահագործման թույլտվություն տրամադրելու գործընթացը, տրվել է ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով: Շահագրգիռ հասարակությունը հանքավայրի շահագործման դեմ սկսել է բազմակողմանի իրավական գործընթաց, որի ընթացքում դիմել է ինչպես ներպետական դատական ու վարչական մարմիններին, այնպես էլ միջազգային կառույցներին: 2011թ. հունիսի 29-ից հուլիսի 1-ը Քիշնեւում տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի գերագույն մարմնի` Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրների հանդիպման ընթացքում կայացվել է որոշում առ այն, որ «Հայաստանի օրենսդրության և պրակտիկայի մեջ դեռևս առկա են թերություններ, եւ դրանց պատճառով Մասնակից պետությունը սույն գործով ձախողել է կատարել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը (56-րդ պարբերություն), ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերի պահանջները»:

 

Անհրաժեշտ ենք համարում առանձնահատուկ կերպով շեշտել նաեւ, որ Կոնվենցիայի Կողմերի որոշումը ունի բարձր իրավաբանական ուժ եւ պարտադիր է կատարման պետության կողմից: Այնուհանդերձ, Հայաստանի պատկան մարմինները չեն կատարում իրենց միջազգային պարտավորությունները` դրանով խախտելով նաեւ Հայաստանի կողմից վավերացված «Միջազգային պայմանագրերիմասին» Վիեննայի կոնվենցիան:

 

Հաշվի առնելով վերջին շրջանում Ձեր դրական դերակատարումը բնապահպանական նախաձեռնություններին աջակցելու գործում` գտնում ենք, որ Պաշտպանի գրասենյակը կարող է շոշափելի դրական ազդեցություն ունենալ վերը նշված հիմնախնդիրների բազմակողմանի վերլուծության եւ կարգավորման համար: Խնդրոիմ ենք ձեռնարկել համարժեք քայլեր սույն դիմումում արծարծված խնդիրների համալիր ուսումնասիրություն կատարելու համար, մարդու իրավունքների խախտումները վեր հանելու եւ Ձեր իրավասության շրջանակներում մարդկանց խախտված իրավունքները պաշտպանելու համար: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում բոլոր հնարավոր միջոցներով Ձեզ աջակցել Հայաստանի էկոլոգիական իրավիճակի առնչությամբ տեղեկատվություն տրամադրելու, այդ թվում` արտահերթ զեկույց մշակելու համար:

 Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն,

Իրավական հարցերով աշխատանքային խումբ

Այս խորագրի վերջին նյութերը