Լրահոս

10.07.2012 18:18


Բնական եւ ձեռքբերովի օլիգարխներ

Բնական եւ ձեռքբերովի օլիգարխներ

Խոշոր գործարարները, որոնք ի հայտ եկան Խորհրդային Միության փլուզումից հետո հետխորհրդային ամբողջ տարածքում եւ ստացան օլիգարխ անվանումը, բնորոշ են նաեւ Հայաստանին: 1990-ականներից ի հայտ եկած գործարարների այս խումբը բավական սերտ հարաբերություններ հաստատեց իշխանությունների հետ, շատ դեպքերում սերտաճելով իշխանությունների հետ:

90-ականներից սկսած ձեւավորված օլիգարխներին կարելի է անվանել բնական օլիգարխներ, քանի որ նրանք առաջ եկան բնական գործընթացների արդյունքում եւ առանց արհեստական միջամտությունների: Հայաստանում օլիգարխների վիճակը կտրուկ փոփոխության ենթարկվեց 2008-ի նախագահական ընտրություններից հետո: Հիմա բնական օլիգարխների գերակշիռ մասը ստիպված են սպասարկել իշխանություններին, կատարել նրանց տարատեսակ հանձնարարությունները: Հայաստանի ներկա իշխանությունները, որոնք պարբերաբար իրենց վերահսկողության տակ գտնվող մամուլի միջոցներով խոստանում են պայքարել օլիգարխների եւ օլիգարխիայի դեմ, իշխանության եկան մեծապես հենց նրանց ծառայությունների շնորհիվ: 2008-ի նախագահական ընտրություններից առաջ օլիգարխների ճնշող մեծամասնությունը կանգնեց Սերժ Սարգսյանի կողքին: Նա, ով չկանգնեց, դարձավ հալածյալ: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանի կողքին չկանգնած օլիգարխին պատժեցին հենց միայն նրա համար, որ մյուս օլիգարխները որոշակի հետեւություններ անեն:

Այն իշխանությունը, որը հայտարարում էր եւ հայտարարում է օլիգարխիայից ազատվելու անհրաժեշտության մասին, պարզապես պետք է բիզնեսը տարանջատեր իշխանությունից եւ նրանց չօգտագործեր ընտրությունների ժամանակ: Այլ կերպ ասած, խոշոր գործարարներին բերեր իրավական դաշտ եւ նրանց այլեւս գործիք չդարձներ այս կամ այն խնդիրը լուծելու համար: Հայաստանում դա տեղի չունեցավ: Փոխարենն առաջ եկավ բոլորովին նոր տիպի օլիգարխ, որին կարելի է անվանել ձեռքբերովի: Նախագահի ընտանիքի ձեռքբերովի անդամը դարձավ օլիգարխ: Եւ հիմա ավելի քան ակնհայտ է, որ ձեռքբերովի օլիգարխը գործող նախագահի հետ, որը ոչ պակաս օլիգարխ է, պայքարում են, այսպես կոչված, բնական օլիգարխների դեմ:

“Հարսնաքարի” դեպքերն էլ հարմար առիթ են բնական օլիգարխների դեմ պայքարը մեկ այլ հարթություն տեղափոխելու համար: Հետեւելով, այսպես կոչված, անկախ լրատվամիջոցների վերլուծական նյութերին, ակնհայտ է, որ ձեռքբերովի օլիգարխիան դաժան պատերազմ է սկսել հայտնի օլիգարխների դեմ: Ամենահետաքրքիրը եւ զավեշտալին այն է, որ ձեռքբերովի օլիգարխը չի խնայում անգամ գործող նախագահի եղբայրներին: Մեղմ ասած, կծու հոդվածներ են հրապարակվում ոչ միայն Սաշիկ Սարգսյանի, այլ նույնիսկ Լեւոն Սարգսյանի դեմ: Սաշիկ Սարգսյանը բացասական կերպար է եւ այդ առումով այնքան էլ զարմանալի չէ, երբ ձեռքբերովի օլիգարխի կողմից վերահսկվող մամուլի կողմից ենթարկվում է անխնա հարձակման, բայց երբ բաժին է հասնում նաեւ Լեւոն Սարգսյանին, ապա արդեն ավելի քան հասկանալի է դառնում, թե ինչ հսկայածավալ ծրագրեր եւ նկրտումներ ունի, այսպես կոչված, ձեռքբերովի օլիգարխը:

Իսկապես զավեշտ է, երբ օլիգարխների դեմ պայքարում է մեկը, ով օլիգարխ է դարձել միայն նրա համար, որ դարձել է ընտանիքի ձեռքբերովի անդամ: Մամուլի ոլորտում գրեթե միահեծան իշխանություն հաստատած, բիզնեսի այլ ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդը դարձել է օլիգարխիայի դեմ պայքարի դրոշակակիրը: Ամենայն հավանականությամբ, աշխարհում մեկ այլ երկիր հնարավոր չէ գտնել, որտեղ նման երեւույթ լինի:

Հիմա ավելի քան պարզ է, թե ինչ են ուզում գործող նախագահը եւ նրա ընտանիքի ձեռքբերովի անդամը: Հաստատապես կարելի է պնդել, որ հնարավոր չէր լինի անցկացնել 2012 թ-ի խորհրդարանական ընտրությունները, եթե օլիգարխները չկատարեին իշխանության հանձնարարականները: Հենց նրանք են պապահովել ՀՀԿ-ի իրական և անձնագրային ձայները: Բայց այստեղ կա մի նուրբ հակասություն: Ձեռքբերովի օլիգարխը, մեծ հաշվով, խորհրդարանական ընտրությունների ժամանակ պարտվեց հին օլիգարխներին` քանի որ հենց նրանք որոշիչ դեր կատարեցին Ս. Սարգսյանի “հաղթանակի” հարցում: Եւ հիմա Հարսնաքարի առիթը օգտագործելով ձեռբերովի օլիգարխը սկսվել է լայնածավալ պայքար նրանց դեմ` նկատելով ռևանշի հնարավորություն:

Մոտենում են նախագահական ընտրությունները: Պարզ է, որ իշխանությունները կրկին փորձելու են իրենց նպատակների համար ծառայեցնել բնական ճանապարհով առաջ եկած օլիգարխներին: Հիմա արդեն ավելի քան պարզ է, թե ինչ կլինի օլիգարխների հետ, եթե հանկարծ իրադարձությունները զարգանան այնպես, ինչպես ծրագրում է ձեռքբերովի օլիգարխը: Բնական օլիգարխների ճնշող մեծամասնությունը տեսնելով այն ամենն ինչ կատարվում է Ռուբեն Հայրապետյանի հետ եւ նրա շուրջ, պետք է որ գլխի ընկնեն, թե ինչ կլինի իրենց հետ նախագահական ընտրություններից հետո:

Եւ այստեղ արդեն շատ հետաքրքիր է, թե օլիգարխները որոշակի հետեւություններ արե՞լ են, թե՞ պատրաստվում են գնալ ինքնաոչնչացման, հերթական անգամ իրենց գլուխը իջեցնելով իշխանությունների եւ առաջին հերթին ձեռքբերովի օլիգարխի առաջ: Պարզից էլ պարզ է, որ յուրաքանչյուր օլիգարխ, որը պարզապես խոշոր գործարար է, պետք է աշխատի օրենքի դաշտում, և պետք է զերծ մնա նախագահական ընտրությունների ժամանակ օգտագործվելուց: Դա կլինի պայքար օլիգարխիայի դեմ: Մնացածը բիզնես պրոյեկտ է: Բիզնեսի և ազդեցության ուժեղացման պայքար: Օլիգարխները պետք է սա պահանջեն` օրենքով աշխատելու հնարավորություն և որ իրենց չօտգագործեն 2013-ին: Իսկ եթե հիմա գնան եւ ասեն, թե շեֆ ջան, էլ ինչ պետք է անենք, ապա պատասխանն իրենց համար լինելու է ավելի քան դաժան, քանի որ այս ճանապարհը նրանց տանում է լիակատար կործանում, եւ բոմժացում:

Անահիտ Բաղդասարյան

աղբյուրը՝ http://top-news.am/index.php?newsid=10266&ng=11&nt=1

Այս խորագրի վերջին նյութերը