Լրահոս

10.07.2012 17:44


Վահե Ավետյանի առաջարկով են գնացել «Հարսնաքար»

Վահե Ավետյանի առաջարկով են գնացել «Հարսնաքար»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով բաժնի պետ Արսեն Այվազյանը հայտնել է, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանին դաժան ծեծի ենթարկած անձինք երբեմն ապահովել են ՀՀԿ–ական Ռուբեն Հայրապետյանի անվտանգությունը, և այդ համալիրի անվտանգության աշխատակիցներից ոմանք, որոշ առիթների դեպքում, երբեմն ուղեկցել են նրան։

Նախաքննությամբ պարզվել է, որ հունիսի 17-ին ՊՆ զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի վիրաբուժության բաժնի բժիշկ Արտակ Բայադյանը, նրա գործընկերներ, կլինիկական օրդինատոր Գարիկ Սողոմոնյանը, Էդգար Նիկոյանը, ինչպես նաև Արկադի Աղաջանյանը մեկնել են Արզնու ձոր՝ նշելու Աղաջանյանի ծննդյան օրը: Որոշ ժամանակ այնտեղ անցկացնելուց հետո ընկերներով Վահե Ավետյանի առաջարկով գնացել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա սրահ՝ շարունակելու խնջույքը և երաժշտություն լսելու: Մատուցողներից Դավիթ Ադամյանը դիտողություն է արել Վահե Ավետյանին` ասելով, որ սպորտային համազգեստով մուտքն արգելվում է: Վահե Ավետյանը գնացել է տուն, փոխել հագուստը և վերադարձել: 

Երբ մատուցողը մոտեցել է իրենց, Ավետյանը հարցրել է, թե կարո՞ղ է՝ գլխարկով էլ է արգելվում մուտքը ռեստորանային համալիր: Այս հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել մատուցողի ու Վահե Ավետյանի միջև, որը շարունակվել է ռեստորանի բակում, և մատուցողը բռունցքով հարվածել է Ավետյանի դեմքին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածք: Դրան հաջորդել է ռեստորանային համալիրի մի խումբ աշխատակիցների կողմից Վահե Ավետյանին ու նրա ընկերներին ծեծի ենթարկելը: Արդյունքում Վահե Ավետյանը, նրա ընկերներ Գարիկ Սողոմոնյանը և Արտակ Բայադյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Զինվորական հոսպիտալ: Հունիսի 29-ին, գիտակցության չգալով, Վահե Ավետյանը մահացել է: 

Հունիսի 18-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Անձի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելը»:

Հարուցված քրեական գործի շրջանակներում Վահե Ավետյանը, Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը, Էդգար Նիկոյանը և Արկադի Աղաջանյանը ճանաչվել են որպես տուժողներ: Դատաբժշկական փորձաքննության տվյալներով՝ Վահե Ավետյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, որի մասին տեղեկանքը կազմվել է նրա կենդանության օրոք, մյուս երկուսին պատճառվել է միջին ծանրության վնաս:
Այժմ կալանավորված են ռեստորանային համալիրի յոթ աշխատակիցներ: Նրանք են` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը, վարորդ-առաքիչ Արթուր Բաբլոյանը, մատուցող Դավիթ Ադամյան և մենեջեր Դավիթ Հայրյանը: Վերջինը, սակայն, ազատ է արձակվել, քանի որ տուժողներն ասել են, որ իրենց ծեծողների մեջ Հայրյանը չի եղել: 

Վահե Ավետյանի մահվանից հետո դարձյալ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` պարզելու նրան պատճառված մարմնական վնասվածքների և մահվան միջև անմիջական պատճառահետևանքային կապը: Այս փորձաքննության եզրակացությունից հետո միայն հնարավոր կլինի պատասխանել հարցին` Վահե Ավետյանի մահվանից հետո քրեական գործով առաջադրված մեղադրանքը կվերաորակավորվի՞, թե՞ ոչ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը