Կարծիք

10.07.2012 10:44


Կեղծ ու ճշմարիտ մտավորականներ

Կեղծ ու ճշմարիտ մտավորականներ

Ծիծաղելի է դառնում այլևս, և խեղճերի տպավորություն են թողնում արդեն բոլոր նրանք, ովքեր պատեհ-անպատեհ առիթներով իրենք իրենց մտավորականներ են կոչում, քանզի ոչ ոք նրանց իբրև այդպիսին չի ճանաչում, կամ չի ուզում ճանաչել։ 
Խնդիրը սակայն, վերջիններս չեն, այլ այն, որ հենց նրանց պատճառով էլ արժեզրկվում է ինքնին մտավորական հասկացությունն ու նրա նշանակությունը մեր կյանքում:
Անհնար է որպես այդպիսին ընդունել ցանկացած մեկի, ով ամեն օր` ասես ինչ-որ պլան կատարելով, հայտարարում է, թե «ես՝ ազգիս մտավորականս», ու այդ նույն ազգի փոխարեն իրենք իրենց մասին են սկսում խոսել:
Նշանակում է, որ գործ ունենք պոպուլիստների եւ դիլետանտների հետ, որոնք ժողովրդի զգացմունքների վրա խաղալու եւ անձնական շահերի ու համբավի նպատակներ են հետապնդում:

Առավել զարհուրելի է, երբ այս կարգի չկայացած, կամ կիսով չափ կայացած միջակները փորձում են տաղանդավոր հայորդիների վրա ինչ-որ պիտակներ փակցնել եւ հանդգնում այդպես մինչևիսկ մեր մեծերին հասնել:

Ասպարեզ է դուրս եկել, զգացեք ու հասկացեք, այդ մեկը` անկախություն հռչակած երկրում ծնված ու հասունացած մի երիտասարդություն, որն ուզում է իսկապես անկախ երկրում ապրել, եւ իր սեփական անձի մասին անհանգստացող ու ճառող «մտավորականը» չի կարող նրա աչքերում դիտվել նույնիսկ իբրև խորհրդատու:

Ստեղծված կացությունը ստիպում է ուսանողությանը, ինչպես նաև դպրոցականներին, ինքնակազմակերպման ճանապարհը ընտրել, ի գործե բացառելով բոլոր նրանց ներկայությունը, ում մոտ բացակայում են Հայաստանի բնակավայրերի դատարկման, բնության ոչնչացման, սովորական դարձած սպանություների, կաշառակերության մեջ թաղված հասարակության և տասնյակ այլ խնդիրների հետ կապված հնարավոր և որն ամենից կարևորն է՝ ընդունելի լուծումները:

Դրանց ախտորոշումը որպես նախաբան է լավ միայն, իսկ էականը հենց առաջարկված ու արդյունավետ դեղամիջոցներն են:

Մի քիչ էլ այդ ուղղությամբ մտածե՛ք պարոնայք, որ ուզում եք մտավորական կոչվելու իրավունքը ստանալ:

Արթուր Ղուկասյան, Իսպանիայի Լրագրողների միությունների ֆեդերացիայի անդամ

Այս խորագրի վերջին նյութերը