Լրահոս

10.07.2012 10:21


Աշնանը Ֆրանսիայում նորից կքննարկվի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը

Աշնանը Ֆրանսիայում նորից կքննարկվի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիան պատրաստվում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը քննարկման դնել աշնանը։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանը գործակալությանը տեղեկացրել է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է աշնան երկրորդ կեսին սկսել օրինագծի քննարկումը։ Օրինագիծը կներկայացվի կառավարության կողմից։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Ֆրանսուա Օլանդը  խոստացել էր, որ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու վերաբերյալ օրինագիծն այնպիսի տեսքի կբերվի, որ չհակասի երկրի սահմանադրությանը։ Օրերս Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր մտադրությունը, թեև շատ փորձագետներ նշում են, թե Օլանդը հետ է կանգել իր խոստումներից։

«Մենք պետք է գտնենք մի ճանապարհ, որը նոր նախագծի տեքստը համապատասխան կդարձնի Սահամանադրությանը»,- հայտարարել էին Ելիսեյան պալատից:

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ղեկավարության ժամանակ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի խորհրդարանում, ինչը զգալիորեն լարել էր ֆրանս–թուրքական հարաբերությունները։ Սակայն երկրի Սահմանադրական դատարանն այն հակասահմանադրական էր ճանաչել։  

Վերջերս Ֆրանսիայի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների միջև տեղի էր ունեցել հանդիպում, որտեղ նրանք հայտարարել էին հարաբերությունները «վերակենդանացնելու» մասին։ Թուրքական կողմը ներկայացնող Ահմեթ Դավութօղլուն նշել էր, որ Թուրքիան կվերացնի բոլոր պատժամիջոցները, որոնք սկսել էին կիրառվել Ֆրանսիայի դեմ այն բանից հետո, երբ հայամետ օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի խորհրդարանում։

 

Այս խորագրի վերջին նյութերը