Լրահոս

09.07.2012 15:04


ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը Ռուբեն Հայրապետյանի կողմից իրավապաշտպանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը Ռուբեն Հայրապետյանի կողմից իրավապաշտպանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է 2012 թ. հուլիսի 8-ի երեկոյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից իրավապաշտպան Արման Վեզիրյանի նկատմամբ կիրառված բռնությունը, որը դրսևորվել է առանձնակի ցինիզմով և հանրային կարծիքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքով:

            Բռնությունը կատարվել է Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների և Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնապահների կողմից սպանված Վահե Ավետյանի մահվան յոթ օրվա հիշատակին նվիրված հասարակական ակցիայի ժամանակ:

            Մենք բռնության այս դեպքը գնահատում ենք որպես ՀՀ քաղաքական ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից Վահե Ավետյանի և նրա ընկերների նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ ոչ համարժեք գնահատականի հետևանք:

Այն է`

  1. Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից բռնության փաստի վերաբերյալ քաղաքական գնահատական չտալը,
  2. իրավապահ մարմինների կողմից բռնություն կատարած բոլոր անձանց չհայտնաբերելը:

Պահանջում ենք`

  1. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից միջնորդությամբ դիմել Ազգային ժողովին Ռուբեն Հայրապետյանին ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով:
  2. Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ` հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 

Այս խորագրի վերջին նյութերը