Լրահոս

09.07.2012 13:30


Արցախի բանակում աճել է ինքնասպանությունների թիվը

Արցախի բանակում աճել է ինքնասպանությունների թիվը

Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ներկայացրել է մի շարք վիճակագրական տվյալներ։ Մասնավորապես, այս տարվա առաջին կիսամյակում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է երկու զինծառայող, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ութ զոհի դիմաց: 

Համածառայակցի կողմից սպանվել է մեկ զինծառայող, նախորդ տարի նման դեպք չի արձանագրվել։  Այս տարի զինծառայողի նկատմամբ բռնարարքի դեպք չի գրանցվել։
Ըստ ԼՂՀ ՊԲ հրամանատարի՝  մարմնական վնասվածքների քանակը նվազել է. անցյալ տարի մարմնական վնասվածք հասցնելու 79 դեպք է եղել, այս տարի արձանագրվել է 51 դեպք։ Արցախի բանակում արտակարգ պատահարների թիվն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է, սակայն աճել է ինքնասպանությունների թիվը։  Մասնավորապես, նախորդ տարվա առաջին կիսամյակում ինքնասպանության մեկ դեպք է գրանցվել, իսկ այս տարվա առաջին կիսամյակում արդեն` չորս դեպք: «Ինքնասպանությունները ծնող պատճառներից կարող է լինել այն, երբ ստեղծվում է մի տխուր իրավիճակ, որտեղ զինծառայողը տեսնում է, որ ինքն այլևս ի վիճակի չէ դրա դեմ պայքարել ու դիմում է ինքնասպանության: Մյուս պատճառը կարող է  լինել զինծառայողի հոգեպես անպատրաստ վիճակը, երբ նա հոգեբանորեն պատրաստ չէ ծառայության, չի կարողանում դիմակայել խնդիրներին, չի դիմում վերադաս հրամանատարին` հարթելու իրավիճակը և ելքը տեսնում է ինքնասպանություն գործելու մեջ: Եվ ամենավտանգավորն այն է, որ չկա վստահություն հրամանատարների նկատմամբ: Զինծառայողը վստահ չէ, որ դիմելով ղեկավարությանը՝ կոնկրետ այդ իրավիճակում կարող է նա օգնել, փրկել իրեն»,-ասել է Մովսես Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը