Կարծիք

08.07.2012 13:15


Դաշտը մնացել է «կտրիճներին»

Դաշտը մնացել է «կտրիճներին»

Երբ Նաիրա Զոհրաբյանը քննադատեց կառավարության ծրագիրն ու մտահոգություն հայտնեց առ այն, որ դժվար է ևս մեկ անգամ վստահել մի կառավարության, որ արդեն հասցրել է մեկ անգամ տապալվել, ակամա հիշեցի Գալուստ Սահակյանի խոսքը, որ այն ժամանակ քաղաքական հիթ էր դարձել. «Երբ որևէ հաջողություն ենք արձանագրում, բոլորը (կոալիցիոն գործընկերներին նկատի ունի) իրենց դրոշակն առած, գալիս, կանգնում են այդ գործի գլխին, թե մենք էլ կանք այս գործում: Իսկ երբ մի բան այնպես չի ստացվում` ոչ ոք չկա, և ՀՀԿ-ն մենակ է մեղավոր»:

 Իհարկե մենք Նաիրա Զոհրաբյանի մտքի հետ լիովին համաձայն ենք, բայց Գալուստ Սահակյանի խոսքում էլ, այնուամենայնիվ, ճշմարտության որոշ չափաքանակ կարելի է գտնել, եթե ընդունելու լինենք, որ մեզանում ձևավորված կոալիցիաները ինքնանպատակ չեն եղել:

Որքան ես հիշում եմ, ՀՀԿ-ն այդ կոալիցիաներում միշտ էլ ձայների բացարձակ մեծամասնություն է ունեցել և հաճախ հարցերը լուծել իր ունեցած ձայների ճնշման տակ: Բայցևայնպես` թե՛ ԲՀԿ-ն և թե՛ ՀՅԴ-ն կոալիցիայում իրենց ներկայացվածությամբ զգալի դերակատարություն ունեին և ՕԵԿ չէին վերջին հաշվով: Եթե հաշվի չառնենք կուլիսային հակամարտությունները, կուլիսներից այս կողմ տեղի ունեցածն էլ լիուլի բավարար է պնդելու համար, որ գոնե ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի կյանքը կոալիցիայում բավականին «հետաքրքիր» է եղել, լի ՀՀԿ-ի պատճառած «ուրախությամբ» ու սյուրպրիզներով: Հիշենք թեկուզ ՀՅԴ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունները, որոնց ընդունմանը բացեիբաց դիմադրում էր ՀՀԿ-ն, հիշենք ՀՀ կառավարության բերած տնտեսական օրինագծերը, որոնց ընդդիմանում էր ԲՀԿ-ն` ընդհուպ դրանք որակելով «ախմախություն»: Հիշենք հայ-թուրքական ճանապարհային քարտեզը, որի պատճառով ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից ու նաև Գագիկ Ծառուկյանի հայտնի խոսքը` ՀՀԿ-ական նախարարներն իրենց տեղում չեն, որին էլ հաջորդեց ԲՀԿ-ի աստիճանական «խորթացումը» կոալիցիայից:

 Հետաքրքիր է, թե այսքան բան տեսնելուց հետո Գալուստ Սահակյանն ինչպիսի՞ն կցանկանար, որ լինեին ՀՀԿ կոալիցիոն գործընկերները: Հավանաբար նրանք պարտավոր էին ՀՀԿ-ի դրոշակն առած առաջ գնալ, այո՞, շարունակեին հասարակությանը համոզել ՀՀԿ-ի անվիճելի ճշմարտացիության մեջ, միշտ օրինակ վերցնեին բարոյական ՕԵԿ-ից…

Այդպես չի լինում: Գալիս է մի պահ, որ, այո՛, պիտի թռնես խայտառակչիների վրայից` գոնե բարի անունդ, անցածդ ուղին, կենսագրությունդ փրկելու համար:

Կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած մի այլկուսակցական փորձեց ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկերներին Գալուստ Սահակյանի հանգույն որոշ հիշեցումներ կատարել: Մասնավորապես նա փորձեց հիշեցնել ԲՀԿ-ին, թե այդ ինչպես եք ասում` այս կառավարությանը տապալվել է, երբ դուք մի տևական ընթացք լուրջ դերակատարություն եք ունեցել նրա կազմում: Իսկը` ՀՀԿ-ական փոխաներեսի տրամաբանություն: Ի՞նչ պիտի է աներ ԲՀԿ-ն` պիտի գովե՞ր տապալված կառավարությանը, մատնանշեր նրա աներևակայելի հաջողություննե՞րը, ինչ է, թե ինքը նախարարներ է ունեցել: Լավ, ո՞ւր կհասնենք մենք, եթե ՀՀԿ-ին մի անգամ բարև տվածները վերցնեին սազն ու մի հանգի գովերգեին նրա «ձեռքբերումները»:

Ժամանակն է, որ ՀՀԿ կարկառուններն ու նրանց այլացեղ «դամքաշները» իրենց ականջին օղ անեն, որ այլևս մենակ են մնացել և ՕԵԿ-ի հետ քաղաքական ամուսնությունից բացի, ոչ մի ուրիշ կոնսենսուսի մեջ չկան: Այս փաստը միայն բավական է, որպեսզի հասկանալի լինի, որ ՀՀԿ-ն տապալվել է բոլոր առումներով և նրա որևէ քայլ ու խոսք, այլևս հավատ չեն ներշնչում:

ՀՀԿ 20-ամյակի միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթը, Տիգրան Սարգսյանի գլխավորած «պատվիրակություններին» նախագահականում բազմաթիվ անգամներ խայտառակելու դեպքերը, հարկային ու մաքսային մարմիններին քանիցս ամոթանք տալու իրողությունները, մշակույթի, կրթության, տնտեսության գրեթե բոլոր բնագավառների թափթփված վիճակը, համատարած կոռուպցիան ու կաշառակերությունը, գնալով սաստկացող ամենաթողությունը, արտագաղթն ու աղքատությունը ամենամեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող հաջողություններ համարվել, էլ ուր մնաց, որ իրեն հարգող կոալիցիոն որևէ գործընկեր դրոշակն առնի ու կանգնի ՀՀԿ-ի կողքին, թե ես էլ կամ այդ գործում:

Ի դեպ` ՀՀԿ-ին շատ քիչ ժամանակ է մնացել հանրությանը ապացուցելու, որ ինքը միայնակ էլ կկարողանա վիճակը շտկել բան փոխել իր իսկ պատճառով մեր այսքան գորշացած կյանքում: Իսկ դրա համար ՀՀԿ-ն (կարդա` Հայաստանի Հանրապետության կառավարություն) պետք է քննադատություն լսել սովորի և ոչ թե աղոթի Աստծուն, որ նա ցավուչոռ ուղարկի, ու ինքը կարողանա պատճառաբանել, թե ինչու չկարողացավ հերթական ծրագիրն իրականացնել:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը