Լրահոս

05.07.2012 18:08


Հասարակության վերածննդին սպասելիս

Հասարակության վերածննդին սպասելիս

 Ժողովրդի կողմից ընտրովի նախագահ ունեցող երկրներում նախագահական ընտրությունները հասարակական զարգացմանը նպաստող կարևորագույն իրադարձություններից են: Սա մի միջոցառում է, որ թույլ է տալիս վերլուծել ու գնահատական տալ հեռացող նախագահի գործունեությանը, նշել զարգացման նոր ուղղություններ, նոր գաղափարների արծածման հնարավորություն տալ նախընտրական ծրագրերի միջոցով:

Նախընտրական ընտրությունները հնարավորություն են ընձեռնում գաղափարների առաջմղման կոչումն ունեցող կազմակերպություններին` կուսակցություններին, մասնագիտական խմբերին, քաղաքացիների այլ միությունների իրենց մատահոգող հարցերը դարձնել նախըտրական ծրագրերի մաս և պայքարել այդ ծրագրերի հաջողության համար: Տվյալ պարագայում այնքան էլ կարևոր չէ հաղթանակը, որևէ ծրագրին տված մեծ թվով վստահության քվեն այդ ծրագրի մեջ տեղ գտած գաղափարներն ավելի պահանջված է դարձնում հասարակության մեջ:

Նախագահական ընտրությունները լավ հնարավորություն են նաև կուսակցությունների համար, որոնք հնարավորություն ունեն մեկ անգամ ևս ստուգել ժողովրդի տրամադրությունները, հետևություններ անել ու ճշգրտումներ մտցնել իրենց ծրագրերում:

Վերոնշյալ ամեն ինչը տրամաբանական է նորմալ քաղաքական համակարգեր ունեցող երկրների համար, սակայն Արցախում քաղաքական այլ տրամաբանություն է գործում:

ԱԺ-ում ներկայություն ունեցող երեք կուսակցություններից ոչ մեկը թեկնածու չի առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում: Եթե երկրի կուսակցություններից ոչ մեկը չեն մասնակցում համապետական ընտրություններից որևէ մեկին, ուրեմն այդ երկրում լրջագույն խնդիր կա քաղաքական կյանքի ընկալումների հետ կապված:

Իրականում քաղաքական այդ երեք կազմակերպություններից միայն  մեկը կարող է հավակնել կուսակցության կոչմանը` դասական սահմանմամբ: Խոսքը Դաշնակցության մասին է, որն ունի գործող կառույցներ, մշտապես զբաղվում է նոր անդամների հավաքագրմամբ և ուսուցմամբ, ունի գաղափարախոսական ուժեղ հիմք: Ազատ Հայրենիք և Արցախի ժողովրդավարական կուսակցությունները վարչական ռեսուրսի շնորհիվ քաղաքական կշիռ ստեղծելու փորձեր անող անհատների խմբեր են, որոնք իշխանությունը կորցնելուն պես դատապարտված են անհետացման, իրականում գործող մարմիններ չունեն, չեն զբաղվում անդամների ուսուցման և իրենց գաղափարների հրապարակայնացման գործով` վերջիններիս բացակայության պատճառով:

Եթե մյուս կուսակցություններն անվերապահ պաշտպանեցին գործող նախագահին, ապա Դաշնակցությունը փորձեց գոնե պայմաններ դնել Բ.Սահակյանի առջև: Նույնիսկ խիստ ձևական այս քայլը Ազատ Հայրենիքն ու ԱԺԿ ի վիճակի չեն անել:

Վերջին տարիներին Արցախում ստեղծված մթնոլորտը և քաղաքական համակարգի դեգրադացիան ցույց են տալիս, որ առկա կուսակցություններն ի վիճակի չեն նոր գաղափարների գեներացիա ապահովել: Նախագահական ընտրություններից հետո օրախնդիր է դառնալու նոր քաղաքական ուժի ստեղծումը այն անձանց կողմից, ովքեր չեն համակերպվում քաղաքական համակարգի ներկա որակի հետ, շատ հարցերում կիսում են նույն մոտեցումները, ունեն համապատասխան գիտելիքներ և փորձ:

Էլ ի՞նչ պետք է սպասել առաջիկա ընտրություններից: Նախորդ նախագահական ընտրությունները ցույց են տվել, որ ընտրություններից հետո պարտված թեկնածուի կողմնակիցների և հարազատների նկատմամբ տեղի են ունենում ճնշումներ` հիմնականում աշխատանքից ազատման ձևով: 2007թ. նախագահ ընտրված Բակո Սահակյանն այդպես էլ որևէ քայլ չարեց հասարակությունը միավորելու և բոլոր արցախցիների նախագահը լինելու համար: Այս ընտրություններում կարևորագույն խնդիրներից մեկը գավառամտության այս մակարդակից բարձրանալն է, ինչը նաև նոր քաղաքական մշակույթի սկիզբ կարող է դառնալ: Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը նախագահի պաշտոնում իր առաջին իսկ ելույթում հայտարարեց, որ ինքը հանդիսանում է բոլոր ֆրանսիացիների նախագահը` անկախ նրանց քվեարկությունից: Կկարողանա արդյո՞ք Արցախի նորընտիր նախագահը վարվել Օլանդի պես և չկրկնել Բակո Սահակյանի սխալը: Այս հարցի պատասխանն էլ կպայմանավորվի մթնոլորտն Արցախում հաջորդ հինգ տարիներին:

Այս ընտրություններում կարևոր գործոն են լինելու նաև փոփոխությունների ակնկալիքները: Միայն վերջին մի տարվա ընթացքում փոփոխությունների ձգտող քաղաքացիները աշխարհի մի շարք երկրներում ընտրությունների միջոցով փոխել են իրենց իշխանություններին, խոսքը ոչ միայն ժողովրդավարական կարգ և ավանդույթներ ունեցող Ֆրանսիայի կամ Սերբիայի մասին է, այլ նաև Արցախի հետ համեմատելի մի երկրի` Մերձդնեստրի Հանրապետության, որտեղ գործող նախագահը ընտրություններում ստացած ձայների թվով երրորդն էր, իսկ նախագահ ընտրվեց ընդդիմության  թեկնածուն:

Իշխանությունների փոխելու հիմնարար պատճառներ ունեն արցախցիները, քանզի ժողովրդի մեծամասնության եկամուտները չեն աճել այս տարիներին, եթե հաշվի առնենք նաև առաջին անհրաժեշտության ապրանքների հսկայական գնաճը, ստիպված կլինենք փաստել, որ շատերի եկամուտները էապես պակասել են: Սրա հիմնական պատճառը անարդյունավետ կառավարումն է ու իշխանությունների կոռումպացված լինելը: Կփոխե՞ն արցախցիներն այս վիճակը, թե կշարունակեն հինգ տարի ևս ականատես լինել ընդամենը մի քանի հոգու հարստացմանը, կհամարձակվե՞ն վեր կանգնել աշխատանքը կորցնելու վախից և հստակ խոսել իրենց նախապատվությունների և խնդիրների մասին, կախված է փոփոխությունների կոչ անող հիմնական թեկնածու Վիտալի Բալասանյանի նկատմամբ հավատից, ինչպես նաև վերջինիս թիմի կարողություններից` կոտրել վախի մթնոլորտն Արցախում:

Հասարակության ակտիվացումն ու պահանջատեր դառնալը այն հիմնական քայլն է, որ թույլ կտա մեզ զարգանալ: Խնդիր ունենք ոչ միայն Բակո Սահակյանի կամ նրա թիմի, այլ նաև ընտրվելիք յուրաքանչյուր թեկնածուի հետ: Միայն ակտիվ հասարակությունը կարող է թույլ չտալ նոր Բակո Սահակյանների ծննունդը` անկախ ով կլինի Արցախի նախագահ:

Հետխորհրդային իներցիան նոր գաղափարներ չհանդուրժող կրթական համակարգի պայմաններում և կոմսոմոլի քարտուղարների առաջնորդությամբ նպատակ ունի ստեղծել ենթարկվող հասարակություն, ժողովրդից գողանալ իշխանությունը: Իզուր չէ, որ մեր հասարակության մեջ շատ հաճախ են նույնացվում պետություն-իշխանություն հասկացությունները, նույնիսկ շատ պաշտոնյաներ դրանք իրարից տարբերել չեն կարողանում: Իշխանությունը հեշտությամբ զիջելով մի խումբ անձանց` ժողովուրդը դուրս է մնացել որոշումներ կայացնելու գործընթացից: Այս ընտրություններում գործող նախագահի պարտությունը կարևոր է այն առումով, որ ժողովուրդը կարող է վերադարձնել իշխանությունը, սա միևնույն ժամանակ դաս կլինի նորընտիր նախագահի համար, ով չի փորձի իր նախորդի նման արհամարհական վերաբերմունք ունենալ քաղաքացիների նկատմամբ և հստակ կհիշի, թե ում է պատկանում իշխանությունը:

Վերջին տարիներին իշխանություններն ամեն ինչ արել են հասարակության զարգացումը խոչընդոտելու ուղղությամբ, լինի կրթական համակարգի ցածր մակարդակի ապահովմամբ, թե հասարակական կազմակերպությունների աշխատանքին խոչընդոտելով: Սրա հիմնական նպատակը եղել է երկրի տնտեսության զավթման գործում արգելքներ չհարուցելը:

Հասարակության ակտիվացումն ինքնաբերաբար չի լինում: Միշտ էլ լինում են անհատներ, խմբեր, որոնք ակտիվորեն աշխատում են` փորձելով քաղաքացիներին համոզել իրականացնել սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքները: Այն երկրներում, որտեղ դա հաջողվում է, հանրության կողմից հաստատվում է արդյունավետ վերահսկողություն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, ինչն էլ բերում է կառավարման որակի բարելավման և շարունակական զարգացման: Որտեղ որ դա չի հաջողվում, այդ երկրները շարունակում են տառապել աղքատության ճիրաններում և հետամնացության մեջ, ղեկավար պաշտոններ զբաղեցնող մի քանի հոգի դառնում են երկրի հիմնական հարստության տերը և աստիճանաբար վերածվում են կաստայի:

Մեր հասարակության հիմնական դերն այս ընտրություններում նկարագրված երկրորդ սցենարը բացառելն է:

Հայկ Խանումյան

«Անալիտիկոն» ամսագիր

http://theanalyticon.com/

Այս խորագրի վերջին նյութերը