Կարծիք

04.07.2012 15:37


Մաշտոցի պուրակի կրպակներ, Ռուբեն Հայրապետյան …

Մաշտոցի պուրակի կրպակներ, Ռուբեն Հայրապետյան …

Ռուբեն Հայրապետյանը եթե պետք է հրաժարվեր պատգամավորի մանդատից, ապա դա պետք է աներ Վահե Ավետյանին ծեծի ենթարկելուց անմիջապես հետո: Ուզում եմ շեշտել` ոչ թե Վահեի մահից, այլ դաժանի , անմարդկային ծեծից հետո: Իսկ հիմա Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը լումայի արժեք էլ չունի: Իսկ ամենամտահոգիչն այն է, որ նա հրաժարական է տվել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

Նախագահականի վերահսկողության տակ գտնվող կայքերը դեռ Սերժ Սարգսյան-Ռուբեն Հայրապետյան հանդիպումը նոր-նոր սկսած, հղում կատարելով իրենց աղբյուրների վրա, գրեցին, թե ՀՖՖ նախագահը հրավիրվել է նախագահական, իսկ հետո տարածվեց Ռուբեն Հայրապետյանի հուզական հայտարարությոնը:

Այսպիսով, հերթական անգամ արձանագրում ենք, որ Հայաստանն իրավական պետություն չէ: Այստեղ օրենքը որեւէ արժեք չունի: Հայաստանը վաղ ֆեոդալական շրջանի, թույլ զարգացած բացարձակ միամետություն է, որտեղ միապետի խոսքը որոշում է եւ քննարկման ենթակա չէ: Եթե նա գտնում է, որ այս կամ այն կառույցը գեղեցիկ չեն, ապա դրանք պետք է քանդվեն, եթե նա գտնում է, որ այս կամ այն մարդը չպետք է պատգամավոր լինի, ապա չի լինում:

Այս իրավիճակում ծիծաղելի վիճակում են հայտնվում բոլոր նրանք, ովքեր փորձում են Սերժ Սարգսյանին ներկայացնել լուսապսակով, հերոսի կերպարով: Իրականում հիմա, որքան էլ տարօրինակ հնչի, Հայաստանի ներկայով եւ ապագայով շահագրգիռ բոլոր մարդիկ պետք է շանս շանս չտանք իշխանությանը «մանդատից հրաժարում» խաղալ: Իհարկե լավ է,մ որ Հայրապետյանը ճնշումների ներքո ընկրկեց, բայց վատ է, որ դա գրանցվի Սերժի օգտին։

Ռուբեն Հայրապետյանին մենք լավ ենք ճանաչում: Եւ ուզում եմ շեշտել, որ Վահե Ավետյանի մահվան մեջ միակ մեղավորը նա չէ կամ այն հրեշներն ու անուղեղները, որոնք կարող են մարդուն այնքան հարվածել, որ մահանա: Մեղքի մեծագույն բաժինն ունեն նաեւ այն լրագրողները, որոնք բերանները բացած ծիծաղում էին, երբ Ռուբեն Հայրապետյանն ասում էր, թե ինքը պետք եղած դեպքում պատժելու եւ ծեծելու է: Անհրաժեշտության դեպքում կարելի է մեկ առ մեկ գրել այն լրատվամիջոցների եւ այն լրագրողների անունները, որոնք ուրախությունից բերանները չէին կարողանում փակել, երբ Հայրապետյանը հպարտորեն խոսում էր ծեծելու եւ պատժելու մասին: Վստահաբար կարելի է ասել, որ հաստատ Վահեի եւ նրա ընտանիքի հետ նման դաժան դեպք տեղի չէր ունենա, եթե այդ նույն ասուլիսի ժամանակ գոնե մի լրագրող գտնվեր, ով Ռուբեն Հայրապետյանին հիշեցներ, որ նա դահիճ կամ դատավոր չէ, որ պատժելու որոշումներ կայացնի եւ իրականացնի այդ որոշումը: Վահեն այսօր կենդանի կլիներ, եթե այդ ասուլիսից հետո Հայրապետյանը հրավիրվեր գլխավոր դատախազությունը եւ բացատրություն տար իր հայտարարության համար: Այնպես որ, Վահեի մահվան մեջ մեղքի մեծագույն բաժինն ունեն նաեւ իրավապահները, լրագրողները, մենք, որ այսքան անտարբեր ենք:

Իսկ հիմա, այս ամենից հետո փորձ է արվում այնպիսի տպավորություն ստեղծել, թե գոյություն ունի արդարամիտ, ազնվաբարո նախագահ, որը պայքարում է քառասուն ավազակների կամ օլիգարխների դեմ: Իրականում մեր աչքի առաջ իրականացվում է մեկ ֆեոդալ կամ մեկ օլիգարխ գործողությունը: Դժվար չէ կռահել, որ հայտնի կենտրոնից վերահսկվող լրատվամիջոցները ջանք ու եռանդ չեն խնայելու ժողովրդին համոզելու համար, որ մեր երկրի անհաջողությունների պատճառը Ռուբեն Հայրապետյանն ու մյուս օլիգարխ կոչվածներն են: Բնականաբար, աղքատ ու ընչազուրկ զանգվածի մի մասը կհավատա այդ հեքիաթին եւ կծափահարի սեփականության մեծ վերաբաշխումը, որն էլ ավելի կնպխաստի մեր երկրի կործանմանը:

Պարզից էլ պարզ է, որ նույն Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը կվերածվեն նորմալ խոշոր գործարարների, եթե երկրի ղեկավարությունը նրանց չպարտադրի տարատեսակ ծառայություններ մատուցել ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ եւ ընտրություններից հետո: Որեւէ մեկը չի մոռացել, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը թաղ-թաղ ընկած կոչ անում քվեարկել Թոխմախի Մհերի, Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի օգտին: Իսկ ոմանք կարծում են, թե ժողովրդի հիշողությունը շատ կարճ է եւ բազմաչարչար հայ ժողովրդին ապուշի տեղ են դնում: Սոցիալական ցանցերում գոյություն ունեցող եւ չունեցող օգտատերերը սկսել են Սերժ Սարգսյանի գովքն անել՝ մտածելով, թե մի երկու լումա փող են աշխատում, բայց իրականում մասնակցում են մեր երկրի կործանմանը:

Մենք պետք է մտածենք այն մասին, որ Հայաստանը վերածվում է ադրբեջանակլան տիպի սուլթանության, բայց առանց նավթի եւ գազի: Հիմա մենք պետք է ոչ միայն կենտրոնոնանք Ռուբեն Հայրապետյանի վրա և հետևենք մարդասպանների դատավարությանը, այլ նաև զբաղվենք հիմնական հանցագործների խնդրով: Մենք երկիր ենք կորցնում, իսկ նստել եւ տուն-տունիկ ենք խաղում:

Վարդան Մխիթարյան      

Այս խորագրի վերջին նյութերը