Լրահոս

04.07.2012 13:46


Երվանդ Զախարյանը վարչապետի ու արդարադատության նախարարի վիճաբանության պատճառ է դարձել

Երվանդ Զախարյանը վարչապետի ու արդարադատության նախարարի վիճաբանության պատճառ է դարձել

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրել է նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների ցանկին հավանություն տալու հարցը։ Սակայն երբ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանն այդ հարցի կապակցությամբ առաջարկել է լրացուցիչ քննարկումներ անցկացնել, Հրայր Թովմասյանը բորբոքվել է։ Իրավիճակին միջամտել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով պաշտպանել է Զախարյանի առաջարկը՝ այն մերժելը ճիշտ չհամարելով։

Գործողությունների ծրագրում փորձ անել անդրադառնալ հայեցակարգային դրույթներին, կարծում եմ՝ կոռեկտ չէ,–հակադարձել է Հ. Թովմասյանը՝ պնդելով, որ այս միջոցառումների ծրագիրը նախապես քննարկվել է, և նոր բան չկա։

Վարչապետն էլ ընդգծել է, որ արդարադատության նախարարն իզուր է ընդդիմանում՝ անհասկանալի համարելով նրա բացատրությունները։

Գործընկերության կոռեկտությունը ենթադրում է՝ եթե գործընկերը խնդրում է քննարկում, պետք է քննարկում լինի՛։ Ի՞նչ բանավիճելու առարկա կա,–նկատել է Տ. Սարգսյանը։

Հրայր Թովմասյանը, սակայն, շարունակել է համառել, ինչին ի պատասխան՝ վարչապետը  մեկ անգամ ևս նրան խնդրել է կոռեկտությունը չխախտել։

Չե՛մ խախտում,–պնդել է Հ. Թովմասյանը։

Բա ի՞նչ եք անում։ Պետք է լսել՝ պարոն Զախարյանն ինչ է ասում,–իր հերթին պնդել է վարչապետը։

Ի վերջո, առաջարկությունն ընդունվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը