Լրահոս

04.07.2012 09:49


Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարվելու մասին հայտարարությունը մտածելու տեղիք է տալիս Հայաստանում որոշումների կայացման մեխանիզմների մասին

Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարվելու մասին հայտարարությունը մտածելու տեղիք է տալիս Հայաստանում որոշումների կայացման մեխանիզմների մասին

 Հուլիսի 3-ին հանրության ճնշման ալիքի ազդեցությամբ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց ԱԺ մանդատը վայր դնելու մասին: Պատճառը հունիսի 17-ին Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում մի խումբ ռազմական բժիշկների խոշտանգումն է, որի արդյունքում ծեծի ենթարկվածներից մեկը` Վահե Ավետյանը, հունիսի 29-ին մահացել է:

Ռուբեն Հայրապետյանի` նախագահական նստավայր գնալը և դրանից անմիջապես հետո մանդատից հրաժարվելու մասին հայտարարություն անելը հերթական անգամ մտածելու տեղիք է տալիս Հայաստանում որոշումների կայացման մեխանիզմների մասին: Դա նաև փորձ էր՝ կասեցնել Ազգային ժողովում խնդրի շուրջ ակնկալվող լայնածավալ քննարկումները:

Հասարակական ճնշումը չի՛ դադարելու:

Կան գործի այլ կողմեր ևս: Հաստատված փաստ է, որ ծեծի մասնակիցների թվում են եղել Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնազորի անդամներ: Սա հիմք է ենթադրելու, որ հունիսի 17-ի հանցագործության ժամանակ «Հարսնաքարում» է գտնվել, չի բացառվում` հաշվեհարդարի հրահանգ է տվել հենց ինքը` Ռուբեն Հայրապետյանը:

Պահանջում ենք`

  • Դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ:
  • Քրեական գործում ներգրավել հունիսի 17-ի հանցագործության հետ առնչված բոլոր անձանց:
  • Հեռացնել Ռուբեն Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:

Հիշեցնում ենք, որ վաղը` 04.07.2012թ., ժ 10:00 Ազգային ժողովի մոտ տեղի է ունենալու ակցիա` վերոնշյալ պահանջներով: Այդ ժամին ԱԺ-ի դահլիճում ներկա են լինելու բոլոր խմբակցությունները` մասնակցելու Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյի հետ:

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը