Լրահոս

18.01.2011 13:31


Լատվիան ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ԼՂ բանակցային գործընթացին

Պատասխանելով Լատվիայի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հռչակագրում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ տեղ գտած մի շարք աղավաղված ձեւակերպումների մասին հարցին, Լատվիայի ԱԳՆ երկկողմ հարաբերությունների վարչության տնօրեն Յանիս Զլամեցը նախ նշեց, որ Լատվիան ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին եւ որեւիցե նպատակ չունի խանգարելու այդ գործընթացին: Լատվիացի բարձրաստիճան դիվանագետը նաեւ հավելեց, որ իր երկրի դիրքորոշումը ամբողջովին համընկնում է ԵՄ դիրքորոշմանը, որը տարբեր առիթներով արտահայտվել է ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպույի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ընդհանուր արտաքին եւ պաշտպանական միասնական քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթին Էշթոնի կողմից, առ այն որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի կանոնադրության եւ միաջազգային իրավունքի  ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների հիման վրա:

Եզրափակելով լատվիացի բարձրաստիճան դիվանագետն ասաց, որ Լատվիան միացել է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հելսինկյան եւ աթենքյան հայտարարություններին, ինչպես նաեւ Աստանայի հռչակագրին, որտեղ ամեն ինչ հստակ ամրագրված է:   

Այս խորագրի վերջին նյութերը