Կարծիք

03.07.2012 16:45


Երկու խոսք Վահե Ավետյանի դեպքի մասին

Երկու խոսք Վահե Ավետյանի դեպքի մասին

Անկեղծ ասած, սկզբում որոշել էի հնարավորինս լուռ մնալ ու որևէ բան չասել, որովհետև Հայաստանից հեռու գտնվելով` լրիվ հավանական եմ համարում, որ կարող եմ լիովին չընկալել կատարվածը, բայց որովհետև Ֆեյսբուքը ողողված է զանազան գրառումներով, հոդվածներով ու լինքերով, որովհետև դրանցից մի քանիսն ինձ ջղայնացնում են, ու տակը որևէ մեկնաբանություն եմ թողնում, որից հետո բարձրաձայն կամ հետևից մեղադրանքներ եմ ստանում, թե արդարացնում եմ ծեծողներին, որոշեցի այս գրառմամբ արտահայտել կարծիքս ու բացատրել, թե կոնկրետ ինչն է ինձ ջղայնացնում:


Հասկանում եմ, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, հասկանում եմ, որ տարիներ առաջ նման դեպքերն այսպիսի արձագանք չէին ստանում, որովհետև դեռ անտարբեր վիճակ էր, բայց պետք է հասկանալ, որ բաներ կան, որ խառնել չի կարելի, հատկապես երբ գործ ունենք այնպիսի նուբր դեպքի հետ, ինչպիսին մարդու մահն է:

Հասկանում եմ ցավը, որ բոլորն ապրեցին ու գնացին մոմավառության, հոգեհանգստի, թաղման: Բայց չեմ հասկանում էն մարդկանց, որոնք մոմավառությունից հեղափոխություն էին սպասում, իսկ հոգեհանգստին ու թաղմանը ներկա-բացակա անելով, թե` ՀՀԿ-ից մարդ չկար: Չեմ հասկանում նաև, թե ինչու են հոգեհանգստի կադրերը, Վահեի նկարը կոմայի մեջ ժրաջանորեն տարածում:

Այսօր Աշոտյանը հայտարարել է, որ որոշ մարդիկ կային, որ սպասում էին Վահե Ավետյանի մահվանը: Հայտարարությունը կատաղացրեց Ֆեյսբուքահայությանը: Ցավով պիտի նշեմ, որ էս անգամ Աշոտյանը ճիշտ է նկատել: Իսկապես կային մարդիկ, որոնց պետք էր այս մահը, որ ևս մեկ խաղաքարտ ունենային «ավազակապետություն» գոռալու ու կոնկրետ էս դեպքում Նեմեցին մանդատից զրկել պահանջելու:

Բայց եկեք մի պահ սառը դատենք: Ի՞նչ հիմքով պիտի Նեմեցին մանդատից զրկեն: «Առանց շեֆի հրամանի չէին անի», «Նեմեցն ա տենցներին բուծել» ու նմանատիպ այլ արտահայտություններն ապացուցելի չեն, ու ըստ էության մինչև վերջ էլ չես կարող հաստատ իմանալ իսկապես այդպես է, թե ոչ: Ասեմ, որ եզ թիկնապահներ ամեն տեղ էլ կան, ուղղակի իրենց նորմալ են պահում, որովհետև գիտեն, որ եթե օրենքից դուրս որևէ բան անեն, անպայման կպատժվեն:

Հիմա ինչու՞ չպահանջենք, որ Վահե Ավետյանին ծեծելով սպանածներն օրենքի ողջ խստությամբ պատժվեն: Վերջիվերջո, Հայաստանում շատ ավելի հեշտ է հարցերին կոնկրետ լուծումներ տալ, քան համակարգային փոփոխություններ պահանջել (Մաշտոցի պուրակ, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ և այլն): Ու կարծում եմ` դա ավելի ճիշտ ուղի է, քան ամեն վատ դեպքից հետո ավազակապետություն գոռալը:

Մտքերս էլի խուճուճ ստացվեցին, բայց հուսով եմ` կարողացա ասելիքս տեղ հասցնել:

Բյուրակն Իշխանյան

http://byurie.livejournal.com/556288.html

Այս խորագրի վերջին նյութերը