Լրահոս

03.07.2012 16:44


ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին

Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային:

Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց,  որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է Հայաստան-Եվրամիություն գործակցությունը`  ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Աշխուժացել են բարձր մակարդակի երկկողմ շփումները, ինչպես Եվրամիության  կառույցների, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ: Հովիկ Աբրահամյանը  կարեւորեց Եվրամիություն-Աժ համագործակցությունը` նշելով, որ խորհրդարանը մեծապես շահագրգված է փոխգործակցության խորացմամբ, որը կնպաստի նաև երկրում իրականացվող բարեփոխումների հաջող ընթացքին: Պարոն Աբրահամյանը հավաստեց Հայաստանը եվրոպական ընտանիքում, ժողովրդավարական երկրների շարքում տեսնելու ՀՀ իշխանությունների քաղաքական կամքն ու ցանկությունը:

Հայաստանում Եվրոպական Միության  պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան նշեց, որ եվրոպական կառույցները  բարձր են գնահատում Հայաստանի եւ Ազգային ժողովի հետ համագործակցությունը: Նրա համոզմամբ` Ազգային ժողովը մեծ դերակատարություն ունի երկրում ժողովրդավարական  բարեփոխումների իրականացման հաջողության գործում,  և այս համատեքստում բարձր գնահատեց խորհրդարանը բազմակարծության ամբիոն դարձնելու  Հովիկ Աբրահամյանի ջանքերը: Անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահի առաջիկա այցին տարածաշրջան` դեսպանը նշեց, որ  Հայաստանը Արևելյան Գործընկերության երկրներից առաջինն է, որ այցելելու է Հերման Վան Ռոմպոյը: Նրա խոսքով` Եվրոպական խորհրդի նախագահի այցը նշանակում է,  որ Եվրամիությունը բարձր է գնահատում  և խրախուսում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները եւ ողջունում է այդ ուղղությամբ մեր երկրի առաջընթացը: 
  
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ փոխադարձ կարեւորության այլ հարցեր:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը