Լրահոս

03.07.2012 21:40


Ադրբեջանում ձերբակալվել է «Թալիշի ձայնը» թերթի գլխավոր խմբագիրը

Ադրբեջանում ձերբակալվել է «Թալիշի ձայնը» թերթի գլխավոր խմբագիրը

Ադրբեջանցի իրավապահները թմրանյութեր պահելու մեղադրանքով ձերբակալել են «Tolishi Sedo» թերթի գլխավոր խմբագրին, երբ վերջինս ռուսական հեռուստաընկերություններից մեկին տրված հարցազրույցի ժամանակ քննադատել էր երկրի իշխանություններին:

Հիլալ Մամեդովն Ադրբեջանում թալիշական ազգային փոքրամասնությունը ներկայացնող «Tolishi Sedo» («Թալիշի ձայնը») թերթի գլխավոր խմբագիրն է:

Ադրբեջանա-իրանական սահմանամերձ շրջաններում բնակվող այս էթնիկական փոքրամասնության նուրբ խնդիրը նույնպես կարող է Մամեդովի ձերբակալության պատճառներից մեկը լինել:

Խմբագրի կինը`Բահարը, պատմում է, թե ինչպես հունիսի 21-ին քաղաքացիական հագուստով շուրջ կես տասնյակ մարդիկ բռնել են Մամեդովին փողոցում, ստիպել նրան նստել մեքենա եւ տարել են Բաքվի ոստիկանության բաժանմունք:  

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության մամլո խոսնակ Էհսան Զահիդովը հայտարարել է, որ Մամեդովի գրպանում 5.8 գրամ հերոին է հայտնաբերվել, իսկ նրա բնակարանի խուզարկության ընթացքում`եւս 28,3 գրամ նույն ապօրինի թմրանյութից:   

Մամեդովի ձերբակալության հաջորդ օրը դատարանը որոշում կայացրեց վերջինիս 3 ամսով կալանքի տակ պահելու վերաբերյալ:

Խմբագրի փաստաբան Անար Գասիմովի խոսքերով`Մամեդովի իրավունքները բազմիցս ոտնահարվել են: Հունիսի 21-ին Գասիմովին թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալի հետ եւ ներկա գտնվել նրա բնակարանի խուզարկության ժամանակ:

«Ոստիկանության բաժանմունքում ինձ ասացին, որ աշխատանքային օրն ավարտվել էր, եւ ինձ թույլ չտվեցին տեսնել Հիլալ Մամեդովին: Նույն երեկոյան նա ճնշման տակ վկայություն էր տվել: Նրա ոտքերին կապտուկներ կային, չի բացառվում, որ մահակներով հարվածել են ոտքերին, որպեսզի մարմնի այլ մասերին հետքեր չմնան», - ասում է Գասիմովը:

Այս տարվա գարնանը Youtube-ում Մամեդովի տեղադրած տեսահոլովակը, որտեղ վերջինս ներկայացնում էր մոտավորապես այսպիսի բովանդակությամբ հետեւյալ երգը`«Ո՞վ ես դու, գնա, ցտեսություն», ռուսական համացանցային տիրույթում մեծ աղմուկ բարձրացրեց, իսկ այնուհետեւ սկսեց օգտագործվել ռուսական ընդդիմադիր ակտիվիստների կողմից: Թեւավոր խոսք դարձած արտահայտությունն արագորեն տարածվեց Թվիթերի ռուս օգտատերերի շրջանում:  

Տեսահոլովակի ունեցած բացառիկ հաջողության մասին ռուսական «НТВ» հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ Մամեդովը ծաղրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վարչակարգի`երկիրը գովազդելու փորձերը եւ հայտարարել է, որ իր կարճամետրաժ տեսահոլովակն ավելի մեծ ազդեցություն է ունեցել, քան իշխանությունների մեծամասշտաբ գովազդային արշավը:

Թալիշների ազգային փոքրամասնության խնդիրը նույնպես խոցելի հարց է Ադրբեջանի իշխանությունների համար: Նրանց մտահոգում են Թեհրանի`Ադրբեջանում իր ազդեցությունը մեծացնելու փորձերը, եւ այն փաստը, որ թալիշներն ապրում են ադրբեջանա-իրանական սահմանին ու պարսկերենին մոտ լեզվով են խոսում նշանակում է, որ նրանց մշտապես ուշադրությամբ հետեւում են:  

Հիլալ Մամեդովը ստանձնել էր «Tolishi Sedo» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը միայն հունիսի 9-ին, եւ նրա ղեկավարությամբ հրապարակվող թերթի առաջին համարը պետք է լույս տեսներ ամսվա վերջին:

«Հիլալին մի քանի անգամ զգուշացրել էին չհրապարակել թերթը թալիշերենով», - ասում է նրա կինը`Բահարը:

Ավելի վաղ Մամեդովը փորձել էր պաշտպանել թերթի նախկին խմբագրին`Նովրուզալի Մամեդովին, որը բանտարկվել էր 2008-ին հայրենիքին դավաճանելու մեղադրանքով, իսկ 2 տարի անց մահացել էր բանտում:  

Այսպիսով, Հիլալ Մամեդովը համալրում է տարբեր մեղադրանքներով անազատության մեջ գտնվող եւ դատական լսումներին սպասող լրագրողների շարքերը, որոնց թիվը գնալով աճում է:

«Խաջալ TV» հեռուստաալիքի լրագրողներ Վուգար Գոնագովը եւ Զաուր Գուլիեւը մեղադրվում են այս տարվա մարտին Գուբա քաղաքում անկարգություններ հրահրելու մեջ, «Խուրալ» ամսագրի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալիի դեմ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից մեկը դրամաշորթության մեղադրանք է ներկայացրել: Ադրբեջանի թալիշաբնակ շրջանում «Խուրալ» ամսագրի թղթակից Այդին Ջանիեւը նույնպես անազատության մեջ է գտնվում տեղացի կրոնական առաջնորդին ապօրինի կերպով կալանավորելու մեղադրանքով:

Բացի այդ, Մամեդովն առաջին լրագրողը չէ, որի դեմ թմրանյութերի հետ կապված մեղադրանքներ են առաջադրվել:

«Ազադլիգ» թերթի թղթակից Միրզա Սաքիթը, «Real Azerbaijan» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաեւը, www.islamazeri.az կայքի խմբագիր Ռամին Բայրամլին եւ իրանական «Սահար» հեռուստաալիքի լրագրող Անար Բայրամլին ձերբակալվել են նույն`ապօրինի կերպով թմրանյութեր պահելու մեղադրանքով: Բոլոր այս լրագրողները պնդում են, որ ոստիկանությունն իրենց նկատմամբ կեղծ մեղադրանքներ է առաջադրել:   

«Եթե հավատանք իշխանություններին, կպարզվի, թե աշխարհում ադրբեջանցի լրագրողների շրջանում ամենից շատ թմրամոլներ կան: Ցանկացած քննադատական նյութ գրելիս, նրանք ենթարկվում են թմրանյութերի հետ կապված կեղծ մեղադրանքներով բանտարկվելու սպառնալիքին: Իշխանությունները պետք է դադարեցնեն քննադատող լրագրողների հետապնդումները, եւ կարելի է սկսել Հիլալ Մամեդովին ազատելով», - հայտարարել է ԱՄՆ-ում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպության փոխտնօրեն Ռոբերտ Մահոնին: 

Ներքին գործերի նախարարության մամլո քարտուղար Զահիդովը, սակայն, ժխտում է, որ Մամեդովի դեմ կեղծ մեղադրանքներ առաջադրելու մասին հայտարարությունները:

«Ոստիկանությունը խուզարկել է այս անձնավորության տունը եւ վկաների ներկայությամբ նրա բաճկոնի գրպանում թմրանյութ է հայտնաբերել: Ինչպե՞ս կարելի է այս ամենը կեղծ անվանել», - տարակուսում է նա:

Ընդդիմադիր քաղաքական գործիչները հավատ չեն ընծայում այս հայտարարություններին`եզրակացնելով, որ Մամեդովին կեղծ մեղադրանքներով են բանտարկել: Այս ձերբակալության դեմ իրենց բողոքն արտահայտելով`«Ժողովրդական ճակատ» եւ «Մուսավաթ» կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Իսկ իշխանամետ պաշտոնյաներն անգամ չեն էլ սպասում Մամեդովի գործով դատարանի որոշմանը`չկասկածելով, որ լրագրողը մեղավոր է: 

«Ադրբեջանում ոչ մի լրագրող իր հոդվածների համար չի ձերբակալվել: Նրանցից բոլորն էլ պատժվել են իրենց գործած հանցանքների համար, այդ թվում`Հիլալ Մամեդովը», - պնդում է իշխանամետ «Անա Վաթան» կուսակցության նախագահ Ֆազաիլ Աղամալին:

Նա այն կարծիքին է, որ ոստիկանության զեղծարարությունների վերաբերյալ հայտարարությունները պարզապես Ադրբեջանի թշնամիների, այդ թվում`հայերի կազմակերպած դավադրության արդյունքն են:  

«Որոշ միջազգային կազմակերպություններ գործում են հայերի ազդեցության ներքո եւ նրանց տեղական աջակիցների օգնությամբ`ի դեմս որոշ ՀԿ-ների աշխատակիցների, եւ կեղծ տեղեկատվություն են տարածում`անվանարկելով Ադրբեջանը», - եզրակացնում է նա:

 Իդրակ Աբբասով,«Ayna» թերթի թղթակից

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net

Այս խորագրի վերջին նյութերը