Լրահոս

03.07.2012 16:22


Քննարկվել են աղբահանության ծրագրին առնչվող հարցեր

Քննարկվել են աղբահանության ծրագրին առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեյվիդ Դոուլին:

Զրուցակիցները քննարկեցին բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին և հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց գործակցության մակարդակից` կարեւորելով ԱԶԲ-ի աջակցությամբ մարզերում իրականացվող ենթակառուցվածքների`հատկապես ճանապարհների, ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագրերը: Նա նշեց, որ մարզերում և համայնքներում ենթակառուցվածքների զարգացման ուղղությունը շարունակում է առաջնային լինել նոր կառավարության համար, եւ հույս հայտնեց, որ այդ ոլորտում արդյունավետ գործակցությունը կշարունակվի:

Փոխվարչապետն անդրադարձավ նաև ԱԶԲ աջակցությամբ իրականացվող քաղաքային կայուն զարգացման ծրագրին` նշելով, որ կառավարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են Գյումրի, Վանաձոր, Ջերմուկ եւ Դիլիջան քաղաքների զարգացման ծրագրերը, որոնք ընդգրկված են նաև ԱԶԲ-ի ծրագրում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրի վերաբերյալ առաջիկայում համատեղ քննարկում կազմակերպել` քաղաքում ներդրումային նախագծեր իրականացնող և շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկվեցին քաղաքային համայնքների համար կարեւոր նշանակություն ունեցող մեկ այլ` աղբահանության ծրագրին առնչվող հարցեր: Կարեւորվեց գործարար միջավայրի համար առավել գրավիչ պայմանների առաջարկումը` հաշվի առնելով, որ նման նախագծերի իրականացումն առավել արդյունավետ կարող է լինել մասնավոր հատվածի հետ գործընկերությամբ: 
Բացի նշված ուղղություններից, հեռանկարային համարվեց դպրոցաշինության, գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը:

Կողմերն անդրադարձան նաեւ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին` հույս հայտնելով, որ առաջիկայում կմեկնարկի ծրագրի իրականացման հիմնական փուլը:

Հասարակայնության հետ կապերի բաժին 

Այս խորագրի վերջին նյութերը