Լրահոս

03.07.2012 20:20


Ուսումնասիրվում են ՏԻՄ-գործարար հատված հարաբերություններում վարչական կախվածության խնդիրները

Ուսումնասիրվում են ՏԻՄ-գործարար հատված հարաբերություններում վարչական կախվածության խնդիրները

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում կիսամյակային հաշվետվություն ներկայացվեց ՏԿՆ 2012թ. գերակա խնդիրների եւ միջոցառումների իրականացման վերաբերյալ: ՏԿՆ աշխատակազմի ղեկավար Կարեն Իսախանյանը մասնավորապես տեղեկացրեց, որ մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է կարգավորել մինչև 300 և 300-ից ավելի բնակիչ ունեցող համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացման խնդիրը:

Ուսումնասիրվում են ՏԻՄ-գործարար հատված հարաբերություններում վարչական կախվածության մեխանիզմների, ընթացակարգերի օրենսդրական կանոնակարգվածության խնդիրները, և անհրաժեշտության դեպքում նախարարությունը դրանք պարզեցնելու առաջարկություններ կներկայացնի: 

ՏԿՆ կողմից իրականացվում է ՀՀ պետբյուջեի և այլ միջոցների հաշվին տարածքներում կատարվող ներդրումների արդյունավետության հաշվարկման, ինչպես նաև մարզային զարգացման ծրագրերի տարեկան պլանով նախատեսված աշխատանքների գնահատման գործընթաց: Զեկուցվեց, որ մշակման փուլում են տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման մոտեցումները, որոնք կամբողջականացվեն մեկ ամսվա ընթացքում:

Նիստում ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը տեղեկատվություն ներկայացրեց միջազգային տարբեր կազմակերպությունների աջակցությամբ համայնքներում իրականացվող ծրագրերի և համայնքների կողմից դրանց համաֆինանսավորումների կատարման ընթացքի վերաբերյալ:

Նիստը վարող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հանձնարարեց հետևել, որպեսզի համաֆինանսավորումը ժամանակին և սահմանված չափով իրականացվի հատկապես ընթացքում գտնվող ծրագրերի մասով:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ որոշ մարզպետներ դիմել են` մի շարք համայնքներում, որտեղ նկատվում է սեփական եկամուտների թերի հավաքագրում, լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու խնդրանքով: Նա հանձնարարեց դիմել բոլոր մարզպետներին` առաջարկություններ ստանալու հաստատված ժամանակացույցից դուրս վարչական վերահսկողության նպատակով ստուգումներ իրականացնելու համար:

Կոլեգիայի նիստում անդրադարձ եղավ նաև հուլիսի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին. 16 համայնքում կանցկացվեն համայնքապետի, 4 համայնքում` ավագանու ընտրություններ: Զեկուցվեց, որ բոլոր այդ համայնքներում ընտրությունների նախապատրաստման հետ կապված աշխատանքները կատարված են:

ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը ներկայացրեց ոռոգման համակարգում ընթացիկ իրավիճակը: Նշվեց, որ հուլիսի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հավաքագրվել է 303 մլն դրամ ավելի գումար: Սակավաջրության հետ կապված համակարգում որոշակի լարվածությունը պահպանվում է, սակայն, ըստ Ա. Անդրեասյանի, Ջրօգտագործողների ընկերությունների և համայնքապետերի համատեղ ջանքերով գյուղացիական տնտեսություններն ապահովվում են անհրաժեշտ ջրաքանակով:

Քննարկվեցին նաև Գյուղական համայնքների երկրորդ համաժողովի կազմակերպական հարցեր: Համաժողովը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին` համատեղելով Արենիի գինու փառատոնի հետ: Համաժողովի օրակարգի և ձևաչափի հետ կապված հարցերը կքննարկվեն ՏԿՆ կոլեգիայի հաջորդ նիստում:
Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը