Կարծիք

03.07.2012 16:15


«Հերքման» հերքում

«Հերքման» հերքում

Հարգելի խմբագրություն, նախ զարմանքով, ապա և վրդովմունքով կարդացի ձեր կայքում 28.06.2012թ. տեղադրված  «Սերժ Սարգսյանի համակուրսեցին դատի է տվել «7օր»–ին և փող է պահանջում» հոդվածում (տե՛ս http://7or.am/am/news/view/37282/) հղման տեսքով տեղադրված «Հերքում.  Ձեզ զանգահարողները ոչ թե դժգոհ ծնողներ են, այլ դպրոցից ազատված 2-3 նախկին ուսուցչուհիներ» http://7or.am/am/news/view/33534/ ` տպագրված 17.04.2012թ.: Նշյալ սադրիչ բնույթի հոդվածը հրապարակման պահին ընթերցելու, և բնական է  պատասխանելու  պատեհություն չեմ ունեցել, իսկ ուսուցիչները, որոնք աշխատանքից ազատվել են ավելի քան երկու տարի առաջ և չունեն որևէ առնչություն դպրոցի հետ, իմանալով այդ մասին`  ոչ պակաս վրդովված էին:

Հիմա անդրադառնամ  բուն «հերքման» արժանահավատությանը:

Բազմաթիվ քննադատական, ինչպես նաև որոշ «քնարական» հոդվածների առանցքում մշտապես գտնվող դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը սիրում է կրկնել, որ իրենք տարբերվում են ուրիշներից «ուրույն ձեռագրով», որն, ինչպես երևում է, փոխանցվել է նաև նրա ներկայացուցիչ Արշակ Թովմասյանին: Վերջինս, փաստաբան լինելով հանդերձ, իր նշանավոր «հերքման» մեջ փաստերին ապավինելու փոխարեն, տուրք է տվել բացառապես միայն երևակայությանը.   «Պարզաբանեմ նաև, որ Ձեզ զանգահարողները ոչ թե դժգոհ ծնողներ են, այլ դպրոցից ազատված 2-3 նախկին ուսուցչուհիներ, որոնք «հալածյալի» կերպարանք ընդունած ամեն կերպ փորձում են վարկաբեկել թե Ռ. Ազիզյանին և թե դպրոցի ողջ կոլեկտիվին»:  Սույն «վերդիկտային» պնդման բաղադրությունն այնքան «օդային» է, որ տեղին կլիներ հարցնել. – Լավ ե՞ս մտածել: Կարծում եմ, եթե որևէ մեկը պատրաստակամություն է հայտնում ինչ-որ բան պարզաբանել, ուրեմն նախ ի՛ր համար պետք է, որ ամեն ինչ պարզ լինի: Նույնիսկ նշանավոր Շերլոկ Հոլմսը, դեդուկտիվ մեթոդով վերլուծություններ անելիս հենվում էր, թեկուզ նվազագույն, բայց անառարկելի փաստերի վրա, և որ ամենակարևորն է, նա իր կասկածներն ու վարկածները չէր ներկայացնում որպես կատարված իրողություն:

Չներկայացնելով (ակնհայտորեն չունենալով) որևէ փաստ  «հերքման» պահանջն առաջացրած հաղորդագրության հեղինակների վերաբերյալ, դեդուկցիայի նորահայտ ջահակիրը ասպետաբար նշում է. «Դիտավորյալ չեմ նշում անուններ, քանի որ Ձեր հրապարակման մեջ էլ դրանք բացակայում են: Եթե Ձեզ կհետաքրքրեն վճիռները, կարող եմ ծանոթացնել», մինչդեռ, ելնելով իր իսկ մատնանշած դատական գործի եզակիությունից, դժվար չէր պարզել, թե ում նկատի ուներ ստեղծագործելու թուլություն ունեցող փաստաբանը, իսկ եթե նա իրոք ցանկություն ունենար վճիռներին ծանոթացնելու,  ապա կարող էր ընդամենը ներկայացնել դատական գործի համարը, այն է` ԵՄԴ/0644/02/10, մնացյալը կաներ հետաքրքրված անձը Datalex.am կայքի միջոցով, իսկ այդ գործի նյութերին ծանոթանալիս կարող էին ի հայտ գալ շատ հետաքրքիր «մանրուքներ», ահավասիկ.

1.    Դատական հայցով Ռ. Ազիզյանը դպրոցի և իր անունից  որպես փոխհատուցում ուսուցիչներից պահանջում էր 2 միլիոն դրամ, ինչը դատարանը մերժեց որպես անհիմն և դրա արդյունքում դպրոցից և տնօրենից բռնագանձեց պահանջված գումարի 2 տոկոսը` 40 հազար դրամ:

2.    Համատեղ քննվող  գործի շրջանակներում պարզվեց, որ արհկոմիտեի նախագահ Ժենյա Սարգսյանը ուսուցիչ Լիլիա Մարգարյանին մեկուկես տարի շարունակ  ապօրինաբար մերժել է հատկացրել արհկոմիտեի կանոնադրության մեկ օրինակը և միայն դատարանի որոշման ուժով ստիպված եղավ դատարանի դահլիճում տրամադրել այն:

3.     Պարզվեց նաև, որ արհկոմիտեի նախագահը, որը ելնելով օրենքի և նույն Կանոնադրության պահանջներից պարտավոր էր պաշտպանել աշխատողների շահերը  գործատուի մոտ, այնքան էր ջանացել հակառակն անելիս, որ դատարանի վճռով և ապա ԴԱՀԿ ծառայության որոշմամբ իր արած վիրավորական արտահայտությունների համար դատարանի դահլիճում ներողություն խնդրեց Լիլիա Մարգարյանից, և որպեսզի փարատեմ այդ հարցում հոռետեսների կասկածները և տարաբնույթ ասեկոսեների տեղիք չտամ` ներկայացնեմ այդ նիստի ձայնագրությունից մի դրվագ:

 

4.    Դատաքննության ընթացքում, դատավորի` կողմերին ուղղված այն հարցին, թե մինչև ուսուցիչների արտահայտած դժգոհությունները, մամուլով կամ այլ լրատվամիջոցներով եղե՞լ է որևէ այլ քննադատություն դպրոցի կամ տնօրենի հասցեին, Ռ. Ազիզյանը սեփական նախաձեռնությամբ տվեց իր «պարզաբանումը»«…մինչ այդ, դպրոցի վերաբերյալ որևիցե թերթում որևէ հոդված բացասական առումով չի եղել.  ես արժանացա «Մեսրոպ Մաշտոց» շքանշանին` հաջորդ օրը սկսվեց այս ամբողջ իրադարձությունը»:

:

Իհարկե, ուսուցիչներն ու նրանց ներկայացուցիչը լավ ծանոթ լինելով «ուրույն ձեռագրի» ոլորաններին` հալած յուղի տեղ չընդունեցին ինքնապարգևատրման վերոնշյալ ակտը, ընդհակառակը, որոշ ճշտումներից հետո, համարելով այն ՀՀ քրեական օրենսգրքի 338 հոդվածի հատկանիշներով պատժելի արարք` կանխամտածված սուտ ցուցմունք, համապատասխան միջնորդությամբ տնօրենից պահանջեցին ապացույցներ ներկայացնել իր վկայակոչած փաստի` շքանշան ստացած լինելու վերաբերյալ:

5.    Թվում էր, թե ստեղծված իրավիճակում չի կարող փրկել նույնիսկ «ուրույն ձեռագիրը» և «Շքանշան» օպերացիան անհուսալիորեն վտանգված է, սակայն, վերադասավորելով ուժերը, հայցվորներն անցան պլան «Բ»-ի իրականացմանը. Տնօրենը բացակայեց հաջորդ դատաքննական նիստից, հակառակ այն բանի, որ մեր կողմը մինչ այդ միջնորդել էր, որ նա ներկա լինի դատաքննությանը` հարցերին պատասխանելու նպատակով, և այս անգամ արդեն դրսևորվելու հերթը փաստաբանինն էր. Իմ այն հարցին, թե այդ ի՞նչ պետական պարգև եք ներկայացրել դատարանին որպես ապացույց` Արշակ Թովմասյանը պատասխանեց. «Մեսրոպ Մաշտոցի շքանշան».

 :

Ի դեպ, այս ձայնագրություններն ունկնդրելիս կարելի է որոշակի պատկերացում կազմել նաև մեր դատարանների մասին` որպես արդարադատություն իրականացնող իշխանության ճյուղի:

Ինչևէ, ինչպիսի գնահատական էլ որ տանք մեր դատական համակարգին, միևնույնն է, ինչպես հայտնի անեկդոտում է ասվում, «նա չէր կարող այնքան խմել», որ ամեն մի մետաղի ջարդոն` թեկուզ և գունավոր, ընդուներ որպես շքանշան, հատկապես, որ որևէ վկայական ներկայացված էլ չէր, սակայն, ինչպես հետո վճիռը պետք է ցույց տար` դատարանը մեր «հնարամիտների» նկատմամբ այնքան գթառատ գտնվեց, որ ոչ միայն  «համաներեց»  նրանց, այլև ընդառաջեց նրանց հերքում տպագրելու պահանջի խնդրում: Հետագայում, երբ մի առիթով հանդիպեցինք ԱԺ չորրորդ գումարման պատգամավոր Անահիտ Բախշյանին և ներկայացրինք այդ դպրոցի տնօրենի կերպարը նաև դատական իրադարձությունների լույսի ներքո, նա այնքան էր տպավորված, որ ստուգման նպատակով պաշտոնական հարցում արեց ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության պետ Ջեմմա Հակոբյանին, որից էլ ստացավ հետևյալ պատասխանը` թվագրված 02.11.2011թ.. «Տեղեկացնում եմ ձեզ, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը  «Սուրբ Մեսրոպ Մաշտոցե շքանշանով չի պարգևատրվել»։ 

6.    Հարկ եմ համարում տեղեկացնել, որ սուտ ցուցմունքներից անմասն չմնացին նաև տնօրենի միջնորդությամբ որպես վկա ներգրավված 3 - 4 ուսուցիչներ, սակայն, քանի որ, ըստ իս, նրանք հարկադրված  էին դարձել «արդարության ջատագովներ», նրանց վերաբերյալ համապատասխան միջնորդությունը և ձայնագրությունները կներկայացնեմ, եթե արձանագրվեն թերահավատության թեկուզև առանձին դեպքեր:

7.    Գտնում եմ, որ այնուամենայնիվ սույն նկարագրությունը թերի կլիներ, եթե չներկայացնեի իմ տեսակետը տիկին տնօրենի «հաջողությունների» գաղտնիքի վերաբերյալ,  իհարկե, նկատի չունենալով վերադասի հարատև բարեհաճ վերաբերմունքը և դպրոցի շինության մշտնջենական վերանորոգումները, այլ այն, որ դպրոցում  Սահմանադրության 27.1   հոդվածի վրա գործնականում տաբու է դրված, և այն անձինք, ովքեր համարձակվում են բողոքել որևէ անարդարության դեմ, համարվում են «գործ տվողներ», դրանից բխող տխուր հետևանքներով, անկախ նրանից, նրանք ճիշտ են` թե ոչ»:

 

Հուսով եմ, որ ներկայացված համառոտ փաստերը վկայեցին այն մասին, որ վիրավորվածի կեցվացք ընդունելը դեռևս հանիրավի ամբաստանված լինելու նշան չէ, և որ նշածս  «Հերքում» կոչվող հոդվածը պարզապես ուժի ցուցադրություն է,  կրթօջախներից մեկում տիրող մեղմ ասած վնասակար և մերժելի դրվածքը լուսապսակով ներկայացնելու մի անհաջող փորձ:

Հարգելի՛ հայրենակիցներ, կարծում եմ, որևէ դժվար իրավիճակից դուրս գալու համար նախ պետք է օբյեկտիվորեն և ճիշտ բնութագրել հենց այդ իրավիճակը, ուստի առաջարկում եմ մտովի ամբողջացնել ներկայացված, թեկուզև ժլատ փաստերը, և ելնելով նաև յուրաքանչյուրի անձնական տեղեկություններից, որոնք, բարեբախտաբար, շշուկների մակարդակից երբեմն նաև բարձրանում են, գնահատել այն միջավայրը, որին ի պահ ենք տալիս մեր ապագան գրեթե ամեն օր:

 Հ.Գ.1. Նրանց համար, ովքեր գերադասում են արդարության հասնել անանուն հաղորդագրությունների միջոցով` կհորդորեմ, մի՛ արեք այդ բանը, իրավազանցները դրանից ավելի են «հաբռգում»:

Հ.Գ.2. Նրանց համար, ովքեր վիրավորված լինելու մտադրություն կունենան` իրազեկեմ, որ ներկայացված ձայնագրությունները դրվագներ են դռնբաց դատական նիստերից և գործի նյութերից:

Լրացուցիչ գրականություն  կամ ավելի ճիշտ` էպիկրիզ

1.  http://aravot.am/old/am/articles/education/75441/view  «Մինչեւ ե՞րբ»

2. http://www.lragir.am/armsrc/society36740.html   «ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԻՐԱՎԱԶՐԿՈՒՄ ՏՆՕՐԵՆԻ ԿՈՂՄԻՑ»

3. http://old.hetq.am/am/society/m-melqonyan/   «Ուսուցիչների պատասխանը տնօրենին»

4. http://www.lragir.am/armsrc/country-lrahos53975.html  «Հերքում +»

5. http://old.hetq.am/am/society/bac-namak-9/  «Բաց նամակ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին»

6. http://7or.am/am/news/view/26314/  «Ի գիտություն Խորհրդին և հանրությանը»

7. http://hetq.am/arm/articles/8676/dprocy.html  «Դպրոցը»

8. http://www.aravot.am/2011/11/10/4919/  «ԴԱՀԿ-ն թակեց «Առավոտի» դուռը»

Մարգար Մախսուդյան

ԵՄԴ/0644/02/10 քաղ. գործով պատասխանող ուսուցիչների ներկայացուցիչ

Այս խորագրի վերջին նյութերը