Լրահոս

02.07.2012 16:36


50 պատգամավոր Ճապոնիայի իշխող կուսակցությունից հեռացել է. նրանք դեմ են հարկերը բարձրացնելու քաղաքականությանը

50 պատգամավոր Ճապոնիայի իշխող կուսակցությունից հեռացել է. նրանք դեմ են հարկերը բարձրացնելու քաղաքականությանը

Ճապոնիայի իշխող Դեմոկրատական կուսակցությունից հեռացել է 50 պատգամավոր` 38-ը ստորին, 12-ը` վերին պալատներից։ Սկզբում կուսակցությունից հեռանալ ցանկացողները 52–ն են եղել, սակայն նրանցից երկուսը վերջին պահին միտքը փոխել է: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

 Չնայած այս հանգամանքին, վարչապետ Եսիհիկո Նոդայի կուսակցությունը մեծամասնություն է կազմում խորհրդարանի ստորին պալատում` ունենալով 480-ից 251 տեղ: Իսկ վերին պալատի 242 տեղից իշխող կուսակցությանը մնացել է 92-ը:

Հեռացածները դեմ են սպառողական հարկերի բարձրացմանը, որի մասին օրինագիծը քննարկվում է խորհրդարանում: Օրինագիծն արժանացել է ստորին պալատի հավանությանը, այժմ այն պետք է քվեարկության դրվի նաև վերին պալատում:

Կուսակցությունից հեռացած պատգամավորներն իրենց հետագա գործողությունների մասին կհայտարարեն ավելի ուշ: Ենթադրվում է, որ նրանցից Իտիրո Օձավան մոտ ապագայում կստեղծի նոր կուսակցություն:

Նշենք, որ 2011թ. մարտին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով Ճապոնիայի տնտեսությունը խիստ տուժել էր, և ճգնաժամի դեմ պայքարի շրջանակում կառավարությունն առաջարկում է բարձրացնել հարկերը:

Այս խորագրի վերջին նյութերը