Լրահոս

02.07.2012 10:26


Երևանում կանցկացվի «Գուտենբերգից մինչև ինտերնետ. անավարտ պատմություն գրադարանների համար» խորագրով գիտաժողովը

Երևանում   կանցկացվի  «Գուտենբերգից մինչև ինտերնետ. անավարտ պատմություն գրադարանների համար»  խորագրով  գիտաժողովը

«Գուտենբերգից մինչև ինտերնետ. անավարտ պատմություն գրադարանների համար»  նշանաբանով հուլիսի 3-5-ը  Երևանում կանցկացվի գրադարանագիտության   արդի խնդիրներին նվիրված եռօրյա միջազգային գիտաժողով: Այն  կազմակերպվել է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու ծրագրի շրջանակում  և  մշակույթի նախարարության, Ազգային գրադարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի  և «Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարաններին»  միջազգային կոնսորցիումի  նախաձեռնությամբ: Ի  դեպ, կոնսորցիումը` Electronic Information for Libraries – eIFL, որ ստեղծվել է  1999թ., իր  գոյության  տասներեք  տարիների ընթացքում  հասցրել է  ակտիվ գործակցություն սկսել  տարբեր երկրների գործընկերների  հետ  և  այժմ արդեն  իր շարքերում  համախմբում է գրադարանային միավորումներ աշխարհի  48  երկրներից ` ինչպես զարգացող և անցումային փուլում գտնվող, այնպես էլ՝ Եվրամիության անդամ պետություններից։ Արդեն մեկ տասնամյակից ավելի  կոնսորցիումն աշխատում է   «Գիտելիք առանց սահմանների»  անփոփոխ կարգախոսով և  հաջողել է  մեծ հեղինակություն ձեռք բերել  մասնագիտական կառույցներում: Եռօրյա  աշխատանքային  քննարկումների ընթացքում գիտաժողովի մասնակիցները կանդրադառնան այսօր    զարգացող երկրներում  մտավոր սեփականության և հեղինակային իրավունքի, «Բաց մատչելիության» սկզբունքի հիման վրա գիտական ամսագրերի հրատարակման խնդիրներին, ինչպես   նաև  գրադարաններին ազատ կոդերով ծրագրերի ներկայացման փաթեթներին, որոնք տարածվում են անվճար, սպասարկվում են գրադարանավարների ուժերով և մեծ տարածում  ունեն ամերիկյան և եվրոպական գրադարաններում: Գիտաժողովի  պլենար զեկուցումների  և  աշխատանքային քննարկումների ընթացքում  մասնակիցները կծանոթանան նաև եվրոպական   և  հյուսիսամերիկյան երկրներում  գրադարանային ոլորտում  կուտակված փորձին  ու   նոր ձեռքբերումներին: Բացի այդ, միջազգային շուկայում առաջատար  13 հրատարակիչներ, որոնց անուններն արդեն ինքնին խոսում են տվյալ հրատարակչական  կառույցի մասին, գիտաժողովի մասնակիցներին  կցուցադրեն իրենց արտադրանքը: Երևանյան   համաժողովի   հիմնական   բանախոսներն են  Վաշինգտոնի   Ամերիկյան համալսարանի  իրավունքի քոլեջի պրոֆեսոր Միքայել   Քերոլլը և Առնոլդ Հիրշոնը: Զեկուցումներով հանդես կգան նաև Ռոնալդ Շնայդերը /Նիդերլանդներ/, Կատյա  Ռապուսը /Սլովենիա/ և Ելենա Միրոնովան /Տարտուի  համալսարան/: Գիտաժողովն  իր աշխարհագրական  լայն  ընդգրկմամբ և  մասնակից  գրադարանավարների մասնագիտացմամբ (հանրային, համալսարանական, հետազոտական), ինչպես նաև  քննարկվող թեմաների արդիականությամբ կարևորագույն  իրադարձություն է  գրադարանագիտության ոլորտում: 

Այս խորագրի վերջին նյութերը