Լրահոս

30.06.2012 11:11


Պարզվել է ավագանու անդամի ուղղությամբ կրակած անձի ինքնությունը

Պարզվել է ավագանու անդամի ուղղությամբ կրակած անձի ինքնությունը

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է Գյումրու քաղաքապետարանի ավագանու անդամ Ա. Խաչատրյանի ուղղությամբ կրակած անձի ինքնությունը, և վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 

Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Է. Գրիգորյանի հորեղբոր որդու` Գ. Գրիգորյանի և Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Խաչատրյանի միջև նախկինում տեղի  ունեցած վիճաբանության վերաբերյալ  պարզաբանումներ կատարելու նպատակով վերջինիս հանդիպելու համար Է. Գրիգորյանը 2012թ. հունիսի 10-ին Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Գոմցյանին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, գործով դեռեւս չպարզված անձի հետ գնացել է Սպիտակ քաղաքի ուղղությամբ:

Է. Գրիգորյանը, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին հետապնդելով Ա. Խաչատրյանի կողմից վարած «Գազ 2402» ավտոմեքենան, ընթացքի ժամանակ խոչընդոտել է վերջինիս երթեւեկությանը, պահանջել, որ նա ավտոմեքենան կանգնեցնի, սակայն Ա. Խաչատրյանն ավտոմեքենան չի կանգնեցրել:  Այդ պահին Է. Գրիգորյանն  իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող ատրճանակից  2 անգամ կրակել է Ա. Խաչատրյանի վարած ավտոմեքենայի ուղղությամբ, վնասել այն և դեպքի վայրից հեռացել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2012թ. հունիսի 29-ին Է. Գրիգորյանը ներգրավվել է որպես  մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

 

Այս խորագրի վերջին նյութերը