Լրահոս

29.06.2012 12:56


Սուրեն Զոլյան. «Հայաստանի կողմից փորձ է արվել խեղաթյուրել իմ գործի վերաբերյալ մանրամասները»

Սուրեն Զոլյան. «Հայաստանի կողմից փորձ է արվել խեղաթյուրել իմ գործի վերաբերյալ մանրամասները»

«Իմ գործն ընդդեմ Կրթության և գիտության նախարարության միջազգային ատյանների ուշադրության ներքո է»,–այսօրվա ասուլիսին հայտարարել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն՝ ընդգծելով, որ Հայաստանի կողմից փորձ է արվել խեղաթյուրել խնդրի մասին մանրամասները: 

«Այս բողոքը միջազգային ատյանները չէին կարող անտեսել, բայց Հայաստանից փորձ է արվել խեղաթյուրել գործը: Հայաստանից ոչ պաշտոնական ձևով հանդիպում է եղել Եվրոպական Խարտիայի փորձագետների կոմիտեի աշխատակիցների հետ և ներկայացվել, որ ռեկտորի ազատումը պլենար նիստի հետ կապ չունի, այն քաղաքական հարց է՝ կապված ընտրությունների հետ: Իսկ ապացույցների համար բերվել է թերթերից մեկի մեջբերումը»,-ասել է բանախոսը։

Զոլյանը նշել է նաև, որ Հայաստանից  փորձ է արվել նույնիսկ ահաբեկել միջազգային համապատասխան կառույցներին՝ ներկայացվելով, որ նրանց միջամտությունը կարող է լուրջ հետևանքների բերել Հայաստանի նման երկրի համար, անգամ 2008-ի մարտի մեկի դեպքերի կրկնության հասցնել:

Սակայն, ինչպես է այդ մասին նրան հաջողվել տեղեկանալ, Զոլյանը նախընտրեց չբարձրաձայնել։

«Եվրոպական Խարտիայի փորձագետների կոմիտեն լինելով անկախ մարմին իմ դիմումի համաձայն նիստ է հրավիրել և տվել իր եզրակացությունը: Փորձագետների կոմիտեն ուղարկել է իր որոշումը, որտեղ ընդգծել է, որ իր գործունեության համար էական է, որ Կոմիտեի անդամները պարտականություններ իրականացնելիս լինեն իրենց կառավարությունից անկախ՝ ուստի և անընդունելի է համարել իշխանությունների կողմից ցանկացած ձևի քաղաքական ճնշումը»,–ասել է Զոլյանը, ով երեկ է եկել Ստրասբուրգից։

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի կողմից ԿԳՆ-ի դեմ բերված բողոքի քննությունը։ Զոլյանը պահանջում է, չեղյալ համարել 2012թ. ապրիլի 6-ին Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտարարած խիստ նկատողությունը և Աշոտյանի հրամանով ԵՊԼՀ-ի ռեկտորի պաշտոնից իրեն ազատելու հրամանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը