Տնտեսական

28.06.2012 16:06


ՊԵԿ նախագահի տեղակալը հուսով է

ՊԵԿ նախագահի տեղակալը հուսով է

Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին հավաքվել է մոտ 328 մլրդ դրամ` 15 մլրդ դրամով ավելի հարկեր ու տուրքեր, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Ուստի մնացած 7 ամիսներին Պետեկամուտների կոմիտեն պետք է հավաքի լրացուցիչ ևս 87 մլրդ դրամ, որպեսզի ապահովվի պետբյուջեով նախատեսված լրացուցիչ 101 մլրդ դրամի հավելյալ եկամուտը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը։

Հարցին, թե որքանո՞վ է դա հնարավոր, Ալավերդյանը պատասխանել է.

«Երկրորդ կիսամյակում, որպես կանոն, ավելի շատ եկամուտներ են հավաքագրվում, քան առաջին կիսամյակում: Այդ հարաբերակցությունը, որպես կանոն, կազմում է 44-45 տոկոսը՝ 55-56 տոկոսի նկատմամբ: Այնպես որ, հիմնական աճը, ինչպես և նախատեսված է, կիրականացվի այս տարվա երկրորդ կիսամյակում, և 101 մլրդ լրացուցիչ եկամուտները, հուսով եմ, որ հարկային ու մաքսային մարմիններին կհաջողվի ապահովել»:

Հիշեցնենք, որ 101 մլրդի չափով լրացուցիչ հարկերի ու մաքսերի հավաքագրման հարցը անցած աշնանը Կառավարությունում տարաձայնություններ էր հարուցել: Եթե Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հրապարակավ մտահոգություն ու կասկած էր հայտնում, թե իր ղեկավարած կոմիտեին կհաջողվի դա անել, և առաջարկում էր կոնկրետ նշել այն ոլորտները, որոնք պիտի ապահովեն այդ աճը, ապա վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը համոզմունք էին հայտնում, որ գումարը կհավաքվի:

Այս խորագրի վերջին նյութերը