Լրահոս

28.06.2012 13:44


Ուրարտացիները ծանոթ են եղել շքեղ կյանքին

Ուրարտացիները ծանոթ են եղել շքեղ կյանքին

Էրեբունի ամրոցի միջնաբերդում պեղումներ  իրականացնող հայ-ֆրանսիական արշավախումբը ամփոփել է իր աշխատանքների ամառային գործաշրջանը: Արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը բարձր է գնահատել 1950-60-ական թվականներին հնավայրում աշխատած հնագիտական արշավախմբերի արդյունքները, մասնավորապես ճարտարապետ Կոստանդին Հովհաննիսյանի վաստակը, որոնք թույլ են տվել Երևանը ներկայացնել աշխարհի հնագույն մայրաքաղաքների շարքում։ Գ. Գյուրջյանն այնուհանդերձ նշել է, որ խորհրդային ժամանակաշրջանում կատարված հնագիտական հետազոտություններն  արվել են որոշակի շտապողականությամբ, և ամրոցի ճարտարապետությանը վերաբերող շատ հարցականներ այսօր են ստանում իրենց պատասխանները:

2012թ. հունիսի 5-ից մեկնարկած հայ-ֆրանսիական հնագիտական պեղումների ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը և արշավախմբի անդամ Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը շեշտել են, որ այս տարվա պեղումները կօգնեն լուսաբանել  Ուրարտուի կործանումից հետո  մինչև Աքեմենյան տիրապետություն ընկած անցումնային ժամանակաշրջանը` շուրջ մեկդարյա մի ժամանակահատված, իսկ Իրանի տարածքում պահպանված աքեմենյան շատ հուշարձանների հետ Էրեբունիի  գիտական համեմատությունը  թույլ է տալիս ենթադրել, որ Ուրարտուի կործանումից հետո  կյանքն ամրոցում անկասկած շարունակվել է:

Ֆրանսիացի հնագետ Ստեֆան Դեշամպը կեսկատակ ասել է.

 –Դատելով ամրոցից հայտնաբերված խեղեցենի տեսքից և որակից, կարելի է ասել, որ ուրարտացիները ծանոթ են եղել շքեղ կյանքին, եղել են ճաշակով, սիրել են ըմպել գինի կամ գարեջուր:  

Արգելոց-թանգարանի տնօրենի տեղակալ, պեղումների հայկական կողմի ղեկավար Արաքսի Մեշինյանն էլ կարևորել է պեղածո նյութերի մշակման և սահմանված կարգով արգելոց-թանգարանին հանձնման գործընթացը` նշելով, որ ներկայումս հանձնման փուլում են նախորդ տարիներին Էրեբունի ամրոցում պեղումներ իրականացրած հայ-ամերիկյան արշավախմբի նյութերերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը