Կարծիք

28.06.2012 12:45


Պետություն–Սփյուռք–համայնքներ՝ համակողմանի դիմագրավում

Պետություն–Սփյուռք–համայնքներ՝ համակողմանի դիմագրավում

Շրջանային մակարդակի վրա արձանագրվող իրադարձություններու տարողունակությունն ու աշխարհաքաղաքական ուժերու շեշտակի ներգրավվածությունը այդ բոլորին մեջ, կհուշեն, որ արաբական երկիրներուն մեջ տակավին անորոշ ժամանակով պիտի շարունակվի դեպքերու ցնցումային ընթացքը: 

Բոլոր նախադրյալները կհամոզեն, որ այս բոլորին մասին պիտի շարունակվի տակավին շատ մելան հոսիլ, համակարգչային շատ տարածք գրավվիլ եւ տարատեսակ, երբեմն ալ իրարամերժ մեկնաբանություններով, վերլուծումներով ու կանխատեսումներով հեղեղվիլ միջազգային, շրջանային եւ տեղական լրատուադաշտերը: 

Խնդիրը ի վերջո քաղաքական, զինվորական իրադրություններու ընթացքն ու ուղղությունները ճիշդ տեսնելն է եւ ընդհանուր կանխատեսում կատարելը: Իսկ այս բոլորը, որովհետեւ ի վերջո կառնչվի՛ն հայկական գործոնին, տեղվույն հայկական համայնքներու գոյութենական ապահովության եւ այդ ճամբով նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցերուն: 

Տարաբնույթ վերլուծումներով  սկսած է ողողվիլ նաեւ հայկական լրատուադաշտը: Իսլամական ալիքներու բարձրացման ի տես Միջին Արեւելքի քրիստոնյայ փոքրամասնություններուն սպասվող ճակատագիրը եւ այդ թոհուբոհին մեջ հայկական համայնքներու իրավիճակը. անոնց նոսրացման հավանականության լուսարձակի տակ բերումով հետագա ընելիքներու մասին քննարկումներու հրապարակային պահանջները. սփյուռքյան կառույցներու զորաշարժի անցնելու եւ օժանդակության համար պատրաստ ըլլալու եւ այժմեն իսկ օժանդակելու կոչեր եւ պարագայական փորձեր. տակավի՛ն` համայնքներու ղեկավարութենեն ակնկալիքներ եւ Հայաստանի պետութենեն արդար ակնկալիքներ` այս ուղղությամբ շարժելու: 

Բնական հակազդեցություններ են այս բոլորը: Երբ ճգնաժամ է, երբ անորոշություն է, որոշ տեղեր անիշխանություն եւ այլուր` պատերազմական իրավիճակ, անբնական չէ որ խուճապային մթնոլորտ ստեղծվի, ամբոխային տրամաբանության հարիր դրսեւորումներ ըլլան: Որեւէ պայթումի կամ բախումնային հանգրվանի դիմաց համահայկական հետաքրքրություն կհառաջանա հայության կրած հավանական նյութական, մարդկային վնասներուն մասին, որուն զուգահեռ ահազանգային հարցումը ինքզինք կկրկնե` հայության դեմ որեւէ քաղաքականություն կիրարկման ընթացքի՞ մեջ է: 

Հեռու` խուճապային տրամադրություններ ստեղծելե, քաղաքական բանականությամբ հատկանշված սառնասրտությունը  պայման է նման ճգնաժամեր հաղթահարելու փորձ կատարելու համար: Շրջանային մակարդակի վրա արձանագրվող վարչակարգային փոփոխությունները, կրոնական ալիքներու բարձրացումը, պատերազմական իրավիճակներու ստեղծումը, բաժանարար ծրագիրներու գործնականացումը, անիշխանական մթնոլորտը` այս իրականություններուն  հետ հաշվի նստելու հարկադրանքին տակ են  գաղութային ղեկավարները, համասփյուռքյան կառույցները եւ անշուշտ Հայաստանի պետությունը: 

Լիբանանյան փորձառությունը ինքնին կհուշե, որ տագնապի սրման եւ անապահով կացության հերթական հանգրվանի, պետություններ իրենց քաղաքացիները  տարհանելու շատ արագ գործողություններ կազմակերպած են, զգուշացուցած զանոնք եւ բոլորի ապահովությամբ շահագրգռված: Պարագաները նույնը չեն անշուշտ. այստեղ քաղաքացիական գործոնը չէ, այլ ազգային պատկանելիությունը եւ Հայաստանի պետությունը բնականաբար խտրականություն  չի ցուցաբերեր նման պարագաներու ստեղծման ատեն: Տարբեր այլ նրբերանգ մը եւս կա: Շրջանի հայերը, հայաստանյան քաղաքացիություն ունենան թե ոչ  տագնապահար երկիրներու քաղաքացիներն են նախ եւ առաջ եւ մաս կկազմեն այդ երկիրներու ժողովուրդներուն,  տվյալ համայնքին: Տագնապի պարագային օտար քաղաքացիներու նման տարհանվիլը բնականաբար ընկալելի պիտի չըլլա տեղվույն ոչ միայն պետական շրջանակներուն, այլ նաեւ հասարակության կողմե: Տակավին. եթե դարձյալ հենուինք լիբանանյան երկարատեւ տագնապի իրերայաջորդ հանգրվաններուն ցույց տրված լիբանանահա դիմադրողականության, գաղութի ինքնապաշտպանության եւ քաղաքական գործոնի վերածվելով ուժերուն միջեւ հավասարակշռություն եւ խաղաղ գոյակցություն առաջադրելու փաստերուն վրա, ավելիով կհամոզվինք, որ շրջանի արմատ նետած հայ համայնքները տագնապի առաջին հանգրվաններեն խորտակվողները կամ մեկ օրեն մյուսը չքացող տեսակները չեն: 

Հայրենամերձ շրջաններու հայ համայնքները սփյուռքի սյուներն են, հիմնական գաղութները եւ իբրեւ այդպիսին Հայաստանի Հանրապետության հզորացման կռվանները, որոնց ճակատագիրը ինքնահոսի չէ  ձգված: Աննկատ չէ անցած անշուշտ Հայաստանի պետության կողմե նախապատրաստվելու տրամադրությունները. ինչպես նաեւ սփյուռքի նախարարութենեն հնչած այն հայտարարությունները, որոնք կխոսեին տագնապի սրման պարագային տեղվույն համայնքներու անդամները ընդունելու եւ համապատասխան դյուրությունները ընծայելու մասին:

Միջին Արեւելքի հայ համայնքներու գոյության սպառնացող տագնապները սպառնալիք են ամբողջ սփյուռքին եւ այդ ճամբով` Հայաստանի Հանրապետության: Համակողմանի նախապատրաստվածության եւ համապատասխան գործողություններու ձեռնարկումի անմիջական անհրաժեշտության առջեւ ենք իբրեւ պետություն, իբրեւ սփյուռք եւ իբրեւ տագնապահար համայնքներ: 

Շահան Գանտահարյան 

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը