Կարծիք

27.06.2012 13:10


Կոնգրեսը կարող է կրճատել Թուրքիային տրվող աջակցությունը

Կոնգրեսը կարող է կրճատել Թուրքիային տրվող աջակցությունը

ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեն անցյալ ամիս ընդունել է օրենսդրական փոփոխություն, որով դադարեցնում է ԱՄՆ-ի արտաքին աջակցությունն այն երկրներին, որոնք կհյուրընկալեն Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրին: Կոնգրեսի անդամները մտադիր են մեկուսացնել և արդարադատության ձեռքը հանձնել այս բարբարոս ղեկավարին Դարֆուրում իրագործած իր ոճիրների համար:

Կոնգրեսը որոշեց այս քայլին գնալ այն բանից հետո, երբ մի քանի երկրներ, այդ թվում՝ Թուրքիան և Եգիպտոսը, արհամարհեցին 2009թ. մարտին Միջազգային քրեական դատարանի կալանավորման որոշումը, որը մեղադրում էր Սուդանի նախագահին Դարֆուրում ցեղասպանություն իրագործելու, ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մեջ: Ի հեճուկս իրենց ստանձնած միջազգային պարտավորություններին՝ այս երկրները հյուրընկալել են իրենց երկրում Ալ-Բաշիրի այցերը՝ նրան ձերբակալելու և ՄՔԴ–ի արդարադատության ձեռքը հանձնելու փոխարեն:

 

2009 թվականի նոյեմբերին, երբ Սուդանի նախագահը պատրաստվում էր այցելել Անկարա, Միջազգային համաներման կազմակերպությունը զգուշացրեց. «Թուրքիայի համար խայտառակություն կլինի նրան ապահով ապաստան առաջարկելը: Եթե Թուրքիայի իշխանությունները չձերբակալեն և չհանձնեն նախագահ Օմար Ալ-Բաշիրին ՄՔԴ-ին, ապա կխախտեն Թուրքիայի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Այն ոչ միայն համարվում է արդարադատության խոչընդոտում, այլ, ինչպես փախուստի մեջ գտնվող բանկ կողոպտողին ապաստան առաջարկելն է որակվում հանցագործություն ազգային օրենքների համաձայն, ապա միջազգային արդարադատությունից փախչողին ապաստան տալը ևս կվորակվի  որպես հանցագործության մեջ մեղսակցություն»: 
 
2009 թվականի նոյեմբերին ԱՄՆ չորս հասարակական կազմակերպություններ հանդես եկան միասնական հայտարարությամբ՝ քննադատելով Օբամայի վարչակազմին Սուդանի նախագահի Թուրքիա այցը չբողոքելու համար: Այս կազմակերպությունները փորձում էին երաշխավորել, որ «հետախուզման մեջ գտնվող ռազմական հանցագործն առանց արգելքի չշարունակի ճամփորդել»: 
 

Միևնույն ժամանակ, Թուրքիայի վարչապետը, ոչ միայն թույլ տվեց Սուդանի նախագահին այցելել Թուրքիա, այլ նաև փորձեց քողարկել նրա հանցագործությունները՝ պնդելով, որ «Մուսուլմանները ցեղասպանություն չեն իրականացնում»: Իրավիճակն է'լ ավելի սրացնելով՝ Թուրքիան շարունակում է վաճառել մահացու զինամթերք Սուդանին՝ օգնելով Ալ-Բաշիրին, որ սպանի ավելի մեծ թվով անմեղ մարդկանց:

 

Թուրքիայի և բազմաթիվ այլ երկրների կողմից նման անպատասխանատու վարքագծին վերջ դնելու համար, ԱՄՆ-ի ներկայացուցչական պալատի ֆինանսական հատկացումների կոմիտեն 2012 թվականի մայիսի 17-ին ընդունեց Պետական դեպարտամենտի «Ֆինանսավորման մասին» օրենքում փոփոխություն, որով կկրճատվի ոչ մարդասիրական օժանդակության չափն այն երկրներին, որոնք չեն պահպանի ՄՔԴ-ի ցուցումը: Փոփոխությունը, որ առաջարկվել էր կոնգրեսական Ֆրանկ Ուոլֆի կողմից, նշում է, որ Միացյալ Նահանգներն ոչ մի տնտեսական աջակցություն չի տրամադրի «որևէ երկրի, որ կհյուրընկալի Սուդանի Նախագահ Օմար Ալ-Բաշիրին»: 
 
Այն բանից հետո, երբ զեկույցներ սկսեցին շրջանառվել, որ Օբամայի վարչակազմը փորձում է խափանել այս առաջարկված օրենքը, Հոլոքոստի և Ցեղասպանության հարցերով 70 առաջատար մասնագետներ հունիսի 14-ին ստորագրեցին միասնական նամակ՝ հորդորելով Սպիտակ տանը աջակցել Կոնգրեսի կողմից առաջարկված փոփոխության ընդունմանը, որը վերջ կդնի Սուդանի նախագահին հյուրընկալող երկրներին տրամադրվող աջակցությանը: Նամակի ստարագրողների շարքում էին Երուսաղեմից դոկտոր Իսրայել Չարնին, Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարանի նախկին նախագահ դոկտոր Իրվինգ Գրինբերգը և Քլարկ համալսարանի դոկտոր Դեբորա Դվորքը:

 

Մասնագետների նամակը, որը կազմվել էր Վաշինգտոնում Դեվիդ Ս. Ուայմենի անվան Հոլոքոստի ուսումնասիրության ինստիտուտի կողմից, ուղարկվեց նախագահի խորհրդական դոկտոր Սամանթա Փաուերին, ով գլխավորում է վերջերս հիմնադրված Վայրագությունների կանխարգելման խորհուրդը: Մասնագետները հիշեցնում են Փաուերին, որ Պուլիտցերյալ մրցանակի արժանացած իր գրքում՝ «Խնդիր դժոխքից. Ամերիկան և Ցեղասպանության դարը», նա հորդորեց ԱՄՆ կառավարությանն ընդունել «տնտեսական սանկցիաներ» ցեղասպանության գործողությունները կանխելու համար: Քանի որ առաջարկված օրինագիծը «հենց դա է անում», 70 ստորագրողները հայտնեցին այն հույսը, որ Փաուերը և Սպիտակ տունը կաջակցեն կոնգրեսական Ուոլֆի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությանը, մասնավորապես, ներկայացուցչական Պալատի ու Սենատի մինչև բանակցությունների գործընթացին:

 

Այնուամենայնիվ, կասկածելի է, որ Սամանտա Փաուերը հանդես կգա այս փոփոխության օգտին: Սպիտակ տուն աշխատանքի ընդունվելուց հետո, նա իրեն հեռու է պահում այն հարցերից, որոնք համարձակորեն քարոզում էր իր գրքում:  Նա նաև լուռ է մնում Նախագահ Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության կապակցությամբ տրված և չիրագործված խոստումների կապակցությամբ: Փաուերը մի քանի կոչ արեց անցած նախագահական ընտրարշավի ժամանակ՝ համոզելու համար ամերիկահայ համայնքին, որ աջակցի Բարակ Օբամայի թեկնածությունը: Նա հանդիսավոր կերպով խոստացավ, որ Նախագահ Օբաման ընտրվելուց հետո կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

 

Մինչ այժմ, ամերիկահայերը ոչ մի լոբբիստական աշխատանքներ չեն իրականացրել այս կարևոր օրինագծի ընդունման ուղղությամբ, քանի որ ամենայն հավանականությամբ, նրանք տեղյակ չեն եղել Կոնգրեսում դրա ներկայացման մասին: Հայ մասնագետները նույնպես դուրս են մնացել այս հարցից, քանի որ ոչ ոք չի փորձել ստանալ նրանց աջակցությունը:

 

Կոնգրեսական Ուոլֆի օգնականը տեղեկացրեց այս հոդվածի հեղինակին, որ կոնգրեսականը շատ ուրախ կլինի, որ ամերիկահայ համայնքն աջակցի այս օրինագծի ընդունման հարցում, որը կխրախուսի Թուրքիային և այլ երկրներին, որ Ալ-Բաշիրին գրկաբաց չընդունեն և արդարադատության ձեռքը հանձնեն այս մեղադրյալ հանցագործին:

Հարութ Սասունյան 

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր 

Այս խորագրի վերջին նյութերը