Կարծիք

26.06.2012 16:17


Ինչու են լարված նրանց աչքերը

Ինչու են լարված նրանց աչքերը

Փաստորեն ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանն ու իր երիտասարդ խորհրդականներն էլ չեն կարողանում հավատալ մայիսի 6-ին կայացած, այսպես կոչված, ընտրությունների արդյունքներին: Եթե հավատային, ապա այս աստիճան լարված չէին լինի եւ չէին շարունակի ականների պայթեցումն ու հակառակորդների դեմ ուղղված նյարդային գործողությունները:

Նախագահական ընտրություններից ութ ամիս առաջ Սերժ Սարգսյանը հայտնվել է ցայտնոտային վիճակում: Սա, ինչպես ասում են, ոչ նորմալ երեւույթ է: Խորհրդարանական ընտրություններում վստահ հաղթանակ տարած քաղաքական ուժը եւ նրա ղեկավարությունն իրեն շատ ավելի հանգիստ եւ վստահ պետք է զգար: Ստացվում է, որ ՀՀԿ-ն այնքան էլ կտրված չէ իրականությունից եւ լավ էլ տիրապետում է ժողովրդի տրամադրություններին:

Տիգրան Սարգսյանին վստահելով կառավարությունը Սերժ Սարգսյանը ակամա հանրությանը հասկացրեց, որ իր համար խորհրդարանական ընտրությունները եղած-չեղած մի բան են: Հակառակ դեպքում կձեւավորվեր բոլորովին նոր կառավարություն: Իսկ հիմա ունենք մի վիճակ, երբ ՀՀԿ-ի վերնախավում լավ էլ հասկանում են, որ իրենց օգտին իրականում քվեարկել է հազիվ 150-160 հազար մարդ: Բնակնաբար, Սերժ Սարգսյանի շրջապատում հասկանում են նաեւ, որ այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվեցին խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարող է եւ այն արդյունքն ու էֆեկտը չունենալ:

Ահա այս իրավիճակում իշխանությունները աննախադեպ ճնշում են գործադրում այն ուժերի նկատմամբ, որոնք դուրս են մնացել իրենց ազդեցության գոտուց: Պարզ է, որ եթե ՀՀԿ-ն իրականում հաղթանակի հասած լիներ մայիսի 6-ին, ապա հիմա շատ հանգիստ կլիներ, եւ որեւէ մեկի վրա էլ ճնշում չէին իրականացնի:

Իսկ հիմա իշխանություններն իրենք իրենց քայլերով իրենց մատնում են, իրենց ելույթներով ցույց են տալիս, թե իրականում ինչպիսի իրավիճակ է եւ վերջապես իրենց ձեռքի տակ եղած, այսպես կոչված, խիստ անկախ լրատվամիջոցներին եւ քաղաքական ուժերին տված հանձնարարություններով ապացուցում, որ իրենք ավելի քան թույլ են: Բայց որ նրանք թույլ են, դա դեռ չի նշանակում, թե նախագահական ընտրություններում պարտություն են կրելու: Հայաստանը տարօրինակությունների երկիր է եւ եղել են դեպքեր, երբ իշխանությունը գետնին ընկած է եղել, բայց ընդդիմությունն այն չի կարողացել վերցնել: Հիմա էլ, ինչքան էլ թույլ լինի իշխանությունը, ինչքան էլ զուրկ լինի հանրության աջակցությունից, եթե ընդդիմությունը կազմակերպված եւ վճռական չլինի, ապա հերթական անգամ միայն բարոյական հաղթանակ կտանի:

Վստահաբար կարելի է ասել, որ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանն իրականում ավելի քիչ ձայն է ստանալու, քան ՀՀԿ-ն իրականում ստացավ մայիսի 6-ին: Բանն այն է, որ ՀՀ քաղաքացուն որքան էլ բացատրում են խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը, միեւնույնն է, մեծ թվով մարդիկ լուրջ են վերաբերում միայն նախագահական ընտրություններին: Այլ կերպ ասած, նրանք, ովքեր փող են վերցրել եւ քվեարկել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, նույնը չեն անելու կամ միայն մի մասն է նույնը անելու նախագահականի ժամանակ, քանի որ հստակ հասկանալու են, որ քվեարկելու են իրենց եւ իրենց երեխաների ապագայի դեմ: Այս փաստը չեն կարող չգիտակցել նախագահականում: Հենց դա էլ իրենց նյարդայնության պատճառն է: Հենց դա է պատճառը, որ այսպես կոչված, անկախ լրատվամիջոցները, մոռանալով թե ով է այսօր իշխանությունը, շարունակում են տարբեր պատրվակներով եւ առիթներով քննադատել ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին եւ նույնիսկ ՀՅԴ-ին: Ինչպես ասում են, ամեն ինչ շատ պարզ է: Մնում է, որ ճիշտ հետեւություններ եւ քայլեր անեն նրանք, ովքեր այսօր ենթարկվում են հարձակումների, հալածանքների եւ քննադատությունների տարափի: Իսկ առաջին հետեւությունը ավելի քան պարզ է` Սերժ Սարգսյանի վերընտրվելու հնարավորությունը կտրուկ կնվազի, եթե ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հանդես գան միասնաբար:

ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն պետք է ավելի քան ուշադիր լինեն, քանի որ իշխանություններն ամեն ինչ անելու են ոչ միայն կանխելու նրանց միասնական գործողությունները նախագահական ընտրությունների ժամանակ, այլ նաեւ փորձելու են առանձին վերցրած յուրաքանչյուր կառույցում լուրջ խնդիրներ ստեղծել:  

Բնականաբար, եթե վերոնշյալ քաղաքական ուժերը հասունություն դրսեւորեն, ապա իրենց դեմ ուղղված քայլերը կծառայեն հենց իրենց շահերին: Ամեն ինչ այնքան պարզ է, որ ավելորդ բացատրության կարիք չի զգացվում:

Իսկ ինչ վերաբերում է գեղամյանական տիպի նախագահի թեկնածուներին, ապա տեխնոլոգիաների այս դարում դրանք որեւէ ազդեցություն ընտրությունների ընթացքի եւ ելքի վրա չեն կարող ունենալ: Արամ Զավենի Սարգսյանին եւ նրա կարգի գործիչներին հանրությունը վաղուց է ճանաչում:

Վարդան Մխիթարյան       

Այս խորագրի վերջին նյութերը