Լրահոս

26.06.2012 15:26


Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Հունիսի 25-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության  հարցերին նվիրված քննարկմանը, որին մասնակցել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, հումանիտար հարցերով նրա տեղակալը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը, ինչպես նաև ՄԱԿ-ի անդամ մոտ հինգ տասնյակ պետությունների  ներկայացուցիչներ:

ՀՀ դեսպանը խոսելով, ԼՂ հակամարտության մասին՝ նշել է հակամարտության գոտում մարդկության հանդեպ հանցագործության համար Ադրբեջանի պատասխանավության մասին:  Կարեն Նազարյանը ասել է նաև, որ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատու են հարյուր հազարավոր տեղահանված ու փախստական հայերի իրավունքները ոտնահարելու, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանն ի պատասխան սանձազերծած էթնիկ զտումների ու ագրեսիայի, ինչպես նաև Խոջալուի բնակավայրում ադրբեջանցիների նկատմամբ իրականացրած սպանդի համար:   

Դեսպան Նազարյանը նաև ԱԽ անդամների է տեղեկացրել, որ հակամարտության արդյունքում հիմնահատակ ավերվել են հայկական  բնակավայրերը` ներառյալ Արծվաշենը, ԼՂՀ հյուսիսային շրջանի Շահումյան, Գետաշեն և 18 այլ գյուղերը, որոնք երկու տասնյակ շարունակում են մնալ ադրբեջանի կողմից զավթված ու գրավյալ տարածքներ:

Դեսպան Նազարյանը, ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի` նույն օրն ավելի վաղ արված անհեթեթ հայտարարությունների, նաև նշել է, որ հայկական կողմը քաղաքացիական բնակչության ֆիզիկական անվտանգությունը պաշտպանելու, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների և բնակելի տների հանդեպ  շարունակվող հռթիռակոծություններն ու ռմբակոծությունները կանխելու համար միջազգային հումանիտար իրավունքի համաձայն իրականցրել է պաշտպանվելու իր պատասխանատվությունը: Նա նաև անդրադարձել է, որ ներկայումս Ադրբեջանը շարունակում է անկախ Արցախի ու Հայաստանի սահմանամերձ շրջանների նկատմամբ ոտնձգությունները` մերժելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի շարունակվող կոչերը` իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք կվերացնեն քաղաքացիական բնակչության նկատմամբ սպառնալիքները:

Այդ համատեքստում դեսպանը նշել է, որ Հայաստանը ողջունում է Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների` անցած շաբաթ Լոս-Կաբոսում արված հայտարարությունն ու կոչ ուղղել ադրբեջանական կողմին դադարեցնել բոլոր տեսակի սադրանքները, ներառյալ` Հայաստանի հետ սահմանային շրջաններում ու ԼՂ հետ շփման գծում դիվերսիոն խմբեր գործողությունները:

Իր ելույթում Հայաստան ներկայացուցիչն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի քաղաքացիական բնակչության պաշտպանության հայեցակարգի մշակման հարցերին, կարևորել է պատժամիջոցների ռեժիմի կիրառման բարելավումը և պարտադիր բնույթ ունեցող բանաձևերի իրագործումը:

Այս խորագրի վերջին նյութերը