Լրահոս

26.06.2012 13:03


Ռուբեն Թորոսյանին թույլ չեն տվել մասնակցել Ավագանու նիստին

Ռուբեն Թորոսյանին թույլ  չեն տվել  մասնակցել  Ավագանու  նիստին

«Հայտարարություն Երևանի  քաղաքապետի  կամայականությունների  և  «միաձայն»  Ավագանու  մասին. 

Այսօր  ինձ, փաստորեն, թույլ  չտվեցին  մասնակցել  Ավագանու  նիստին, այսինքն,  ստեղծվեցին  այնպիսի  պայմաններ, որոնց  առկայությունը նշանակում  էր նիստին  չմասնակցել: Չնայած, հենց   այդպես  էլ  երեք  տարի շարունակ  վարվել  են  Ավագանու  «գործող»  անդամները, այն  է՝ միաձայն կողմ  են  արտահայտվել  Քաղաքապետի  ցանկություններին...բոլոր:

Նախ, Օրենքին  հակասող  այդ պայմանների  մասին՝

-Օրակարգի  նախագիծը  կազմել  է  Քաղաքապետը  հաշվի  չառնելով  Ավագանու անդամների, այդ  թվում, իմ  առաջարկությունները: Ի  դեպ, չեն  կարողանում տրամադրել  անգամ  առաջարկությունների /նախաձեռնությունների/ այն  ցանկը, որը  պետք է հիմք հանդիսանար  օրակարգի նախագծի  կազման  համար: Այսինքն, Ավագանու  անդամներին  պարտադրել  են, որ  հաստատեն  քաղաքապետի  կազմած օրակարգը: Հավանաբար, Ավագանու  անդամները  նախաձեռնություններ  էլ չունեն:

-Որևէ  տեղեկատվություն  չկա  օրակարգի  հարցերի  առնչությամբ  Ավագանու մշտական  հանձնաժողովներում  քննարկումների  մասին: Հավանաբար, որևէ քննարկում  տեղի  չի  էլ  ունենում:

-Ո՛չ  պաշտոնական կայքում  և  ո՛չ  էլ  Աշխատակազմում  գոյություն չունեն  Ավագանու  1-ին  նստաշրջանի    այն  նիստերի  արձանագրությունները, որոնցում  ձևավորվել  խմբակցությունները  և  հանձնաժողովները: Որպես հետևանք, Քաղաքապետը  «ՀԱԿ» խմբակցությանն,  ըստ  էության, չի  ճանաչում, թույլ  չտալով  անգամ  ձևավորել  վերջինիս  աշխատակազմը  և  ընդգրկվել հանձնաժողովների  կազմում:

Այսպիսով, Ավագանու  այսօրվա  իբր  նիստում  և, կարելի  է հասկանալ՝  բոլորում, ուղղակի  արգելված  է, որ  Ավագանու  անդամն իրականացնի  իր  իրավունքներն  ու պարտականությունները  ՀՀ  օրենսդրության պահանջների, այդ  թվում, Ավագանու  Կանոնակարգի  պահանջների  համաձայն:

Իսկ  եթե  այս  բոլորին  ավելացնեմ  նաև  այն, որ  արդեն  մեկ  ամիս է, որ ինձ  չեն  տալիս  Ավագանու  անդամի  վկայականս, կարելի  է  հասկանալ Երևանի  քաղաքապետարանում  ՀՀԿական  գործելաոճը:

Ավելին, արդեն  իսկ  համոզված  կարելի  է ասել, որ Քաղաքապետ-Ավագանու անդամներ- քաղաքապետարանի  աշխատակազմ, այս  եռակազմը բացարձակորեն  չի կատարում  ՀՀ  օրենդրության  պահանջները, դեռ  մի  բան էլ  զարմանում  են...

Ինչ  օրինական  հարց  բարձրացնում  ես, պատասխանում  են՝ չգիտենք  ինչպես վարվել, քանի  որ  նման  բան  երեք  տարվա  մեջ  չի  եղել, մասնավորապես՝

-Ինչու  Ավագանու  նիստի  օրակարգի  նախագծի  կազմանը  Ավագանու անդամները  չեն  մասնակցում,

-Ինչու  պաշտոնական կայքում  չեն  տեղադրվում  քաղաքապետի  պատասխանները Ավագանու  գրավոր  հարցերին, որոնք, ի  դեպ, չկան  էլ, 

-Ինչու  քաղաքացիական հասարակության  կողմից  որևէ հարց  չի  մտել Ավագանու  նիստի  օրակարգ,

-Ինչու  Ավագանին  երևանցիների  ընդունելություն  չի  կազմակերպում,

-Ինչու  է  արգելվում, որ    Ավագանու  անդամը  մամուլի  ասուլիս անցկացնի և այլն:

Քաղաքապետարանի պաշտոնյաները՝ աշխատակազմի քարտուղար, կազմակերպական  և  իրավաբանական  վարչության  պետերն  ունակ  չեն պատասխանելու  անգամ  օրենսդրական ամենատարրական    պահանջների  կատարման հարցերին:

Ակնհայտորեն,  սա  ծաղր  է  մեր  երկրի  հանրային  ծառայությանը, իսկ արդյունքում  տուժում  է  երևանցին, որը, համոզված  եմ  տեղյակ  էլ  չի այս   տգիտության  և  անգործության մասին:

Հայտարարում  եմ, որ  Երևանի  քաղաքապետը  և  Ավագանին բացարձակորեն  չեն  կատարում, ավելին, խոչընդոտում  են  իրականացնելու   ՀՀ սահմանադրական  նորմերը  մեր  երկրում  տեղական ինքնակառավարման զարգացման գործում:

«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք»

Երևանի Ավագանու  խմբակցություն

Ռ.Թորոսյան»

Այս խորագրի վերջին նյութերը