Լրահոս

26.06.2012 09:40


ՆԱՏՕ-ն այսօր կքննարկի Սիրիայում վայր գցված թուրքական ինքնաթիռի հարցը

ՆԱՏՕ-ն այսօր կքննարկի Սիրիայում վայր գցված թուրքական ինքնաթիռի հարցը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռամուսենի հետ: Զրույցի առանցքում եղել է սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի հարվածից կործանված ինքնաթիռի հարցը: Այսօր ՆԱՏՕ-ն ուսումնասիրելու է տեղորոշիչներից ստացված տեղեկությունները ինքնաթիռի կործանման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «NTV»-ն։

Թուրքերն ակնկալում են ստանալ կառույցի անդամ բոլոր 27 երկրների լիարժեք աջակցությունը: Ենթադրվում է, որ ՆԱՏՕ-ն հանդես կգա սիրիական կողմին դատապարտող հայտարարությամբ: Երեկ նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Եվրոպական Միությունը:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ դրույթի համաձայն՝  ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա ցանկացած հարձակում դիտվում է որպես հարձակում ՆԱՏՕ-ի վրա: Այնուամենայնիվ, հեռուստաալիքը հաղորդում է, որ թուրքերը դեռևս մտադիր չեն դիմել այդ դրույթի գործարկմանը։ Նման միջադեպի կրկնության դեպքում, սակայն, այս փաստը ևս որպես հիմք կծառայի Սիրիայի հանդեպ ռազմական միջամտություն կիրառելու պահանջ ներկայացնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը