Խմբագրական

30.05.2009 20:18


Ընտրական փորձություն

Ընտրական  փորձություն

Մայիսի 31-ը՝ Երևանի  ավագանու  ընտրությունների օրն է։ Իհարկե, Հայաստանում «ընտրություն» բառը խիստ պայմանականորեն կարելի  է օգտագործել, քանի որ մեր տառապանքը փորձ ունի, բայց միշտ ուզում ես մտածել, որ մի օր այդ արատավոր շրջանը կհաղթահարենք։

Իսկ ինչու՞ մենք չենք կարողանում ընտրություններ կազմակերպել։ Բանն այն է, որ ժողովրդավարական ստանդարտներով ընտրություն չի կարող լինել մի երկրում, որտեղ կա սեփականության լեգիտիմության  ճգնաժամ, որտեղ իշխանությունը գլխապատառ  մխրճված  է  բիզնեսի  մեջ  և,  վերջապես,  որտեղ իշխանավորը մահապարտի  կարգավիճակ  ունի այն առումով,  որ պատրաստ   չէ   որևէ պարագայում զիջել իշխանությունը. անձի անձեռնմխելիություն, հանրությունը և նրա գործիք դարձած ընդդիմությունը, չի երաշխավորում։

Եվ այսպես,  անկախության ձեռքբերումից մի քանի տարի անց Հայաստանում ձևավորվեց  մահապարտների իշխանություն,  ինչը նրանց արմատական դարձրեց։ Մահապարտ-արմատականների  իշխանություն  է  կոչվում մեզանում ձևավորված կառավարման համակարգն այն պատճառով,  որ կառավարիչներն առաջնորդվում են «Կամ ամեն ինչ,  կամ ոչինչ»,  սկզբունքով, որը հավասարազոր է «Մահ կամ իշխանություն» սկզբունքին։ Իսկ դա նշանակում է,  որ իշխանությունը դառնում է  ոչ միայն բարեկեցության,  լրացուցիչ  ոչ ֆորմալ առավելությունների և  ուրիշ «պլյուսների»,  այլ նաև  իշխանավորի անվտանգության  ապահովման միակ երաշխիքը։ Պաշտոնավարման    ընթացքում այնպիսի գործողություններ  են արվում,  որ իշխանություններն իրենց չեն  պատկերացնում  այլ կարգավիճակում։ Ահա,  ա՛յդ  ձևով  էլ իշխանությունները դառնում են արմատական ու  մահապարտ,  և այդպիսին  են դարձնում նաև  համարյա ամբողջ  արքունիքը։ Դա  արդեն  նրանց ինքնապահպանման  բնազդից  ելնելով  է արվում։ Համ  էլ՝  իշխանական   համակարգի  բնույթն  այնպիսին է,  որ նրա  վերին օղակի մեջ  գտնվող գրեթե բոլորը, նույնիսկ  եթե հրեշտակային ազնվություն  ունեն, շատ արագ «փչանում» են։ Հետևաբար  պետք  է  բարեփոխել համակարգը։ Գործողը  փակ  տիպի  է։ Դրա  համար է,   որ դրսից  որևէ  մեկին  չի  հաջողվում մտնել ներս և մտնելու միակ տարբերակը մնում է փողոց դուրս գալը։

Իշխանական  փակ  համակարգը,  որն  ունի արմատական բնույթ, ծնում է  արմատական ընդդիմություն։ Բնության օրենքների  համաձայն՝  միմյանց հակադիր  ուժերը  ստեղծվում են զույգերով՝ F1=-F2։ «Խաղի կանոնները» ենթադրում են, որ իշխանությունն ու ընդիմությունը վերածվելու են միմյանց ոչնչացնելու պատրաստ  ուժերի։ Հետաքրքիրն այն է, որ այդպիսով, մաթեմատիկայի լեզվով ասած,  նրանք մոդուլներով հավասարվում են՝ սիամական երկվորյակների պես։ Եվ  բնական է,  որ իշխանությանն ընդդիմադի՛ր ուժն  էլ է    ընտրում արմատականի և մահապարտի կարգախոս՝ «Հիմա  կամ  երբեք»։ Այդպես  եղել  է 1996, 1998, 2003, 2008 թվականներին։ Միշտ  էլ «հաղթել»  է գործող  իշխանությունը՝  կիրառելով ուժային,  վարչական,  ֆինանսական և  այլ ռեսուրսներ։ Արդյունքում՝ ստեղծվել  է  մի վիճակ,  երբ ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից համարվող ընտրական  գործընթացը՝ դառնում   է  Հայաստանը   հակաժողովրդավարական երկիր դարձնելու պատճառ։  Ամեն ընտրությունից հետո՝ մենք նահանջ ենք արձանագրում, իշխանություն–հասարակություն անջրպետն ավելի է խորանում։

Արմատական  իշխանության   առկայությունը՝ ժողովրդի  մեծ մասի մոտ  առաջացնում  է ոչ թե իշխանությունը փոխելու,   այլ նրան տապալելու և կործանելու  ցանկություն։ Դա  է պատճառը,  որ  բազում ընդդիմություններից մարդիկ,  որպես  հիմնական   խոյահարող ուժ,  ընտրում  են նրան,  ով  հանդես  է գալիս  արմատական  կարգախոսներով։ Տեղի  է  ունենում  փոխադարձ  «գործիքավորման»   գործընթաց. արմատական ընդդիմությունն  ու  բողոքական զանգվածն  ընդունում են միմյանց գործիք դառնալու պայմանը և անցնում գործի։ Երբ արդյունքներ չեն լինում՝ հանրության ընդդիմադիր զանգվածն  սկսում  է նոր գործիքներ փնտրել։ 1996-ին  դա  Վազգեն  Մանուկյանն  էր,  1998-ին՝  Կարեն Դեմիրճյանը, 2003-ին՝ Ստեփան Դեմիրճյանը, իսկ 2008 -ին՝ Լևոն  Տեր -Պետրոսյանը։

 Իշխանության  համար պայքարն ընտրությունների միջոցով  այդպիսով վերածվում է մահապարտների  մենամարտի՝  բառիս  բուն իմաստով, քանի որ  իշխանությունը հասկանում է, որ  եթե պարտվի,  ապա կգա իր վերջը։ Ընդդիմությո՛ւնն  էլ  է   դա  հասկանում։

Մինչ  2008-ի ընտրական գործընթացները՝ «ընտրական գիլյոտինը»  չի  խնայել  ոչ մի  ընդդիմադիրի։ Չկարողանալով ապահովել ֆորմալ հաղթանակ՝ հետագայում  նրանք պարտվել են մինչև վերջ և դուրս մնացել քաղաքական դաշտից՝ վերածվելով ախքերի, դհոլների, կամ լավագույն դեպքում՝ քաղաքական թոշակառուի։ Միայն Կարեն Դեմիրճյանը, 1998-ի ֆորմալ պարտությունից հետո, 1999 թ.-ի  խորհրդարանական  ընտրությունների  ժամանակ մնաց ջրի երեսին,   բայց  դա  տեղի  ունեցավ այն   պարզ  պատճառով,    որ  իշխանության  ներսից  Վազգեն  Սարգսյանը  ձեռք  մեկնեց  նրան։  Կարծում եմ, որ տարբեր ժամանակների ընդդիմությունների խաղից դուրս մնալու պատճառներից մեկը հետևյալն է եղել. հակաիշխանական ուժը նշածս բոլոր ժամանակներում ընտրել է «բլից-կրիգի» մարտավարությունը, որը նախընտրական փուլի համար ճիշտ է, սակայն երկարաժամկետ հեռանկարում հանգեցնում է «կոնֆուզի», քանի որ հանրությանը, մինչ այդ, արագ հաղթանակ է խոստացվում։ Այնինչ պետք է ի սկզբանե գաղափարական պայքարի դրոշ բարձրացվի, որը ենթադրում է տևական պայքար, իսկ արդյունքներն արձանագրվում են ուրիշ չափանիշներով և, ի վերջո, ապահովվում է նաև ֆորմալ հաղթանակ։ Ինչևէ։

Լևոն  Տեր-Պետրոսյանը  լավատեղյակ  է   Հայաստանում  տիրող  իշխանության  փիլիսոփայությանը   և  դա  է  պատճառը,   որ  նա ձգտում  է  իրական  արդյունք  ապահովել։ Կհաջողվի՞   դա,  թե՞  ոչ՝ պարզ  կդառնա շատ  շուտով։

 Նկատենք, որ Երևանի  ավագանու ընտրության  արդյունքների ցանկացած   ելքի  պարագայում՝ հետընտրական  զարգացումներ, կարծես,  չեն  նշմարվում, բայց ցանկացած  ելքի պարագայում՝ քաղաքական  լրիվ   նոր  իրավիճակ  է  ստեղծվելու։

Անդրանիկ   Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը