Լրահոս

25.06.2012 16:54


ԵԽԽՎ–ում Նաիրա Զոհրաբյանը խոսել է անհետացող կնիքների և ուռճացված ընտրացուցակների խնդրի մասին

ԵԽԽՎ–ում Նաիրա Զոհրաբյանը խոսել է անհետացող կնիքների և ուռճացված ընտրացուցակների խնդրի մասին

Այսօր ԵԽԽՎ-ում քաղաքական խմբերից մեկում`Լիբերալ-դեմոկրատների ալյանսում, այդ խմբի ներկայացուցիչ եւ ՀՀ խորհրդարանական ընտրությունների դիտորդական խմբի ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնը հանդես է եկել մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ հակիրճ հայտարարությամբ: «Aaravot.am»–ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ իր գլխավորած դիտորդական պատվիրակության զեկույցը վիճահարույց է եղել ՀՀ կառավարության եւ նախագահի համար, նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն է Բյուրոյի նիստում ասել, թե ԵԽԽՎ-ն չպետք է  ընտրությունների հետ կապված զեկույցներ պատրաստի, ու որ դրանով պետք է զբաղվի միայն ԵԱՀԿ-ն: Բարոնուհին հայտարարել է, թե ինքը կտրականապես դեմ է այդ մոտեցմանը:

Խմբում այդ առնչությամբ խոսել է նաեւ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը` ասելով, թե ինքն էլ համաձայն չէ հայաստանյան  ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության հրապարակած զեկույցի հետ:

Ալյանսի պատգամավոր, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը խնդրո առարկային անդրադառնալով ասել է, որ իր կուսակցությունը նախորդ` 2007թ.,  ընտրություններից հետո եղել էր կոալիցիայի անդամ, այս անգամ, ստանալով կրկնակիից առավել շատ  ձայներ` հրաժարվել է մաս կազմել կոալիցիային, եւ հղում է արել միասնական շտաբին մաս կազմող երեք կուսակցությունների հայտարարությանը` նշելով, որ ԵԽԽՎ զեկույցում կան դրույթներ, որոնց հետ այս երեք ուժերը համաձայն են, մասնավորապես` կրկին շեշտելով անհետացող կնիքների հետ կապված խնդիրը, ինչի մասին իրենց զեկույցում արձանագրել էին նաեւ Էմմա Նիքոլսոնի գլխավորած դիտորդական պատվիրակության զեկույցում, խոսել է ուռճացված ընտրացուցակների մասին` նշելով, որ սրա վերաբերյալ զեկույցում առկա նաեւ այս մտահոգության հետ համաձայն են: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե այսուհետեւ ԵԽԽՎ-ն չպետք է ընտրությունների հետ կապված զեկույցներ հրապարակի, ապա Նաիրա Զոհրաբյանը փոխանցել է այդ առնչությամբ ԲՀԿ-ի տեսակետը. այն է` ԲՀԿ-ն համաձայն չէ այդ դիտարկման կամ մոտեցման հետ:

«Թեեւ չեմ կարծում, որ ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այդ ձեւակերպմամբ է ասել, այդուհանդերձ, մենք դրա հետ համաձայն չենք, որովհետեւ ԵԽԽՎ-ն պետք է իր անմիջական դիտորդական-վերահսկողական մեռխանիզմները իրականացնի ԵԽ անդամ երկրներում ընթացող ընտրական գործընթացների նկատմամբ»:

Բարոնուհին նաեւ անդրադարձել է այն հայտարարություններին, թե ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ զեկույցն այլ կամ հակառակ շեշտադրումներ է ունեցել.

«Ուզում եմ ասել, որ մեր եւ ԵԱՀԿ-ի զեկույցը պետք է դիտարկել մի ամբողջության մեջ, որովհետեւ մենք շատ ակտիվ համագործակցել ենք ԵԱՀԿ-ի հետ, եւ եթե ուշադիր կարդաք ԵԱՀԿ-ի եւ մեր զեկույցը` կտեսնեք, որ ԵԱՀԿ-ինը մեր զեկույցի ավելի խտացված տարբերակն է: Այնպես որ, դրանք իրար  հակասել չեն կարող»:

Այս խորագրի վերջին նյութերը